կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 12:41
Քաղաքական

Չեմ փոշմանել, ԲՀԿ-ի հետ չէինք զագսավորվել. նախկին ԲՀԿ-ական

Չեմ փոշմանել, ԲՀԿ-ի հետ չէինք զագսավորվել. նախկին ԲՀԿ-ական

ԲՀԿ-ի «դասալիք» Արագած Ախոյանը չի զղջում, որ դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին Yerkir.am-ին ասաց հենց ինքը՝ Ախոյանը: «Ոչ, ես չեմ փոշմանել, որ դուրս եմ եկել ԲՀԿ-ից: Գոյություն ունի համոզմունք և քաղաքականության կուրս: Ես չէի սպասում, որ ԲՀԿ-ն կարող է գնալ ռադիկալ քայլերի: Շատ լավ հասկանում եմ և՛ ընդդիմադիր դաշտը, և՛ իշխանությունը, և՛ այլընտրանքը, որտեղ, սակայն, ինչ-որ բան անհասկանալի մնաց ինձ համար: Երբ ԲՀԿ-ում վերջնականապես որոշում կայացվեց` այլ ուղղությամբ գնալու, ես որոշեցի դուրս գալ այնտեղից»,- նշեց պատգամավորը:

 

Մեր դիտարկմանը, որ, կարծես, փոքր-ինչ շտապեց, քանի որ Ծառուկյանն, ըստ էության, հաշտվել է Սերժ Սարգսյանի հետ եւ հետ է քաշվել, Ախոյանն արձագանքեց. «Չեմ փոշմանել և չեմ շտապել իմ որոշման կայացման հարցում: Ինձ այս զարգացումները ստիպեցին դուրս գալ ԲՀԿ-ի կազմից, նորից եմ ասում»:

 

Մեր խնդրանքով պատգամավորն անդրադարձավ նաև այն լուրերին, թե մյուս ԲՀԿ-ականներն իրեն դավաճան են համարում: «ԲՀԿ-ում շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան, և ասեմ, որ ըմբռնումով են մոտենում, բայց նաև հասկանում են, որ ես անկախ մարդ եմ և ունեմ իմ ընտրազանգվածը, որտեղից գալիս են իմ ձայները: Ես կայացած մարդ եմ, նաև` մյուս դուրս եկողները, նաև` նրանք, ովքեր այնտեղ են դեռ: Այնպես է, որ ԲՀԿ-ի հետ չենք զագսավորվել: Սա քաղաքականություն է, և նորմալ է, որ մարդկանց քաղաքական հայացքները կարող են շատ հաճախ փոխվել և իմ դեպքն էլ հենց այդ դեպքերից է»,- հայտարարեց Ախոյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա ասեմ, որ դավաճանում են միայն հայրենիքին: ԲՀԿ-ն ոչ իմ հայրենիքն է եղել, ոչ էլ՝ կինը: Ինձ համար դավաճանությունը միայն հայրենիքի նկատմամբ է»:

 

Արագած Ախոյանը չբացառեց, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին: