կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 17:30
Հասարակություն

Ընտրել ենք շատ հարմար և նպատակային թեկնածու. Վահրամ Բաղդասարյան

Ընտրել ենք շատ հարմար և նպատակային թեկնածու. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ-ն քննարկում է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և նշեց, որ Գևորգ Կոստանյանի թեկնածությունն ընտրել են՝ հաշվի առնելով նրա բազմափորձ կենսագրությունը:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրեց, քանի որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրա թեկնածությունն առաջադրել էր ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար:

Բաղդասարյանը նշեց, որ ճանաչում է Կոստանյանին որպես բարձր պրոֆեսիոնալի: «Ընտրել ենք շատ հարմար և նպատակային թեկնածու: Ինձ թվում է՝ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար պետք է սկզբունքայնություն, և Կոստանյանն ունի այդ սկզբունքայնությունը։ Նա սկզբունքային անձնավորություն է»,- ասաց նա և առաջարկեց գաղտնի քվեարկության դնել ու կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Իր ելույթում Կոստանյանն ասաց, որ իր անցյալի մի մասն անցել է արդարադատության նախարարությունում, և օրենքների մշակումն իրեն հոգեհարազատ է։ «Մարդու իրավունքների տեսակետից` իմ ամբողջ կենսագրության ընթացքում ես զբաղվել եմ բացառապես մարդու իրավունքների պաշտպանության, այդ իրավունքների ամրապնդման հարցերով և ուզում եմ առանձնացնել իմ` ՀՀ ներկայացուցիչ լինելը Եվրոպական դատարանում: Դա պետական գործառույթ է ենթադրում, և պատկերավոր ասեմ՝ ես պետության փաստաբանն եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով` թեև այնտեղ ինքը պաշտպանում է պետության շահը, բայց միաժամանակ երկրի նախագահին, վարչապետին, ՍԴ-ին, խորհրդարանին ներկայացնում է այն թերությունները, որոնք շտկման ենթակա են:

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ օրենքներ ընդունվել են հենց իր առաջարկությամբ: «Ես այն համոզման եմ, որ պետական ամբողջ ապարատը գործում է բացառապես մարդու իրավունքների պաշտպանության, երաշխավորման և ապահովման նպատակով, ու արդյունավետության չափման միավորը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության վիճակն է: Իմ կարծիքով՝ ես կփորձեմ այս պաշտոնում ընտրվելու դեպքում այդ գործիքակազմը կիրառել և գործադրել այդ ուղղությամբ»,- ասաց Կոստանյանը և ավելացրեց, որ չընտրվելու դեպքում էլ իր գործունեությունը նույն ոգով շարունակելու է: