Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017-ին դրական տեղաշարժերն ավելի շատ էին, քան բացասականները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ մասնավոր սեկտորում իրական ձեռնարկությունների թիվն ավելացել է շուրջ 7000-ով, ինչի արդյունքում մասնավոր ոլորտում զբաղվածների թիվը հասել է շուրջ 300 000-ի: «2017-ին գործազրկության մակարդակը նվազել է չնչին՝ 1-2 տոկոսով, սակայն աղքատության ցուցանիշը չի նվազել ու չի էլ նվազի: Սակայն նախորդ տարի խթանվել են արդյունաբերական արտադրությունները՝ հանքարդյունաբերության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ծավալներն են աճել: Բացի այդ՝ շինարարության մեջ կա չնչին աճ՝ 0.3 տոկոսի, բայց դրական է, որ շինարարությունը վերակենդանացման ցուցանիշներ է ցուցաբերում»,- ասաց Մակարյանը:
Նրա հավաստմամբ՝ նախորդ տարի դրական ցուցանիշներ են արձանագրվել ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչի մասին է փաստում մասնավոր սեկտորում ավելացած կազմակերպությունների թիվը:
Մակարյանի խոսքով՝ թեև կառավարության նկատմամբ վստահության շատ քիչ բարձրացում կա, սակայն կառավարությունը դեռ չի հասել իր ձգտած մակարդակին. սոցհարցումները ցույց են տալիս, որ վատ կամ չեզոք կարծիք հայտնողները դեռ քիչ չեն: «Բացի այդ՝ ներդրումների քանակն էլ ավելի քիչ էր, քան կառավարությունն էր խոստացել: Ուշագրավ է, որ «Ներդրումների մասին» օրենքում չկա սահմանված, թե ինչ ասել է` ներդրում: Ու քանի դեռ չկա այդ եզրույթը, ուրեմն ներդրումների անվան տակ կարող են ներկայացնել ամեն ինչ»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ներդրումների ծավալը կազմել է 700 մլն դոլար:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ Գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ թեև գյուղատնտեսության վիճակը, ընդհանուր առմամբ, վատ չէ, սակայն կա մի փոքր հետընթաց: Այն, Մակարյանի կարծիքով, պայմանավորված է գյուղտեխնիկայի թարմացման խնդրով: