կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 17:30
Հասարակություն

ՀՀԿ-ական գյուղապետը գյուղապետարանի մոտից հեռացնել է տվել Նժդեհի արձանը. Նորաշենում նախընտրական թեժ կրքեր են

ՀՀԿ-ական գյուղապետը գյուղապետարանի մոտից հեռացնել է տվել Նժդեհի արձանը. Նորաշենում նախընտրական թեժ կրքեր են

Արարատի մարզի Նորաշեն համայնքում սեպտեմբեր ամսին սպասվում են գյուղապետի ընտրություններ: Գործող գյուղապետ Արտուշ Սարգսյանից բացի, առաջադրվելու են Նորաշենի նախկին գյուղապետ Գուրգեն Վարդանյանը, ով պաշտոնավարել է 1999-2005 թվականներին և նորաշենցի Արման Հարությունյանը:

Yerkir.am-ի թղթակիցն այցելել է Նորաշեն, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց անհանգստացող խնդիրներին: Գյուղացիները մեզ հետ զրույցի ընթացքում բարձրաձայնեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք խոր արմատներ ունեն և մեկ-երկու տարվա հնության չեն: Նրանց խոսքով` իրենց հասարակության մեջ արմատացած է այն մոտեցումը, որ որևէ բան դեպի լավը չի փոխվելու, որ իրենք իրենց խնդիրներով են շարունակելու ապրել:

«Մեր խնդիրները շատ են ու շատ խորքից եկող: Դուք էլ եք տեսնում, թե ինչ պայմաններ են գյուղում` քանդված փողոցներ, անմխիթար հաստատություններ, որոնք ժամանակին ծաղկուն են եղել: Օրինակ` մի բան ասեմ` երբ գյուղում ընտրություններ են լինում, մեր գյուղացիները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ էդ ընտրությունները կարող են առանց փողի անցնել: Նրանց պատկերացմամբ` եթե ընտրություններ են, ուրեմն պետք է իրենց փող տան, որ իրենք ընտրեն: Մեր հասարակության մեջ արմատացած է ստրուկի հոգեբանությունը: Իրենց ինչ ասեն, պետք է անեն, սա է ցավալին: Էդ ամեն ինչը գալիս է դեռ նախկին գյուղապետից` Գուրգեն Վարդանյանից: Ինքն է էդ հիմքը դրել, գործող գյուղապետն էլ շարունակում է: Գործող գյուղապետի օրոք որոշակի խնդիրներ կարգավորվել են, բայց ստրուկի հոգեբանությունը չի փոխվել: Ինքնուրույն որևէ բան չեն կարողանում անել մարդիկ, բոլորը թողնում-հեռանում են, որովհետև աշխատելու, ապրելու որևէ պայման չկա»,- ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիները պատմեցին նաև, որ գործող գյուղապետ Արտուշ Սարգսյանը, ով անդամակցել է ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին, ՄԱԿ-ին, այժմ էլ արդեն` ՀՀԿ-ին, չի ապրում գյուղում, աշխատավայրում լինում է լավագույն դեպքում երկու-երեք ժամ և առանձնապես չի էլ հետաքրքրվում գյուղում տիրող խնդիրներով: «Նա գյուղի խնդիրների մասին չի մտածում, այսինքն` համընդհանուր խնդիրների վրա աչք է փակում, բայց եթե, օրինակ, մեկը նրան մոտենա ու մի հարցով դիմի, պատրաստ է լսել, երբեմն` նաև օգնել: Վատն էլ հենց դա է, որ պատրաստ է անհատական խնդիրներ լուծել, իսկ գյուղի խնդիրների լուծման համար որևէ գործնական բան չի անում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, ապա պատմեց, որ Սարգսյանն ունի մի շատ վատ «ձեռագիր»` բարեկամների ու հարազատների միջև կռիվ գցելն է: «Երկու եղբայրների միջև կռիվ է գցում, մեկի ջուրը կտրում է ու այնպես է անում, որ նույն բակում ապրող եղբայրներից մեկի ընտանիքն ունենա ջուր, իսկ մյուսը, ով իր ընտանիքով իրեն չի ընտրել, մնա առանց ջրի»,- պատմեցին մեզ:

Նշենք, որ մեր` գյուղում գտնվելու ընթացքում այցելեցինք մի շարք հաստատություններ, որոնք, մեղմ ասած, անմխիթար վիճակում էին: Գյուղացիների պնդմամբ`ինչպես նախկին գյուղապետը, այնպես էլ Արտուշ Սարգսյանը որևէ բան չեն արել աչք ծակող խնդիրները լուծելու համար: Նորաշենի կենցաղի տունը, որը, գյուղացիների խոսքով, տարիներ առաջ ծաղկուն հաստատություն էր, այսօր բառացիորեն ավերակի է վերածվել ու պատճառ դարձել, որ գյուղի երիտասարդները որևէ հետաքրքություն չտեսնեն իրենց գյուղում և հետաքրքրություններ փնտրեն հարևան գյուղերում կամ էլ ավելի հեռու վայրերում:

Գյուղամիջյան քարուքանդ ճանապարհները մեծ դժվարությամբ հաղթահարելով` հասանք նաև դպրոցի սպորտային դահլիճ, որը ևս ավերակի էր վերածվել: Գյուղացիները պնդմամբ`տարիներ առաջ այդտեղ մարզվել են գյուղի երիտասարդները և հասել սպորտային բարձունքների, մինչդեռ հիմա որևէ պայման չկա` անգամ տարրական մարզումներ անցկացնելու համար:

«Թվում է, թե սպորտդահլիճ է, էլի, ի՞նչ կարիք կա նորոգելու, բայց եթե, օրինակ, այդ դահլիճը նորոգվեր, գյուղի երիտասարդները, ովքեր սպորտով զբաղվելու մեծ պոտենցիալ ունեն, իրենց օրը կլցնեին մարզումներով, իսկ հիմա ինքներդ եք տեսնում, որ այս պայմաններում որևէ բան անել հնարավոր չէ, էս ավերակների մեջ ի՞նչ անեն էրեխեքը»,- վրդովված պատմեց գյուղացիներից մեկը:

Ի դեպ, գյուղացիները մի հետաքրքիր միջադեպ էլ պատմեցին: Բան այն է, որ Արտուշ Սարգսյանը հորդորել է ապամոնտաժել գյուղապետարանի դիմաց գտնվող Նժդեհի արձանը: «Հորդորեց գյուղապետարանի դիմացից հեռու տանել Նժդեհի արձանը`պատճառաբանելով, որ իրեն խանգարում է: Ասել է` գլխիս է կպնում ամեն օր աշխատանքի գալուց: Հիմա էլ տարել, դնել է տվել դիմացի մայթին գտնվող` Հայրենական պատերազմում զոհվածների փառքի պուրակում, որտեղ էլ ամբողջությամբ ծածկվել է խոտերով ու սարսափելի անմխիթար վիճակում է»,- պատմեցին մեզ` ցույց տալով նաև այն վայրը, որտեղ նախկինում գտնվել է արձանը: Տարածքն այժմ ամբողջությամբ սալիկապատ է, և այդ շինարարական աշխատանքների համար գյուղապետը դուրս է գրել 12 միլիոն դրամ: «Դե, արդեն պատկերացրեք նրա մակարդակը, նրա մոտեցումները, սրտացավությունը, եթե այդպիսի վերաբերմունք ունի պատմական հերոսի նկատմամբ»,- դժգոհեցին գյուղացիները:

«Մեր գյուղի կենցաղի տունը քարուքանդ վիճակում է, մինչդեռ ժամանակին եղել է շատ ակտիվ ու ծառայել գյուղացիներին: Բա մանկապարտեզի խնդիրը: Դա մենակարևորն է: Մանկապարտեզն այժմ միայն մեկ խմբով է գործում, և գյուղացիները մտահոգված են դրա համար, միայն միջին խումբն է, իսկ մնացած խմբերը չկան, հսկայական շենքը գրեթե դատարկ է ու ավերակի է վերածվել»,- մտահոգություն հայտնեցին Նորաշենի բնակիչները:

Տեղեկացանք նաև, որ մանկապարտեզում վերջին անգամ շինարարական աշխատանքներ են իրականացվել խորհրդային տարիներին, իսկ վերջին տարիներին շատ կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել միայն այն հատվածը, որտեղ և գտնվում է միջին խումբը: Հատկանշական է նաև, որ մանկապարտեզի շենքը, մասնագետների գնահատմամբ, բարձր սեյսմակայունություն ունի, հարմար, անվտանգ շինություն է: «Ցավալի է, որ էս գյոզալ շենքը նպատակին չի ծառայում: Հարևան գյուղերում, որոնք այդքան մեծ չեն, մանկապարտեզները գործում են ամբողջությամբ»,- ասացին մեր զրուցակիցները:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ հենց մանկապարտեզի շուրջ են ծավալվել խնդիրներ գյուղապետի և ավագանու անդամների միջև: Գյուղապետը որոշում է կայացրել լուծարել մանկապարտեզը, իսկ ավագանու անդամները գրավոր դիմել են գյուղապետին` խնդրելով վերանայել որոշումը ու թույլ չտալ, որ մանկապարտեզը լուծարվի, սակայն գյուղապետը չի ընկրկել: Գյուղացիների խոսքով` գյուղապետը որևէ աշխատանք չի արել, որպեսզի պահպանվի շենքը: Թիթեղյա ծածկույթի բացակայության պատճառով անձրևաջրերը լցվել են շենք և լուրջ վնասներ հասցրել դրան: Ի դեպ, բնակիչները պատմում էին, որ այդպիսով գյուղապետը նպատակ է ունեցել մանկապարտեզի շենքը վթարային վիճակի հասցնել, որպեսզի կարողանա այն հեշտությամբ օտարել: Ըստ նույն բնակիչների` Արտուշ Սարգսյանը նպատակ է ունեցել շենքը սեփականաշնորհել` հետագայում որպես մասնավոր մանկապարտեզ աշխատեցնելու նպատակով:

Ուշագրավ է նաև, որ ամիսներ առաջ գյուղապետը ավագանու նիստ է հրավիրել, ավագանու անդամներին ասել, որ ինքն իբր պետք է ծրագիր բերի գյուղ` մանկապարտեզը հիմնովին նորոգելու համար, իսկ մինչ այդ, իբր տեղական բյուջեն խնայելու համար, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել համայնքի մանկապարտեզի գործունեությունը: Ավագանու անդամները, հավատալով գյուղապետին, ստորագրում են որոշումը, այնինչ` ինչպես հետո է պարզվել, այդ որոշումը եղել է գյուղի մանկապարտեզը լուծարելու որոշում: Երբ այս հարցը բարձրաձայնել է մանկապարտեզի վարիչը, ավելի են սրվել գյուղապետի ու ավագանու անդամների հարաբերությունները: Նշենք նաև, որ ավագանու անդամներն առանց կասկածելու, որ իրենց իրավաբան գյուղապետը կարող է իրենց խաբել, ստորագրել են մանկապարտեզը լուծարելու որոշման տակ:

Գյուղացիները պատմեցին նաև, որ եղել են դեպքեր, երբ հանգուցյալի հարազատներին սոցիալական օգնություն հատկացնելուց հետո գյուղապետը գնացել է նրանց տներ և ասել, որ հանգուցյալն իրենից մի քանի օր առաջ գումար է պարտքով վերցրել և դուրս գրված օգնությունները հետ է վերցրել:

Ըստ նորաշենցիների` գյուղապետարանի հաշվեկշռում կա գրանցված «ՎԱԶ 3110» ավտոմեքենա, որը գյուղապետն օգտագործում է սեփական կարիքները հոգալու համար և գյուղապետարան գալիս է ընդամենը մի քանի ժամով: Ի դեպ, այդ մեքենայի համար տարեկան 800 հազար դրամ է դուրս գրում, որից 350 հազարը` որպես վառելիք, մինչդեռ` արդեն նշեցինք, որ գյուղապետը գյուղում շատ քիչ է լինում:

Գյուղացիները պատմեցին նաև, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վերին Արտաշատ և հարակից համայնքի ղեկավարներների հետ հանդիպում ունեցել: «Ուրիշ գյուղապետեր գնացել են` տեսնելու վարչապետին և իրենց համայնքին վերաբերող խնդիրները ներկայացնելու, մինչդեռ մեր գյուղապետը ներկա չի գտնվել այդ հանդիպմանը, որովհետև հեչ էլ պետք չի իրեն մեր խնդիրներից խոսելը»,- բողոքեցին գյւողացիները:

Գյուղի բյուջեն 70-80 միլիոն դրամ է, որն այնքան էլ քիչ չէ` գյուղի խնդիրերին որոշակի լուծումներ տալու համար: Նորաշենցիները վրդովմունքով պատմեցին նաև, որ իրենց գյուղապետը որևէ կերպ անհանգստացած չէ իրենց խնդիրներով, բայց գյուղի կենտրոնում գտնվող հողատարածքում, որը պատկանում է Սարգսյանին, իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ: Տարբեր տվյալներով` կառուցվող հաստատությունը ժամանցի վայր է լինելու:

Հատկանշական է նաև այն, որ գյուղապետ Արտուշ Սարգսյանն ասես գիտակցում է իր թերությունները և շատ հաճախ մասնավոր զրույցներում ասում, որ պատրաստ է իր տեղը զիջել այլ թեկնածուի, միայն թե` ոչ Գուրգեն Վարդանյանին, ով իրենից առաջ է պաշտոնավարել: «Եթե ես ավազակ եմ, նա էլ ավազակապետ է»,- հաճախ ասում է գյուղապետը, և վստահեցնում, որ պատրաստ է իր տեղը զիջել երրորդ թեկնածուին, ով չունի արատավոր համբավ, հարգված է գյուղացիների կողմից, բարոյական ընտանիքի մարդ է և քաջ գիտակցում է գյուղի խնդիրներն ու կարող է դրանց լուծումներ տալ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ գյուղում շրջելու ընթացքում տեսանք նաև Գուրգեն Վարդանյանին պատկանող շինություններն ու հողատարածքները, որոնք, գյուղացիների խոսքով, նախկին գյուղապետն իր կառավարման տարիներին է յուրացրել:

Ստորև Նորաշենի մանկապարտեզի կիսավեր շենքն է

 \"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Ստորև գյուղի սպորտդահլիճն է

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Ստորև գյուղի մշակույթի տունն ու եկեղեցին են

 

\"\"

\"\"

\"\"

Ստորև Հայրենական պատերազմում զոհվածների փառքի պուրակն է, որտեղ էլ տեղափոխվել է Նժդեհի արձանը 

\"\"

 

\"\"

\"\"

\"\"

\"\"