կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-30 00:20
Արցախ

Ադրբեջանն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի․Լևոն Մնացականյան

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անդրադարձել է սպառազինության և ռազմական հավասարակշռության խնդիրներին։ 

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպառազինության գնումներից անկախ` ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտվել ու չի խախտվելու։  Բալանսը խախտված է եղել 1992 թվականին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում չկարողացան կատարել
իրենց առջև դրված խնդիրները:

«Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին։Փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի, ինչում համոզվեցինք նաև 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ»,- ասաց նա։

Լևոն Մնացականյանը նշեց, որ ապրիլին հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Սակայն հակառակորդն ունեցել է ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա հուշում է, որ չնայած ձեռքբերումներին, այնուամենայնիվ, իրենք խնդիր ունեն կիրառման ու այդ տեխնիկայի յուրացման առումով։

Ըստ նախարարի,   մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են զինատեսակը արդյունավետ կիրառել:

2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակը, այսպես կոչված, էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից միայն 400-ից ավելի զոհ է ունեցել։

«Իրենց դիակները, որ փոխանակել ենք, եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել` «Յաշմա»-ի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը: Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում և ոչնչացվել է: Այսինքն՝ բրիգադան լրիվ կազմով ընդգրկված է եղել հյուսիսային ուղղության մարտական գործողություններում: Չնայած` իրենք հայտարարում են, որ չեն հարձակվել»,- ասաց պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով` այսօր Ադրբեջանում իրականացվում են հատուկ նշանակության բրիգադի վերականգնողական աշխատանքներ։ Դրանք անցկացվում են զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկ ջոկատայիններ, աշխատում են, որպեսզի վերականգնեն։ Սակայն նախարարը չի կարծում, որ նման կորուստներից հետո, մոտ երկու տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է  ուշքի գալ: Եթե անգամ ուժերը համալրեն, դեռ հարց է՝ ի վիճակի կլինե՞ն լուրջ խնդիրներ լուծելու։

 Լևոն Մնացականյանը խոսելով շփման գծի երկայնքով տարվող ինժեներական և կահավորման աշխատանքների մասին, նշեց, որ իրականացվել են հսկայական ծավալի աշխատանքներ թե առաջնագծում, թե կրակային դիրքերում, թե կենտրոնացման շրջաններում՝ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ուշադրության կենտրոնում եղել են առաջնային գիծն ու հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ

ծածկեր, բարելավվել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները։Բարձրացվել է առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը։

«Առաջնագծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից։ Վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել։ Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ»,- ասաց  ՊԲ հրամանատարը։

 Փորձել են հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների և կրակային խոցման միջոցների ուղղությամբ։ Եվ եթե նախկինում սահմանափակ պայմաններում կային խնդիրներ, ապա հիմա վստահ կարող են ասել, որ անկախ կրակային միջոցից, բոլոր պայմաններում, կարող են  արդյունավետ կրակ վարել: Բացի դրանից, ավելացրել են ղեկավարման հնարավորությունները,  ձեռք են բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ` կրակային: Իրականացվել են այդ բոլոր միջոցների փորձարկումներ, որոնց արդյունքները հուսադրող են, արդյունավետ են։

Պաշտպանության բանակի հրամանատարն ընդգծել է`հատկապես ուշադրություն է դարձվել հակառակորդի գործողությունների վաղ հայտնաբերման միջոցների վրա։ Դա, ըստ նախարարի, առաջնային գծում զինծառայողների անվտանգության ապահովման հիմնական նախապայմաններից մեկն է, և արդեն հնարավորություն ունեն  նախօրոք իմանալ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, կրակային դիրքերի տեղակայման վերաբերյալ։

Ձեռք են բերվել արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ։ Արցախի ՊԲ-ն ունի խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չեն եղել, կան  ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որը նախկինում ունեցել են, բայց ոչ բավարար մակարդակով, ձեռք ենք բերել նաև արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ: Իրականացվում է անձնակազմի ուսուցում՝ կիրառման հետ համահունչ օգտագործելու համար։