Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը մտադիր է 2,250 անուն թուրքական ապրանք փոխարինել իրանականով, հետո անցնել Իրանից Հայաստան հումքի մատակարարման․ այս տեղեկությունը հաստատեց Իրանի՝ Առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։
Բանն այն է, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը, և առևտրային կազմակերպությունները խնդիր ունեն այդ ապրանքները այլ երկրների արտադրանքով փոխարինելու։
Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից ներմուծում է 137-268 մլն դոլարի ապրանք, արտահանումը գրեթե զրոյական է։
Իրանի հետ ապրանքաշրջանառությունը թե՛ արտահանման, թե՛ ներմուծման միջոցով է և հասել է 400 միլիոն դոլարի։ Այս թիվը 1 տարում հանգիստ կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա վստահ է, որ Իրանի հետ առևտրի պոտենցիալը իրականում շատ մեծ է։
Սա գնահատելու համար Գագիկ Մակարյանը ոչ մեծ խմբի հետ հունվարի 22-ին մեկնելու է Իրան։ Այցը կազմակերպել է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
Հայաստանի պատվիրակներն այնտեղ հանդիպելու են մի քանի կառույցների հետ՝ այդ թվում պետական մարմիններ, առևտրաարդյունաբերական պալատ և տարբեր արտադրողներ, նաև լինելու են ազատ տնտեսական գոտում՝ տեսնելու, թե ինչպիսի արտադրողներ կան։
«Իրենց տարածքում է գտնվում ազատ տնտեսական գոտին, տարբեր երկրների արտադրողների համար ազատ գոտի է, որում Հայաստանը շատ պասիվ ձևով է հանդես գալիս, բայց հարևան երկրները արդեն ակտիվ գործում են»,-պարզաբանեց Գագիկ Մակարյանը։
Իրանի հետ վստահորեն առևտուր անելու միակ խոչընդոտն, ըստ նրա, այն է, որ վերջին տարիների սանկցիաների պատճառով նրանց ազգային դրամը անընդհատ արժեզրկվում է և ժամանակի ընթացքում կարող են պայմանագրերի արժեքները փոխվել։
«Իրենք շատ մեծ կախվածություն ունեն դոլարի կուրսի արժեքից և, հետևաբար, իրենց տնտեսությունն այդ առումով ունի խնդիրներ, որ կարող են դրանով պայմանավորված գները որոշակիորեն փոխվել։ Դա որոշակի խոչընդոտներ է առաջացրել, և շատերը անտեսել են Իրանի հետ առևտրի հնարավորությունը։ Բայց պոտենցիալը խիստ մեծ է»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Նա նշեց, որ Իրանը ունի որոշակի ոլորտներ, որոնցում բավականին հզոր է․ օրինակ, տարբեր էլեկտրական սարքավորումներ, քիմիկատներ, պլաստմասսայե իրեր, պլաստմասսայի արտադրության համար տարբեր հումքային ապրանքներ, դեղորայք, որոշակի սննդամթերք, գյուղատնտեսական գործիքներ, տեխնիկա, մեքենաշինական տեխնիկա։ Այս ապրանքների մասով կարելի է Իրանի հետ համագործակցել։
Իրանը Հայաստանի համար կարող է նաև հզոր հուքային բազա լինել ավելի մեծ մասշտաբի արտադրություններ կազմակերպելու համար։ Գագիկ Մակարյանը վստահեցնում է, որ իրանական ընկերությունները շատ հետաքրքրված են՝ հիմնադրելու իրենց մասնաճյուղերը Հայաստանում, որպեսզի Հայաստանի միջոցով կարողանան առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների հետ, որովհետև Հայաստանը ունի արտոնյալ կարգավիճակ։
«Այսօր էլ իրանական հումքը որոշակի օգտագործվում է․ օրինակ, շինարարական նյութերի առումով Հայաստանը շատ ակտիվ համագործակցում է Իրանի հետ, համարյա թե նույն համարժեքությամբ, ինչ որ Թուրքիայի հետ, բայց քանի որ Թուրքիայի հետ արդեն դադարեց, ես կարծում եմ, հատկապես շինանյութերի մասով ծանրակշիռ բաժինը արդեն կանցնի Իրանի կողմը»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Գնային առումով էլ վատ չէ Իրանի հետ առևտուրը՝ վստահեցրեց նա։
Գագիկ Մակարյանը, սակայն, նշում է ևս մեկ խնդիր, որը դժվարացնում է փոքր և միջին ընկերությունների առևտուրը Իրանի հետ․ իրանական խոշոր ընկերությունները անգլերենով կարողանում են հաղորդակցվել, այնինչ փոքր ու միջին ընկերությունները հիմնականում լեզվի դժվարություններ ունեն։
«Թուրքական ընկերություններն, օրինակ, կարողանում են հաղորդակցվել անգլերենով, բայց իրանական ընկերությունները այդ դժվարություններն ունեն և անգլերեն էլեկտրոնային նամակագրության, խոսելու, պայմանագրերի, ձեռնարկատիրական մշակույթի առումով դժվարություններ են առաջանում»,-ասաց նա։
Թուրքական ապրանքները փոխարինելու երկրներից մեկն Իրանն է, մյուսը՝ Ռուսաստանը՝ նշեց Գագիկ Մակարյանը։
Տեխնոլորգիական որոշ ոլորտներում՝ հոսքագծեր, սարքավորումներ, թուրքական ապրանքներին կփոխարինի ռուսականը․ ռուսական ընկերությունններ կան, որ էլեկտրատեխնիայի, մեքենաշինության ոլորտում ուժեղ են։
Իսկ ամենաառանցքայինը, նրա համոզմամբ, տեղական՝ հայկական, արտադրությունը զարգացնելն է։
«Մենք անընդհատ մտածում ենք՝ ումով փոխարինելու մասին, բայց ամենալավ տարբերակը ինքներս մեր ապրանքատեսակներով փոխարինելն է։ Ժամանակի ընթացքում որակը կկարգավորվի, որովհետև երբ արդեն սկսենք ապրանքներ չներմուծել, մտածենք՝ տեղում արտադրելու մասին, այդ ապրանքները ժամանակի ընթացքում որակապես և դիզայնով կկարգավորվեն, կհղկվեն, կլավանան»,-ասաց նա։
Եթե մինչև հիմա տեղական արտադրողների մոտ վախ էր առաջացնում թուրքական էժան ապրանքների ներմուծումը շուկա և շատերը չէին գնում տեղական արտադրություն կազմակերպելու ռիսկերին, որովհետև գիտեին, որ մրցակցությանը դժվար թե դիմանան, կամ էլ մեծ քանակներին, էքսպանսիային, ապա հիմա հեշտությամբ կարելի է դրա մասին մտածել։
Գագիկ Մակարյանը վստահ է, որ անգամ 6 ամիս հետո չի կարելի անցնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ազատ առևտրի, ինչի մասին պարբերաբար հայտարարում են մեր պետական այրերը։
«Ես կարծում եմ, պետք չէ դրան անցնել։ Վերջին հաշվով, մենք մեր հպարտությունը պետք է գնահատենք, հարգենք և մեր ազգային ինժեներական միտքը հարգենք, ձեռներեցական հատկանիշը հարգենք։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ շատ ազգերի է սովորեցրել, այլ երկրներում շատ կարևոր արտադրություններ, գյուտեր, մշակութային արժեքներ է ստեղծել, հիմա, չգիտես ինչու, մենք մեզ անօգնական ենք զգում։ Ընդհակառակը, մենք տեղական արտադրության գիծը պիտի տանենք և դրանով ճանապարհը փակենք ոչ ցանկալի երկրների համար»,-վստահեցրեց Գագիկ Մակարյանը։
Աննա Բալյան