Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տարաձայնություն է հասունանում: Բանն այն է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքը վեճի առարկա է դարձել:
Yerkir.am-ի հետ զրույցում ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը հայտնեց, որ օրերս, երբ ՕԵԿ-ը փորձել է ապամոնտաժել տարածքում եղած ավտոտնակի ծածկը, իրենք ՕԵԿ-ին դիմել են խնդրանքով` դադարեցնել ապամոնտաժումը:
Պարզվում է, համալսարանը երկար տարիների թույլ է տվել ՕԵԿ-ին օգտվել ավտոտնակից, եւ տարիների ընթացքում, հավանաբար, ՕԵԿ-ին թվացել է, որ դա արդեն իրենցն է դարձել: Երբ համալսարանից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը, ՕԵԿ-ից ասել են, թե քաղաքապետարանի՝ 2008թ.-ի ապամոնտաժման թույլտվություն ունեն: Նշենք, որ եթե անգամ ՕԵԿ-ն ունի այդ որոշումը, ապա ցանկացած նման որոշում ուժի մեջ է ընդամենը երկու տարի: Մի ուշագրավ փաստ եւս՝ պարզվում է ՕԵԿ-ը ցանկանում է այդ տարածքում «Երեւան» հեռուստաընկերության հեռուստատաղավար կառուցել: Նշենք, որ հեռուստաընկերությունը վերջերս է գնվել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից:
«Մենք ունենք փաստաթղթեր, ըստ որի` կառավարությունն այդ տարածքը մեզ է հատկացրել, իրենք էլ ասում են, որ իրենք էլ ունեն փաստաթղթեր, որոնց համաձայն` տարածքն իրենցն է: Մեզ գույք է տրամադրում կառավարությունը, և միայն նա իրավունք ունի այդ գույքը վերցնելու»,- ասաց Էֆենդյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են հանդիպել ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը:
Մեր տեղեկություններով` համալսարանը պատրաստվում է դատի տալ ՕԵԿ-ին` տարածքում ապօրինի շինարարություն սկսելու համար, սակայն Էֆենդյանը վստահեցրեց, թե չկա նման բան. «Կհանդիպենք, կճշտենք: Դատարանը վերջին կետն է, եթե ընդհանուր հայտարարի չգանք, բնական է, որ դատական որոշումը կլինի վերջնականը` և՛ մեզ, և՛ նրանց համար»: