կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 14:10
Քաղաքական

Օրերը և ժամերը որոշում ենք մենք, հրատապության որևէ անհրաժեշտություն չկա. Վահրամ Բաղդասարյան

Օրերը և ժամերը որոշում ենք մենք, հրատապության որևէ անհրաժեշտություն չկա. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը վստահ է` ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ համակարծիք չէ, թե Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո որոշվեց ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը քննարկել ԱԺ արտահերթ նիստում:

«Օրերը և ժամերը որոշում ենք մենք, և հրատապության որևէ անհրաժեշտություն չկա: Ինքներդ էլ ականատես եք, որ այստեղ, բացի հայկական շահերից, այլ բան չկա: Կան մարդկային խմբեր, որոնք ցանկանում են շեղում մտցնել, բայց չի ստացվի: Սա համաձայնագիր է՝ ի շահ Հայաստանի, և նման պայմանագրի վավերացումն անհրաժեշտություն է»,- ասաց Բաղդասարյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է, նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ հաղթելու վստահությամբ է մասնակցում ընտրական գործընթացներին: «Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդի, որը գնում է ընտրության, բայց հաշտված է պարտության հետ: Բնականաբար, իշխող քաղաքական ուժը, որն այս պահին մեծամասնություն է և էապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերից, չպետք է ունենա պարտվողական տրամադրություն: Անգամ մարդ-կուսակցությունները, որոնք փորձ են անում մասնակցել ընտրություններին, իրենց մեջ ունեն հաղթելու վստահություն. եթե առանց վստահության գնա, ապա դա պայքարի վերջն է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: