Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Քանի որ Սերժ Սարգսյանին սատարելու էլ տեղ չի մնացել, քանի որ դաշտը լցվել է Չեբուրաշկաներով, համակուրսեցիներով, Սերժ Սարգսյանի չընտրվելու դեպքում Հայաստանը լքել սպառնացողներով և, իհարկե, հանուն Սերժ Սարգսյանի վերարտադրության` գյուլլախորով լինելու պատրաստ էշ նահատակներով, ՕԵԿ-ը մի տեսակ հայտնվել է ստվերում:
Երբ նախագահի շուրջը օդն այսպես հագեցած է բարոյականությամբ, քո բարոյականությամբ այն չես կարող ոչ ավելի և ոչ էլ պակաս բարոյական դարձնել: Այդուհանդերձ ՕԵԿ-ին մեղադրել անգործության մեջ, չի կարելի: Ռեֆլեքսներն, ինչպես ասում են, վերջինն են մեռնում: Որ ասել են՝ սատարում ենք, ուրեմն պիտի սատարեն` մեռած լինեն, թե` կենդանի:
Հայրիկյանի դեմ կատարված կիսաողբերգական մահափորձը բավականին բարձրացրել է Սերժ Սարգսյանին սատարելու նշաձողը: Ելույթներ, կրակոտ ճառեր, դահլիճային անշլագ հանդիպումներ, գովազդ, քարոզչություն… Այս ամենն արդեն սատարման միջին մակարդակներ են: Այ, երբ կուրծքդ ես դեմ տալիս քիլլերի մահաբեր գնդակին, իսկ հաջորդ օրը հայտարարում, որ ոչինչ չի կարող գոնե կես ժամով հետաձգել Սերժ Սարգսյանի նշանակած ընտրությունները, դա արդեն, այսպես ասենք՝ «վիշի պիլոտաժ» է: ՕԵԿ-ը հիմա ո՞նց հասնի և անցնի Հայրիկյանին:
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ իմանալ Ահարոն Ադիբեկյանի կարծիքը՝ այս պահի դրությամբ ո՞ւմ վարկանիշն է ավելի բարձր՝ ՕԵԿ-ի՞, թե՞ Հայրիկյանի:
Խնայելով ընթերցողի ժամանակը՝ ասենք, որ ՕԵԿ-ում, կարծես, մոտ են սատարման նոր, ավելի ուրույն ու ինքնատիպ ձևի հայտնագործմանը: «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես գրել են թերթերը, Արթուր Բաղդասարյանին հաջողվել է իր կրակոտ ճառով յուրայիններին բերել ոգևորության այնպիսի կոնդիցիայի, որ սրանք տեղում համաձայնել են դառնալ Երևան-Ստեփանակերտ օդային չվերթի առաջին ուղևորները:
Մենք մի առիթով ասել էինք, որ այս նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի անունով ՕԵԿ-ական շտաբ բացելը լավ չի վերջանալու Սերժ Սարգսյանի համար: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, ընկնելով սատարման մոլուցքի մեջ՝ մահապարտ ՕԵԿ-ականները մեր երկրի նախագահին զրկել են այդ չվերթի առաջին ուղևորը լինելու հաճույքի՞ց: Օ՛, ոչ… Բայց ինչո՞ւ` ոչ: Չէ՞ որ մարդուն տիեզերք ուղարկելուց առաջ նախ շներ, կատուներ և կապիկներ են ուղարկում: Հետևաբար` ինչո՞ւ այդ նույն տրամաբանությամբ թիվ 1 հանրապետականին Ստեփանակերտ թռցնելուց առաջ նախ օդ չբարձրացնել ՕԵԿ-ին:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: