կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 13:32
Քաղաքական

Կսկսվեն մեծ խոչընդոտներ, կխախտվի հրադադարը. Լարիսա Ալավերդյան

Կսկսվեն մեծ խոչընդոտներ, կխախտվի հրադադարը. Լարիսա Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը միջազգային արձագանքին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Նրա խոսքով՝ 1995-ին ՄԽ համանախագահներին տրված մանդատով` նրանք պարտավորվում են համատեղ ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմի ամրացման ուղղությամբ:

«Դա նրանց պարտավորությունն էր: Չեմ ընդունում ՄԽ ռուս համանախագահ Պոպովի այն հայտարարությունը, թե իրենց մանդատը չէ` որոշել, թե ով է նախահարձակ եղել: Պետք էր այնպիսի մեխանիզմներ բերել, որ հրադադարի ռեժիմն ամրանար, սա է, որ չի արվել: Այդ մանդատը լիարժեք չի իրականացվել: Մենք ոչ թե մտել ենք կարգավորման փուլ, այլ մենք դեռ նախնական փուլում ենք»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` Հայաստանը չպետք է համաձայնի ՄԽ հայտարարությունների հետ, երբ նա փորձում է արդյունքներ ներկայացնել: Պետք է պահանջել ՄԽ-ից, որ գնահատական տան Ադրբեջանի վայրագ գործողություններին:

«Մեզ չպետք է հիմարացնեն, դա է հարցը, նրանք ամեն ինչ լավ գիտեն, մեզ փորձում են չհասկացողի տեղ դնել:  Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու, պարզապես ասում ենք` մեզ մի' պարտադրեք այն, ինչը մենք չենք պատրաստվում  ընդունել: ՄԽ համանախագահները Երևանում  պահանջում էին այն, ինչի իրավունքը չունեն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ, իր կանխատեսմամբ, կսկսվեն մեծ խոչընդոտներ, կխախտվի հրադադարը,  որովհետև այս հրադադարի պայմանավորվածությունը ավելի ուժեղ չէր, քան 1994թ. կնքված զինադադարը: Ըստ Ալավերդյանի` Հայաստանը միջազգային հարթակներում հսկայական աշխատանք ունի անելու, և այդ աշխատանքը պետք է սպասել ոչ թե ՀՀ ԱԳ նախարարից, այլ ՀԿ-ներից, քաղաքացիական հասարակությունից:

«Միշտ և բոլոր պարագաներում առաջին հարվածն ընդունում է հայությունը, երկրորդ հարվածը ընդունում է հայությունը, երրորդ հարվածը ընդունում է հայությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: