կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 13:53
Քաղաքական

ՕԵԿ-ԲՀԿ-ական կրքեր

ՕԵԿ-ԲՀԿ-ական կրքեր

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հարցրեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, թե արդյո՞ք ԲՀԿ-ից դուրս եկած մարդիկ դիմել են ՕԵԿ-ին` կուսակցությանն անդամագրվելու համար, ինչպես նշել էր նախորդ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

 

Հեղինե Բիշարյանը նշեց. «Ես չեմ թաքցնի, որ մեր գրասենյակներում ընդունելության գործընթաց գնացել է այն հատվածում, երբ քաղաքական դաշտում փոթորիկ սկսվեց: Բոլոր քաղաքական ուժերից էլ և' գնում են, և' գալիս են: Անընդհատ հաղորդել ցուցակներով այդ մասին, թեպետ որ պետք լինի, դրան էլ ենք պատրաստ, բայց էս պահին գտնում եմ, որ ավելորդ է: Այն, որ ակտիվություն կա մեր գրասենյակներում, որ անդամագրվեն ՕԵԿ-ին, դա այդպես է: Այո, քաղաքացիներ դիմել են մեզ, այդ թվում` նաև ԲՀԿ-ականներ»:

 

Այն հարցին` արդյո՞ք ՕԵԿ-ական դառնալու համար դիմել են ԲՀԿ-ական պատգամավորներ, Հեղինե Բիշարյանն ասաց. «Ամեն տեղեկատվություն չէ, որ հրապարակման ենթակա է»:

 

Նույն ճեպազրույցներին ներկայացած` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Հեղինե Բիշարյանի այդ հայտարարությունը: Նա նշեց. «Եթե ինչ-որ մեկը հայտարարություն է անում, կխնդրեի` փաստերով խոսեր, ոչ թե մերկապարանոց հայտարարություններով: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ԲՀԿ-ից դուրս եկած 11 պատգամավորներից որևէ մեկը ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն և մտադրություն չի հայտնել: Իսկ եթե հանրապետության ինչ-որ գյուղում, ասենք, Վարդուշ Վարդուշիկյանը ցանկություն է հայտնել ՕԵԿ-ին անդամագրվել, և դա իրենք համարում են լրջագույն քաղաքական ձեռքբերում, ապա ես շնորհավորում եմ այդ լրջագույն քաղաքական ձեռքբերման համար: Էդքան ասելու փոխարեն թող հրապարակեն գոնե մեկ պատգամավորի անուն, ով ցանկություն է հայտնել անդամագրվելու»: