կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 15:06
Հասարակություն

"Հայռուսգազարդը" աշխատում է դրամաշորթությամբ ու կեղծ ծախսերով. Գագիկ Մակարյան

"Հայռուսգազարդը"  աշխատում է դրամաշորթությամբ ու կեղծ ծախսերով. Գագիկ Մակարյան

Մինչեւ հիմա բիզնեսի համար  խոչընդոտներ էին ստեղծում տարբեր  ստուգող մարմիններ, կոռուպցիոն ռիսկերը, տեսչությունները կամ օրենքի թերությունները, իսկ այստեղ գործ ունենք միայն տնտեսվարող սուբյեկտի հետ, որը, պարզապես օգտագործելով իր մենաշնորհային վիճակը, այնքան է լկստվել իր կեցվածքի ու պահելաձեւի մեջ, որ արդեն բոլոր չափ ու սահմաններն անցնում էլրագրողներին այսօր ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայռուսգազարդ»-ը չօգտագործած գազի դիմաց գումարներ է գանձել «Ալիշան» ընկերությունից:

 

Նա ասաց, որ այդ գործելաոճը չի համապատասխանում ՀՀ եւ ՌԴ նախագահների հայտարարություններին, որով Հայաստանին մատակարարվող գազի գինն իջեցվեց, հայտարարվեց, թե ինչ հեռանկարներ են բացվում հայ-ռուսական համագործակցության ոլորտում, իսկ «Հառուսգազարդը» իրեն  իրավունք է վերապահում տանել ավելորդ գումարներ, որոնք համարժեք են գազի թանկացման տրամաբանությանը:

 

«Եթե դու խախտումներով ուզում ես ավելի գումար տանել, ապա սա է ստացվում: Ես էլի եմ նշել ու հիմա էլ կնշեմ, որ «Հայռուսգազարդ»-ը ոչ մի կորպորատիվ սոցիալական ծրագիր, ոչ մի բարեգործություն կրթության, տարեցների, հաշմանդամների ոլորտում չի արել: Բացարձակապես միայն իր շահույթի, իր ցանկությունների ու նպատակի համար է աշխատում` դրամաշորթությամբ, կեղծ ծախսեր, ավելորդ ծախսեր ցույց տալով եւ այլն: Միայն ամսական 62 հազար դոլար նրանք իրենց կապի գներն են գրում ու հիմնավորում` որպես ծախսեր, ու դրա դիմաց փորձում են շահույթը արդարացնել»,- նշեց Գագիկ Մակարյանը:

 

Այստեղ, ըստ բանախոսի, անելիքներ ունի նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որովհետեւ «Հայռուսգազարդ»-ն օգտվում է այն  իրավիճակից, որ միայն ինքն է ոլորտում  եւ փորձում է թելադրել պայմաններ:

 

Այս տեսակետին հանաձայն է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: «Ես առանձնապես դառնացած եմ այս վիճակից, քանի որ Հայաստանում գազը թանկացավ ոչ թե այն բանի համար, որ սահմանին գազի գինը բարձրացավ, այլ թանկացավ իբրեւ թե, որ «Հայռուսգազարդի» աշխատակիցների քանակը ոչ բավարար էր, ու նրանք ոչ մեծ աշխատավարձ ստանալու պատճառով չեն կարողանում աշխատել եւ մոտիկ չեն, որպեսզի գնան ու տեղերում ստուգումներ անեն: Գազի գինը բարձրացավ: Թվում էր, թե ստեղծված էին բոլոր պայմանները, որպեսզի նրանք ճիշտ, ժամանակին ամեն ինչ հաշվեն ու տեղը տեղին ներկայացնեն: Իրականում տեղի ունեցավ հակառակը: Այս մոնոպոլ վիճակը, մենաշնորհային դիրքը բերում է նրան, որ ինչ ուզում' անում են»,- ասաց նա` հավելելով, որ այս հարցում մեղքի մի մեծ բաժին ունի  Ռոբերտ Նազարյանի ղեկավարած  հանձնաժողովը: