Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատունակ տարիքի բնակչությունը Հայաստանում 1,7 միլիոնի է հասնում, բայց մեր պետական և մասնավոր ոլորտի գրանցված աշխատողների թիվը, որոնց կառավարությունը ներառել է կորոնավիրուսից տուժածների աջակցության ծրագրերում, մոտ 630 հազար հոգի է, բա այն մնացած 1 միլիոն 100 հազարն ի՞նչ անեն․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ վերլուծելով առաջարկվող փաթեթները։
«Այս 1 միլիոնի մեջ այն մարդիկ են, որոնք մեկնում էին աշխատանքային միգրացիայի այլ երկրներ, որ հիմա չեն կարող գնալ, նրանց էլ պետք է, չէ՞, օգնել ապրելու, աշխատաշուկայում ինտեգրվելու համար։ Մի մասն էլ ինչ-որ ձևով գոյությունը պահում է՝ փողոցում փոքր առևտուր անելով, տներում մասնավոր աշխատանք կատարելով, կարելով, վերանորոգելով, տոնավաճառում կանգնելով․ իբրև աշխատող օրինականորեն ձևակերպված են-ձևակերպված չեն՝ կարևոր չէ արդեն»,-նկատեց նա։
Գագիկ Մակարյանը երկու ճանապարհ է առաջարկում այս մարդկանց ևս ներառելու աջակցության ծրագրեր․ կամ որոշակի ֆիքսված գումարով աջակցել բոլորին՝ առանց բացառության, գոնե նվազագույն աշխատավարձի չափով, որպեսզի նվազագույն պարենային զամբյուղը և կենցաղային ծախսերը ապահովվեն, կամ որոշակի շերտերի բաժանել և աջակցել սելեկտիվ սկզբունքով։
«Հիմա, առաջին շերտի՝ առավել խոցերի ոլորտներում աշխատողների և հղիների համար, ասենք, որոշեց օժանդակություն սահմանել, բայց քանի որ բոլոր ընտանիքները պլանավորված ծախսերից ավելին են անում՝ դեղորայք են գնում, ավելի շատ սնունդ, դա բավարար չէ։ Գոնե փաստացի գործազուրկներին պետք է մի քանի օր ժամանակ տալ ու կոչ անել, որ գնան՝ պաշտոնապես գրանցվեն իբրև գործազուրկ, որ նրանց համար աջակցության ծրագրեր լինեն»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին վճարելու հարցը Աշխատանքային օրենսգրքի երկու տարբեր հոդվածով՝ գործատուն պետության վրա է գցում, պետությունը՝ գործատուի։
Գագիկ Մակարյանի համար լուծումը հստակ է՝ պետությունը աջակցության պորտֆելը պետք է ընդլայներ․ ասենք, անտոկոս վարկերն ավելի զանգվածային բնույթ պետք է կրեին, որ բիզնեսն էլ ասեր՝ քանի որ պետությունը մեզ արդեն օգնել է, գոնե հարկադիր պարապուրդի ժամանակ մեր աշխատակիցներին վճարենք։ Բայց քանի որ պետության օժանդակության ֆիլտրերն այնքան խիստ են, որ բիզնեսների մեծ մասի համար այդ վարկերն անհասանելի են, նրանք էլ հասկանալու են, որ ինքնուրույն են իրենց գլխի ճարը տեսնելու, ուրեմն կօգտվեն օրենքի այն կետից, որը ֆորս-մաժորի դեպքում իրենց ազատում է պայմանագրային պարտավորություններից։ Այս պարագայում արդեն, հարկադիր պարապուրդի մատնված աշխատակցին պահելու պարտավորությունը մնում պետության վրա։ Գագիկ Մակարյանը սխալ է համարում այս դեպքում բիզնեսին ճնշելը և ստիպելը, որ վճարի, քանի որ աջակցության գործիքից օգտվելու հնարավորություն չունենալով, այն կարող է պարզապես փակվել։
Հայաստանի գործատուների միության նախագահի հաշվարկով՝ շատ փոքրաթիվ ընկերություններ կկարողանան դիմել անոկոս վարկեր ստանալու համար․ ֆիլտման մեխանիզմով անցնելով՝ մի քանի հարյուր ընկերություն կստանա 0-ական տոկոս տոկոսադրույքով վարկեր, ևս մի 5 հազար ՓՄՁ կհամապատասխանի չափանիշներին, բայց մենք ունենք 80 հազարի չափ ակտիվ ձեռնարկություններ՝ միկրո, փոքր ու միջին և խոշոր ընկերություններ միասին վերցրած․ «Ասենք թե՝ լավ, 5 հազարն ստացան, բա մնացածի հետ ի՞նչ է լինելու՝ աշխատավարձի ֆոնդը, եկամտաբերությունը, զբաղվածությունը ինչպե՞ս պետք է ապահովեն»։
Կառավարության առաջարկած փաթեթներն այնքան էլ էֆեկտիվ չեն՝ արձանագրում է Գագիկ Մակարյանը․ լավ վարկային պատմություն և լավ հարկային պատմություն ոչ բոլոր ընկերությունները կարող են ցույց տալ՝ հաշվի նելով նաև, որ շատ ընկերությունների ֆինանսական վիճակը օր-օրի, ժամ-ժամի վատանում է, որովհետև պայմանագրեր են խզվում, կամ կախված են ծառայությունների ոլորտից, եկամտաբերություն չկա, մի մասը՝ Ռուսաստան էին արտահանում և դրամի համարժեքությամբ 30-40 տոկոսով եկամուտը պակասել է, որովհետև ռուբլին արժեզրկվել է, հետևաբար այդ ընկերությունների՝ բանկերից վարկեր ստանալու երաշխիքները ամեն օր նվազում են․ «Բանկերը չեն վերցնի իրենց վրա ավելորդ ռիսկեր, փորձելու են փաթեթների պահանջները լիովին կիրառել, հետևաբար, ի սկզբանե կառավարությունը պետք է իմանար, որ ընդամենը մի քանի հարյուր ընկերություն է համապատասխանելու աջակցություն ստանալու չափանիշներին»։
Բացի այս, Գագիկ Մակարյանը նկատում է, որ եթե անգամ բոլոր ընկերություններն էլ համապատասխանեին չափանիշներին, բանկերն ու ներդրումների աջակցման կենտրոնը, որը ՓՄՁ-ների փաթեթներն է կազմելու, ֆիզիկապես ի վիճակի չեն լինի ապահովել վարկերով։
«Երբ ես ասում եմ, օրինակ, հաշվարկ ունե՞ք, թե բանկերը ամսական քանի հաճախորդ կարող են սպասարկել, ասում են՝ ոչ․ բա որ չեք հարցրել, մի բանկը 100 հոգի թող կարողանա լավագույն դեպքում վարկավորել, 20 բանկը 2 հազար հոգի մի ամսում, բա մնացածի հե՞տ ինչ է լինելու, կարող է վաղը հերթ են կանգնել, բոլորը լավ վարկային ու հարկային պատմություն ունեն, 10 հազար հոգի են, ի՞նչ է՝ պիտի 5 ամիս սպասեն, մինչև իրենց հերթը հասնի՞, այդ ընթացքում մեռած կլինեն արդեն»,-արձանագերց Գագիկ Մակարյանը։
Այս պատճառով էլ նա առաջարկել էր ընդլայնել գործիքակազմը․ «Օրինակ, ես առաջարկել էի, որ հարկերի վճարումները հետաձգեն, չհամաձայնեցին։ Կամ փոքր ձեռնարկատիրությանը դրամաշնորհներ տան՝ 4-25 հազար դոլար, ու հետևեն, որ բոլորի աշխատավարձը վճարեն, եթե չվճարեն՝ դատի տան»։
Երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը ապահովում է տուրիզմի ու սպասարկման ոլորտը, որն այս օրերին իջնում է 0-ի՝ նշում է Գագիկ Մակարյանը․ «Հիմա ինքը այդ 40 տոկոս ՀՆԱ-ի դերակատարությունը, որ այդ ոլորտի ընկերությունները ապահովում են, ինչո՞վ է փոխարինելու։ Ես դրա համար առաջարկել եմ, որ նման իրավիճակում պետությունը 2020 թ-ի պետական գնումների ծավալը իրացնի մոտակա 2-3 ամսում։ Այսինքն, ոչ թե թողնի, որ գնումները մնան տարվա կտրվածքով մինչև դեկտեմբեր, այլ բերի առաջ մինչև հուլիս ամիսը ամբողջն իրականացնի և որ տեղական արտադրողները ստանան պատվերները։ Ընդ որում, այն գնումները խթանի, որոնք տեղական արտադրողի վրա են հիմնված։ Կամ էլ, հաջորդ մեխանիզմը, որ գնումների ծավալը 2-3 անգամ ավելացնի․ օրինակ, պահածոներ, անձեռոցիկներ, թուղթ, չփչացող բաներ գնի նաև 2021 թվականի համար և տեղական արտադրությունների մրցույթներ հայտարարի»։
Գագիկ Մակարյանի առաջարկած հաջորդ ուղղությունը շինարարության ոլորտը խթանելն է․ «Հաշվի առնելով, որ հարյուր հազարավոր միգրանտներ չեն կարողանալու մեկնել Ռուսատան կամ այլ երկրներ, տրնասֆերտներ չեն ուղարկելու, շինարարությունը լավագույն ոլորտներից է, որտեղ նրանք կարող են աշխատել, որովհետև նախ՝ սեզոնն է, երկրորդը՝ Հայաստանը այս ոլորտում ինքնաբավ է։ Սրա հետ շաղկապված կարող է նաև շինարարությունը պատվիրել տեղական արտադրության ցեմենտ, քար, ավազ, կղմինդր և այլ արտադրություններ, որոնք ևս կխթանվեն»։
Կառավարությունը կարող էր տեսնել՝ որոնք են տնտեսության հիմնական հենասյուները, որոնք համախառն ներքին արդյունքի ամենամեծ զբաղվածությունն են ապահովում և թիրախային աջակցել՝ ասաց նա։
Գյուղատնտեսությունը ևս պատրաստ չէ կառավարության առաջարկած ներկա աջակցության ծրագրերին՝ արձանագրում է Գագիկ Մակարյանը։
«Գյուղատնտեսության ոլորտում 450-500 հազար ֆեմերային տնտեսություն կա․ հիմա, պետությունն ասում է՝ կոոպերատիվներն եմ խրախուսում և բոլոր տոկոսները սուբսիդավորում եմ, եթե վերցնում եք այգեգործության, անասնապահության համար։ Բայց գյուղացին կդժվարանա, որովհետև իր մոտ գրագիտության, մշակույթի, կիրառելու, տեխնիկապես արագություն ապահովելու խնդիր կա։ Դրա համար կառավարությունը իր փաթեթը ավելի խորապես ուսումնասիրելով պետք է ընդլայնի»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Ամփոփելով՝ Հայաստանի գործատուների միության նախագահը նկատեց, որ կառավարության առաջարկած բոլոր միջոցառումները ողջունելի են, բայց բավարար չեն․ դրանք շատ քիչ չափով կօգնեն, մանավանդ, փոքր բիզնեսին կամ տնտեսությանը։
Աննա Բալյան