կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 14:45
Քաղաքական

Մեր կանխատեսածից մի քանի տոկոսով ավելի բարձր են եղել արդյունքները. Վահրամ Բաղդասարյան

Մեր կանխատեսածից մի քանի տոկոսով ավելի բարձր են եղել արդյունքները. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով  լրագրողների  հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, փաստորեն, չի հաղթահարել սահմանված շեմը, և պետք է դաշինքներ լինեն, քննարկումներ կա՞ն նման պայմանավորվածությունների շուրջ, ասաց. «Ես խնդրում եմ չշտապել: Պաշտոնական տվյալները կլինեն, և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ»:

Հարցին` իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի՞, պատասխանեց. «Մենք որևէ բան չենք բացառում, բայց, համենային դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է իշխանության հետ դաշինք կազմելու: Մենք խտրականություն չենք դնում, թե ում հետ դաշինք կկազմենք, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ: Որոնց հետ մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, մենք պատրաստ ենք դաշինք կազմել»:

Խոսելով ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին՝ Բաղդասարյանն ասաց. «Մենք հասկացանք, որ խորհրդարանական համակարգն արդարացված է մրցակցային պայքարում, և տեսաք, թե որակական տեսանկյունից ինչպիսի արդյունքներ գրանցվեցին: Նաև մի քանի տոկոս մեր կանխատեսածից ավելի բարձր է եղել, նախօրոք մենք համեստություն էին անում: Վանաձորում մենք կանխատեսում էինք 35 տոկոս: Ավելի մրցակցային էր Գյումրին, այնտեղ պարզապես քիչ կուսակցություններ հաղթահարեցին շեմը` ընդամենը չորս կուսակցություն»:

Բաղդասարյանն անդրադարձավ Սամվել Բալասանյանի այն դիտարկմանը, թե պասիվություն է նկատել՝ ընտրողների մասնակցության առումով: «Ասեմ, որ ակտիվությունը բավականին ցածր է եղել, և միայն պարոն Բալասանյանը չէ, որ բողոքել է ակտիվությունից: Դրանից մենք պետք է հետևություններ անենք»,- ասաց նա:

ՀՀԿ-ականի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքերը բավարար են:

Հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում, որ կարողանում է այդպիսի արդյունքներ արձանագրել, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից: Հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս` այս ընտրությունները, նաև` Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների: Դժգոհ մասսան կա, և դրանից ՀՀԿ-ն պետք անի հետևություններ: Իրոք, ունենք պրոբլեմներ, և մեր որդեգրած ճանապարհը, հապաղելու ճանապարհ չունենալը գալիս է նրանից, որ մենք հաշվի ենք նստում այդ բողոքող մասսայի հետ, որոնց բողոքներ մի մասն արդարացված է»:

Բաղդասարյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի մասին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը շատ ազնիվ ձևով ասում էր, որ շատ ծանր պարտություն են կրել և պետք է անեն հետևություններ: Ես` որպես քաղաքական գործիչ, անընդհատ քննադատել եմ, որ այսքան քաղաքական ուժեր, որ անընդհատ ասում են, թե ՀՀԿ-ն իրեն սպառել է, ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուներ չէին ունենում: Այս ընտրություններում բավականին ակտիվություն կար»: