կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 15:24
Քաղաքական

Այն ժամանակ Ծառուկյանը հեղափոխական կոչեր էր հնչեցնում, իսկ հիմա փորձում է իր տեղը գտնել քաղաքական դաշտում. Վահրամ Բաղդասարյան

Այն ժամանակ Ծառուկյանը հեղափոխական կոչեր էր հնչեցնում, իսկ հիմա փորձում է իր տեղը գտնել քաղաքական դաշտում. Վահրամ Բաղդասարյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը գնահատականներ է տվել երևույթներին` տվյալ ժամանակահատվածի համար, այլ ոչ թե` անձերին: Հիմա Գագիկ Ծառուկյանը որոշել է քաղաքականության մասնակցել սահմանադրական ճանապարհով, մինչդեռ նախկինում նա հեղափոխական կոչեր էր հնչեցնում, մարդկանց ուզում էր փողոց հանել իշխանափոխության համար, ինչը, ըստ Բաղդասարյանի, միտված էր ներքաղաքական կայունության խաթարմանը:

«Եթե դուք հիշեք, թե ինչպես էր հանդես գալիս նա այն ժամանակ և ինչպես է հանդես գալիս հիմա, դրանք տարբեր երևույթներ են: Հիմա նա ցանկություն ունի ընտրական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով իր տեղը գտնել քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Հարցին, թե այսուհետ հրաժարվելո՞ւ են մականունով դիմել Գագիկ Ծառուկյանին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ չի ցանկանում նման հարցերի պատասխանել, և որ Գագիկ Ծառուկյանը իր ընկերն է, իսկ իր ընկերներին ինքը որակումներ չի տալիս: «Ձեր նշած գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյան է»,- ասաց նա:

Հարց հնչեց, թե ի՞նչ երաշխիք կա, որ Գագիկ Ծառուկյանի հասցեին այլևս սուր ելույթներ չեն լինի: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նախ` ես դեռ չեմ տեսել` ԲՀԿ-ն հայտ ներկայացրե՞լ է այս ընտրություններին մասնակցելու,  կարող է այլ ֆորմատով է ներկայանալու, ինչևիցե: Թե հետո ի՞նչ զարգացումներ կլինեն, մենք կտանք մեր գնահատականմը, բայց առայժմ ամեն ինչ գնում է հանգիստ ու սահմանադրական ճանապարհով»,- ասաց նա: