կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 14:28
Տնտեսական

Համայնքների խոշորացման առաջին փորձը կարող է Մեղրիում կատարվել

Համայնքների խոշորացման առաջին փորձը կարող է Մեղրիում կատարվել

Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարեւոր ուղղություն, աշխարհագրորեն, բնական պայմաններով ու ենթակառուցվածքներով` որպես ինքնանույնականացվող տարածք, խոշորացման տրամաբանությամբ` որպես համաչափելի մեկ համայնքի տարածք, եւ տեսականորեն առաջարկություն է եղել, ու քննարկվել է  Մեղրու տարածաշրջանը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը' իր մեջ ունենալով քաղաք Մեղրին, Ագարակը, հարակից բնակավայրերը: Լրագրողներին այսօր այս մասին ասաց  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը' անդրադառնալով դիտարկմանը, որ Մեղրու տարածաշրջանի բնակիչները դժգոհ են, որ Մեղրին, Ագարակը եւ տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում, եւ պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել:

 

Փոխնախարարը խոստացավ, որ երբ նախարարությունը հայտարարի, որ այդպիսի ծրագիր է մտադիր իրականացնել, ապա առաջինը տեղի բնակչությանը կհայտնեն, կգնան, կքննարկեն:

 

«Ոչ մի բան առանց իրենց ցանկության չենք անելու, ոչ մի բան' առանց իրենց հետ քննարկելու: Եթե խոշորացման մասին է խոսքը, ինքնանպատակ չէ այդ ամենը: Եթե մենք համոզված ենք, որ ճիշտ բան ենք անում, ապա կփորձենք տեղի բնակչությանը, ոչ թե ներկայացուցիչներին, այլ բնակչությանը համոզել, որ դա ճիշտ ծրագիր է»,- ասաց փոխնախարարը' հավելելով, որ համայնքների խոշորացումը պիլոտային ծրագիր է, որն այսօրվա կամ վաղվա խնդիր չէ, եւ նման ծրագրի մեկնարկի դեպքում բնակչության դիրքորոշումը հասկանալու համար տեղում հանրաքվե կանցկացնեն ու կպարզեն դիրքորոշումները:

 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին` փոխնախարարը ներկայացրեց, որ տարածքային կառավարման  նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Առաջինը ենթադրում է համայնքների խոշորացում որեւէ ծրագրի, օրինակ` արդյունավետ բյուջետավորման շուրջ: Իսկ վարչականը  ներառում է համանքների միջեւ կարճ հեռավորությունը, բնակիչների համատեղելիությունը եւ այլն:

 

Համայնքների խոշորացման ծրագրով առաջին հերթին պետք է լուծվի փոքրաթիվ' 30, 40, 50  բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը: «Դոտացիան գնում է «չեղած» համայնքի եղած աշխատակազմի պահպանմանը, ինչը նոնսենս է: Երբ այդքան խոսում ենք համայնքների խոշորացման մասին, դրանով, առաջին հերթին, կազմակերպչական իմաստով պետք է այդ խնդիրը լուծվի: Չի կարող լինել համայնք, որը մշտական բնակչություն չունի, կամ տարվա մեծ մասն այնտեղ մշտական բնակչություն չի ապրում, բայց մենք այդ համայնքին տեսնում ենք, այնտեղ աշխատակազմ ենք պահում, եթե նույնիսկ պետք է պահենք, ապա ոչ այն չափով ու ձեւով, ինչ այլ համայքներում»,- ասաց փոխնախարարը:

 

Նշենք, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի համաձայն` ՀՀ համայնքները պետությունից դոտացիաներ են ստանում' աշխատակազմերի պահպանման եւ այլ  համայնքային ծախսեր հոգալու համար: Ու եթե ըմբռնելի է, թե ուր են ուղղվում այդ դոտացիաները թեկուզ 300 բնակիչ ունեցող համայնքների դեպքում, ապա հարց է առաջանում, թե ուր են ուղղվում այդ դոտացիաներով հատկացվող միջոցներն այնպիսի համայքններում, որոնք 15-20 բնակիչ ունեն, քանի որ երկուսն էլ ստանում են նույնչափ դոտացիա:

 

«Դոտացիան գնում է աշխատակազմի պահպանմանը: Հիմնականում այնտեղ փոքր աշխատակազմեր կան. ընտրվում է համայնքի ղեկավար, լինում է քարտուղար' օրենքով նախատեսված, ունենում է հաշիվ, հաշվապահ եւ այլն: Շատ անարդյունավետ, վերջին հաշվով ոչ մի բան չտվող երեւույթ է:  Այդպես է եղել մեր վարչատարածքային օրենքը, եւ մենք խոշորացման ծրագրով փորձում ենք այդ խնդիրը լուծել: Այսինքն` ի՞նչ է լինելու նրանց ճակատակիրը' նրանք ընդգրկվելու են ավելի խոշոր համայնքների կազմում, լինելու են բնակավայրեր այդ համայնքների շրջանակներում, մենք հատուկ գումարներ այնտեղի աշխատակազմերի պահպանման համար, ըստ երեւույթին, չենք ունենալու կամ ունենալու ենք շատ սահմանափակ' ներկայացուցչի մակարդակով: Այս պարագայում կունենանք ավելի արդյունավետ համակարգ, եւ գոնե այդ որակի հարց մեզ չեն տա»,- նշեց Վաչե Տերտերյանը:

 

Լուսանկարը' Panarmenian photo-ի