Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համաձայն չէ պնդումներին, թե Փաշինյանի կառավարության ծրագիրը երբևէ ԱԺ-ում ամենաբուռն քննարկումների ենթարկված փաստաթուղթն է:
«Ես պատգամավոր եմ եղել և կարող եմ վկայել, որ 2-3 անգամ եղել է այնպես, որ բյուջեի նախագիծը, օրինակ, 1-2 ձայնի առավելությամբ է անցել, ոչ թե եղել է այն պատկերը, ինչ տեսանք օրեր առաջ: Թող չսովորեցնեն նրանց, ովքեր ճանապարհ են անցել: Եվ այնպիսի հարվածներ, ինչպիսին «Իմ քայլը» դաշինքը ստանում է իր իսկ պատգամավորներից, որևէ մեկը չի կարող հասցնել»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ինքն այն մարդը չէ, որը շատ կարճ ժամանակում կրկին իշխանափոխություն է ուզում, այլ ցանկանում է, որ գործող իշխանությունը և դրա ներկայացուցիչները վերջապես գիտելիք ձեռք բերեն, մյուս կողմից էլ հասկանում է, որ այլևս սպասել հնարավոր չէ, ժամանակը վատնվում է:
Yerkir.am-ի հարցին՝ կառավարության ծրագրում որքանո՞վ են ամրագրված Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունները, և, առհասարակ, ինչպիսի՞ ծրագիր ունենք, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Այնտեղ այնքան հեղհեղուկ է ամեն ինչ, ես սա ընդունում եմ որպես նախածրագիր, այսինքն՝ ակնկալում եմ, որ առնվազն գալիք փաստաթղթերի մեջ, գործողությունների ծրագրում ինչ-որ բան կլինի: Այն, ինչ կա, հռչակագրային է և 5 տարվա ծրագիր չի կարելի համարել, ես համաձայն չեմ: Պատգամավորներից մեկն ասել է՝ չկա մի տեղ, որտեղ կասվի, թե ինչպիսին պիտի լինի կառավարության ծրագիրը: Նրանց ասել ենք՝ նման փաստաթուղթ կա՝ 2015-ին կառավարությունը հատուկ այս դեպքերի համար է ընդունել, որ չասեն, թե չկան գոնե սկզբունքներ: Հիմա նրանք այդ սկզբունքներին ծանոթ չեն, ուստի թույլ են տալիս իրենց ասել, որ չկա: Երեկ էլ «Վեմ» ռադիոյով Վարազդատ Կարապետյանն ասում է՝ «կառավարության ծրագիրը և վարչապետի ճառերը պետք է միասնական նայենք` որպես ծրագիր»: Այս պատգամավորը չի պատկերացնում՝ ծրագիրը օրենք է, բայց վարչապետի ճառն օրենք չէ: Ահա այսպիսի պատգամավորական ելույթից հետո հասկանում եմ, որ պատկերացում չունեն: Իմ ուսանողը, որ պատկերացում չունի, ես չեմ քննադատում, հետը պարապում եմ»: