Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«ԱԺ ուժերի հետ եկել էինք կոնսենսուսի, որից հետո եղան ընտրություններ, որի արդյունքները բոլորին ուրախացրել էին` թե' միջազգային կառուցյներին, թե' խորհրդարան անցած ուժերին. ուժերը, բացի մեկից, չէին բողոքարկել ընտրությունների արդյունքները»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենք որևէ քննարկումից չեն խուսափի և պատրաստ են քննարկել ԸՕ-ի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան աշնանը, և հարցին` ինչպե՞ս է պատկերացնում, ընտրությունները պե՞տք է տեղի ունենան աշնանը, Բաղդասարյան պատասխանեց, որ այն, ինչ վերաբերում է Սահմանադրությանը, իրենք պատկերացումով առաջ չեն շարժվում: «Մենք շարժվում ենք Սահմանադրությամբ: Արտահերթ ընտրությունների համար հիմա փաստաթուղթ բերված չէ քննարկման: Չկա փաստաթուղթ, չկա քննարկում, կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում: Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի ընտրություններին: Եթե ես որևէ այլ կարծիք հայտնեմ` կնշանակի մեկնաբանում եմ Սահմանադրությունը»,- ասաց նա և կրկին նշեց, որ կլինի քննարկում, իրենք կմասնակցեն այդ քննարկումներին, բայց Հայաստանը պետք է շարժվի բացառապես Սահմանադրությամբ:
Պատգամավորը հավելեց, որ չի տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն: «Այլ խնդիր կլիներ, եթե մենք խոչընդոտեինք կառավարությանը: Մենք պետք է օժանդակենք նրանց այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի անվտանգությանը, զարգացմանը: Այս պարագայում չգիտեմ` ինչն է դրդապատճառը, որ գնան խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ ԱԺ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել` առանց խոչընդոտելու կառավարության աշխատանքներին: «Նիկոլ Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթում որևէ շեղում չկար մեր ծրագրային դրույթներից»,- հավելեց նա: