կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 17:40
Քաղաքական

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` ԲՀԿ-ի ընտրազանգվածը «գործուղման է»

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` ԲՀԿ-ի ընտրազանգվածը «գործուղման է»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ երկրում «ձևավորվել է համաժողովրդական շարժում», նաեւ հիշեցրել, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հավաքեց «մոտ կես միլիոն ձայն»: Yerkir.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ԲՀԿ-ի կեսմիլիոնանոց ընտրազանգվածի գոնե կեսը, ի վերջո, ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքին երկու-երեք տասնյակ հազար մարդ է ներկա լինում, եւ, ըստ էության, եթե  ԲՀԿ-ի «կեսմիլիոնանոց» ընտրազանգվածը ոտքի կանգնի, իշխանությունը խուճապի կմատնվի, գուցե ցանկալի իշխանափոխությունն էլ ավելի արագ կատարվի:

 

Պարզվում է` ԲՀԿ-ի ընտրազանգվածը «գործուղման է»: «Իշխանություններն այս տարիների ընթացքում նրանց «գործուղման են» ուղարկել այլ երկրներ, որ իրենց բյուջեն ձևավորեն` կազմված միայն տրանսֆերտներից ու տույժ ու տուգանքներից»,- բացատրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Հարցին` ուրեմն ի՞նչ է ինքն առաջարկում, պատասխանեց. «Առաջարկում եմ նրանց գործուղումից հետ վերադարձնել»:

 

Խոսելով իշխանափոխության մասին և պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ վախենում ինչ-որ բան կորցնել, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ինչի՞, իշխանությունները հանցագո՞րծ են, պիտի բան գողանա՞ն, որ կորցնենք: Ես կորցնելու բան չունեմ: Մենք ընդամենը ասում ենք, որ այն կառավարությունը, որը չի կարողանում արդյունքներ ապահովել, պետք է հեռանա»:

 

Ի պատասխան մեր ճշտող հարցին` այսինքն` պահանջում են ոչ թե ամբողջական իշխանափոխություն, այլ կառավարության հրաժարականով կբավարարվե՞ն, Լյովա Խաչատրյանը փոքր-ինչ սրբագրեց ասածը. «Այն կառավարությունը, այն իշխանությունը… Ով ուզում է լինի, նորմալ երկրներում կառավարությունը վեց անգամ հրաժարական է տալիս, ի՞նչ է պատահել: Իսկ իշխանությունները անարդյունավետ են կառավարում, դա են ապացուցում փաստերը»:

 

Հարցին էլ, թե արդյո՞ք գյուղատնտեսության ոլորտում եւս կան «փայ մտնողներ», ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Գյուղատնտեսությունը նույնպես բիզնեսի ոլորտ է»: