կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 15:20
Տնտեսական

Բարձր պաշտոնյաների քույրերը, եղբայրները, փեսաներն ու ընկերները ընդգրկված են բիզնեսի մեջ. Գագիկ Մակարյան

Բարձր պաշտոնյաների քույրերը, եղբայրները, փեսաներն ու ընկերները ընդգրկված են բիզնեսի մեջ. Գագիկ Մակարյան

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ գործատուներ միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձավ անցած 9 ամիսների տնտեսական վիճակի ամփոփմանը, նաև` թե ինչ ունենք այսօր ԵՏՄ-ին անդամակցությունից:

Նա նախ նշեց, որ կառավարությունը զգայուն է դարձել` տնտեսական ցուցանիշներ հրապարակելու առումով: «Եկել-հասել ենք տնտեսական աճի չնչին թվերի, և այդ փոքր թվերով ուզում ենք ինքներս մեզ մխիթարել: Եթե հաշվենք, որ ունենք տնտեսական 3,5 տոկոս աճ, ապա Հայաստանի պայմաններում նման փոքր ցուցանիշով մենք ի՞նչ կարող ենք ապահովել. աղքատության և արտագաղթի ցուցանիշները չեն նվազում, գործազրկության տեմպը մնում է նույնը: Խոշոր երկրների համար 1 կամ 2 տոկոս աճը, դա զգալի թիվ է, որովհետև նրանց տնտեսությունները հզոր են, մինչդեռ` Հայաստանի դեպքում դրանք 200-ից 300 մլն դոլարի ցուցանիշ են կազմում` տարվա կտրվածքով: Եվ մեր տնտեսությունում առկա ինստիտուցիոնալ խնդիրները չեն լուծվում»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր տարվա բյուջե նախորդ տարվա բյուջեի որդեգրած ռազմավարության շարունակությունն է, հաջորդ տարվա տնտեսական աճը կկազմի  ավելի քիչ` 2,2 տոկոս, 400 միլիոնի չափ դեֆիցիտ կլինի: «Տնտեսական աճի միայն երկնիշ ցուցանիշը կարող է տեսանելի լինել և ազդեցություն ունենալ,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նա հայտնեց նաև, որ վերջերս մի քանի վերլուծություններ ու հետազոտություններ են իրականացրել, ըստ որի` բոլոր պաշտոնյաների քույրերը, եղբայրները, փեսաներն ու ընկերները ընդգրկված են բիզնեսի մեջ: Այդ մարդիկ աստիճանաբար զավթում են բիզնեսը, դուրս են մնում նրանք, ովքեր բարեկամ, ծանոթ, ընկեր չունեն բարձր պաշտոնյաների շրջանում:

Ըստ Գագիկ Մակարյանի` այդ պաշտոնյաների հետ առնչվող բիզնեսմենները անհավասար պայմաններ են ձևավորում, քանի որ խուսափում են հարկեր վճարելուց: «Նման տնտեսությունը հեռանկար չունի, ստվերում, տարվա կտրվածքով, կա հավաքելու մինչև 1 միլիարդ դոլար, որն այդպես էլ չի հավաքվում»,- ասաց նա:

Միաժամանակ, Գագիկ Մակարյանը նշեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում` ստեղծված վիճակից դուրս գալու, ելքեր փնտրելու համար: Ըստ նրա`  այս տարի որոշակի ակտիվություն կա շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Գագիկ Մակարյանի կարծիքով` կա 2 նախարար, որոնց պետք է հեռացնել աշխատանքից` էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարները: