կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 16:06
Քաղաքական

Դրանք կանխարգելիչ միջոցառումներ էին. Վահրամ Բաղդասարյանը` Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունների մասին

Դրանք կանխարգելիչ միջոցառումներ էին. Վահրամ Բաղդասարյանը` Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունների մասին

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ խմբակցություններն անդրադարձել են Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին:


«Ես որևէ մեկ անգամ դեմ չեմ եղել, որ եթե ապրիլի 24-ի միջոցառումներին խանգարող, սադրիչ գործողություններ լինեն, ապա պետք է դիմել կանխարգելիչ գործողությունների»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ այս ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից հնչեցվել են ագրեսիվ հայտարարություններ, սադրիչ գործողությունների մասին հայտարարություններ, ահա, թե ինչու իրավապահ մարմինները դիմել են կանխարգելիչ գործողությունների:


Պատգամավորը կարծում է, որ երբ հրահրումներ ու բախումներ են լինում, դրանք միշտ չէ, որ նախապես կազմակերպված են լինում, իսկ ապրիլի 24-ի օրը, երբ դրսում կլինեն հազարավոր հայեր, և Հայաստանում կլինեն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ,  հեշտ կլինի սադրանքներ իրականացնել:


«Ես դեմ չեմ, որ նման տիպի մարդկանց այս ընթացքում մեկուսացնեն հանրությունից»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:


Հարցին, թե ի՞նչ մեղադրանքների հիման վրա են նրանց ձերբակալել, նա պատասխանեց, որ իրավապահ մարմիններն արդեն հնչեցրել են հիմնավորումները, իսկ ինքը չի ցանկանում ո'չ դատավորի, ո'չ էլ մասնագետի դերում հանդես գալ:


Լրագրողները հարցրեցին` եթե ապրիլի 24-ի տարելից կա, ուրեմն քաղաքացիներն իրավունք չունե՞ն որևէ քաղաքական ակցիա իրականացնելու: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքացիներն իրավունք ունեն ցանկացած ակցիա իրականացնելու, բայց նման լոզունգներով, որոնք միտված են ապրիլի 24-ի միջոցառումները խոչընդոտելուն և անձնական նպատակներին ծառայեցնելուն, չգիտեմ, որ կգտնվի մեկ հայ, որ դրան կողմնակից կլինի: Չէի ուզենա, որ այդ օրը Հայաստան եկող օտարերկրացիները մտածեն, որ իրենց անվտանգությունն ապահովված չէ»: