կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 15:04
Տնտեսական

Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը չի աշխատի. Գագիկ Մակարյան

Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը չի աշխատի. Գագիկ Մակարյան

Կառավարության աշխատակազմի և Եվրաբանկի փորձագետների համատեղ ուժերով մշակվել է «Գործարար շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, որն արդեն ուղարկվել է տարբեր նախարարություններ ու գերատեսչություններ՝ կարծիքներ ստանալու համար:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն արդեն ծանոթացել է օրենքի նախագծին ու հիմնավորումներին, և կարծիքը բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու մասին բացասական է:

Հիմնավորելով իր դիրքորոշումը` Գագիկ Մակարյանը նշեց, որ այդ ինստիտուտը լրացուցիչ խորհրդի դեր ունի` օժտված օմբուդսմենի կարգավիճակով, սակայն Հայաստանում այդ ինստիտուտը չի աշխատելու մի քանի պատճառներով: Նախ` Հայաստանում արդեն իսկ կան կազմավորված մի քանի խորհուրդներ, որոնց աշխատանքի արդյունավետությունը ցածր է, և ժամանակի ընթացքում այդ արդյունավետությունը պետք է բարձրանա: Այդ թվում` ՓՄՁ ոլորտում կա խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կա արտահանման խորհուրդ, կանանց ձեռնարկատիրության աջակցման խորհուրդ, արդյունաբերական խորհուրդ, այսինքն` կան բազմաթիվ խորհուրդներ, որոնք իրենց մանդատում ունեն գործարար շահերը պաշտպանելու գործառույթ:

«Եվ հիմա ստեղծել մի նոր խորհուրդ, որը պիտի փորձի գտնել խնդիրներն ու պաշտպանել շահերը, դա վատ կաշխատի, որովհետև եղածները եթե դեռ պետք է ուժեղանան, ուրեմն ի՞նչ երաշխիք կա, որ այդ նոր խորհուրդը կաշխատի»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում թեև փոքր-ինչ բարելավվել է, բայց ձեռնարկատիրական ոլորտում այդ իրավունքների պաշտպանությունը դեռ վատ փուլում : Ըստ Գագիկ Մակարյանի` տեսչական բազմաթիվ մարմինները դեռ հալածում են, ՓՄՁ ոլորտում դեռ կա իրավագիտակցության ցածր մակարդակ, և նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները դատարաններում` դարձյալ կոռուպցիայի պատճառով:

Գագիկ Մակարյանը վստահեցրեց, որ ձեռնարկատերերի մեծ մասը վախենում է իր պրոբլեմների մասին բարձրաձայնել` վախի, կոռուպցիայի ու շահերի բախման պատճառով, որովհետև նույն պետական մարմինները կարող են հալածել նրանց` այդ խնդիրը բարձրաձայնելու համար: Ուստի չկա երաշխիք, որ օմբուդսմենը հարցը կլուծի:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ եթե դատարանները ազնիվ գործեին, ապա բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու հարց չէր առաջանա: Մյուս կողմից էլ` բիզնես-օմբուդսմենը չի կարող ունենալ այնքան ռեսուրս, որ կոռումպացված դատարաններում պաշտպանի գործարար շահերը:

«Այդ ինստիտուտը կարող է լինել ձևական կամ լղոզված գործառույթներով, և գտնում եմ, որ այդ ինստիտուտը 80 տոկոսվ չի աշխատի»,- ասաց Գագիկ Մակարյանը: