կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 17:29
Քաղաքական

Տեղյակ ենք եղել, որ Ծառուկյանը վերադառնալու է. Վահրամ Բաղդասարյան

Տեղյակ ենք եղել, որ Ծառուկյանը վերադառնալու է. Վահրամ Բաղդասարյան

Երեկ տեղի ունեցան ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը, որտեղ Սերժ Սարգսյանը գնահատականներ տվեց երկրում կատարվող քաղաքական իրադարձություններին:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ ՀՀԿ-ն օրենսդիր և գործադիր մարմիններում իր թեկնածուներին առաջադրելիս հաշվի է առնելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները, այլ ոչ թե` հավակնությունները:

ՀՀկ խմբակցության ղեկավարից փորձեցինք ճշտել` արդյո՞ք նախագահի այս ձևակերպումը նշանակում է, որ ՀՀԿ-ում «մականունավորներ» և օլիգարխներ այլևս չեն լինի: Ի պատասխան Բաղդասարյանը նշեց, որ եթե մարդիկ մանկուց մականուն ունեն կամ եթե գործարար են, չե՞ն կարող երկրի շենացման համար գործունեություն ծավալել:   

Հարցին` նախագահը նշել է, թե նեղացածներ չպետք է լինեն, Հովիկ Աբրահամյանը, ով դուրս եկավ ՀՀԿ-ից, հիմա նեղացա՞ծ է, թե՞ ոչ, նա արձագանքեց. «Այդ հարցի պատասխանը կտա Հովիկ Աբրահամյանը: Ես նրա հետ ունեմ մտերմիկ հարաբերություններ և նեղացվածության որևէ դրսևորում չէի նկատում նրա մոտ, դա նրա որոշման խնդիրն է և նրա քաղաքական ճակատագիրը»:

Ըստ Բաղդասարյանի` նախագահի այն ձևակերպումը, թե այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են, դա կոնկրետ անձի չի վերաբերել: «Երբ երկար տարիներ, միասնական մի խմբավորման մեջ լինելով, մի նպատակին ծառայող մարդիկ առանձնանում են, այդ երևույթն այնքան էլ ընդունելի չի եղել, և կյանքը ցույց է տվել, որ, այո, մեծ թիմից անջատվողը վտանգի տակ է: Դա մեկ անձնավորության չի վերաբերում, խոսքը ընդհանուր երևույթի մասին է»,- ընդգծեց ՀՀԿ-ականը:

Ինչ վերաբերում է ստեղծվող դաշինքներին, որոնց մասին նախագահը նշել էր, թե խորհրդարան անցնելուց հետո կարող են կուսակցություններ դառնալ, Բաղդասարյանը նշեց, որ  միշտ դեմ է եղել, որ, առանց գաղափարական հենքի, առանց համահունչ ծրագրերի, դառնան կուսակցություն: «Չեմ կարող ասել` հիմա այդ մեկ նպատակը գաղափարական հենքի վրա՞ է, թե՞ ուղղակի խորհրդարան անցնելու 7 տոկոս շեմը հաղթահարելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ համաձայնեցված է վերադարձել քաղաքականություն, իսկ նախագահը նշում է, թե ինքը չի ողջունում Ծառուկյանի վերադարձը, Բաղդասարյանը նշեց, որ  տեղյակ լինելը և համաձայնեցվածը տարբեր են: «Տեղյակ ենք եղել, որ վերադառնալու է, դա նույնպես համաձայնեցվածություն է: Համաձայնեցված` չի նշանակում, որ ողջունում ենք, այսինքն` տեղյակ ենք եղել»,- ասաց նա:

Հարցին`ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալուն, Բաղդասարյանը պատասխանեց, թե խորհրդարանական ընտրությունները կտան դրա գնահատականը: