Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և այն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ վարչատարածքային բարեփոխումների գործընթացը կառավարությունն արդեն սկսել է, այն ներկայացվել է հանրային քննարկման, կան տասնյակից ավելի նախագծեր, որոնք համարել են պիլոտային նախագծեր, մասնավորապես` Դիլիջանի, Թումանյանի, Տաթևի համայնքներն ունեն բոլոր ընթացակարգերով ձևավորված նոր ՏԻՄ:
«ԱԺ-ին ներկայացրել ենք վարչատարածքային բարեփոխումների նոր փաթեթ, որոնք ընդգրկում են Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի եւ Սյունիքի` թվով 118 համայնքներ, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Այդ փնջերը ձևավորվելու են հետևյալ կազմերով` ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ՝ Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սիփան (թվով 11) ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ՝ Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Սադունց, Վարդաբլուր (թվով 11) ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր (թվով 9). ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար (թվով 11). ՀՀ Շիրակի մարզի Արփի՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ (թվով 9). ՀՀ Շիրակի մարզի Սարապատ՝ Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար (թվով 15) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10). ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն (թվով 13). ՀՀ Սյունիքի մարզի Գորայք՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան (թվով 4). ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7). ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ (թվով 5). ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ Ջերմուկ, Գնդևազ, Կարմրաշեն, Հերհեր, (թվով 4): ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ՝ Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս (թվով 9):
Խոսելով այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորցումը, Վաչե Տերտերյանը նշեց, որ ՏԻՄ համակարգն ունի իր առջև դրված խնդիրներ, լիազորություններ, ռեսուրսներ, այսինքն` դասական իմաստով իրենից ներկայացնում է կառավարման համակարգ: 1995-96թթ. Հայաստանն ունեցել է վարչատարածքային բաժանում և համապատասխանել է այն ժամանակվա մարտահրավերներին ու պահանջներին: Սակայն հիմա ստեղծվել է բոլորովին այլ իրավիճակ, նոր տնտեսական իրավիճակ, նոր զարգացումներ, այսինքն` վարչատարածքային բաժանումները ենթակա են որոշակի փոփոխության և ներդաշնակեցման:
«Համոզված ենք, որ ՏԻՄ ներկայիս մասնատվածությունը բերում է նրան, որ կառավարման արդյունավետության առումով որոշակի խնդիրներ են առաջանում: Ունենք մասնատված բյուջեներ, ռեսուրսներ, արդյունքում` կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներ են առաջանում: Ահա թե ինչու առաջարկվում է իրականացնել վարչատարածքային բարեփոխումներ»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով` համայնքների բնակիչների ներկայացուցիչների հետ եղել է երկու հանդիպում-քննարկում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մի շարք անգամներ եղել է այդ համայնքներում, համարյա բոլոր գյուղերում, հանդիպել համայնքապետերի հետ: Քննարկումների ժամանակ լսել են բոլոր մտահոգությունները, սթափ գնահատականները:
«Ավելի լավ է կոլեկտիվ կառավարում իրականացնել` ապահովելով կառավարման ու ռեսուրսների արդյունավետություն, քան փոքր մասնատված ռեսուրսների նկատմամբ իրականացնել կառավարում՝ առաջնորդվելով էմոցիոնալ շարժառիթով, թե` մենք ինքնուրույն ենք, որևէ մեկի հետ հաշվի նստելու խնդիր չունենք»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև ներկայացրեց պիլոտային ծրագրերի արդյունքները` ասելով, որ մրցակցային և որակապես ավելի լավ ավագանի է ձևավորվել: Ըստ Տերտերյանի` համայնքների խոշորացումը կնպաստի ընտրությունների անցկացման որակական առաջընթացին: Եվ արդեն այդ փորձն օգտագործելով` կարող են դրական փոփոխությունները տարածել նաև մնացած համայնքների դեպքում: