Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարելի է ասել, որ մեր երկրում տնտեսություն գոյություն չունի, իսկ հասարակությունը բաժանված է երկու շերտի. վերևում գտնվող շերտը բացարձակ կապ չունի ներքևում գտնվող շերտի հետ: Հետևաբար` տնտեսություն չկա, եթե գոյություն չունի մանր ու միջին բիզնեսը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը` պատասխանելով այն հարցին` արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը ամուր է և առողջ, ինչպես բնորոշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում` խոսելով տնտեսության վիճակի մասին:
Արագած Ախոյանի խոսքով` բացարձակ չի կարելի ասել նման բան, թե երկրում անորոշությունները հաղթահարված են, ու ամեն ինչ նորմալ է, որովհետև նման հայտարարություն անելը նշանակում է հավասարվել աշխարհի ամենազարգացած երկրներին, որտեղ հիմնական խնդիրները լուծված են, այնինչ Հայաստանը դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ասենք, որ մեր երկրում անորոշությունները հաղթահարված են:
Անդրադառանալով Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, որ եթե ԲՀԿ-ին պաշտոն տան, ապա այլեւս անվստահություն չի հայտնի կառավարությանը, Արագած Ախոյանը նշեց. «Երևի ինքը ամեն ինչը պաշտոնով է չափում: Նախ` պաշտոն տվողը ինքը չի, նման հայտարարություններ անելուց պետք է նայել սեփական կայացման անցած փուլին: Եվ հետո` ԲՀԿ-ում հավաքված են հիմնականում առանց պաշտոնների, կայացած ու անձնական խնդիրները լուծած մարդիկ: Այնպես որ` մեր կողմից պաշտոնակռիվ չկա, միմիայն անհանգստություն ունենք երկրի հետագա ճակատագրի առումով, առկա մարտահրավերներին դիմակայելու առումով»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախակի հնչող այն տեսակետին, որ «այսուհետ պետք է լավ աշխատենք», Արագած Ախոյանի համոզմամբ` այդ արտահայտությունը արդեն իսկ նշանակում է, որ իշխանությունները մինչև հիմա վատ են աշխատել:
Խոսելով մի քանի ՀՀԿ-ականների կողմից ԲՀԿ համագումարի և ԲՀԿ քաղաքական գործիչների հասցեին հնչող սուր քննադատությունների մասին` ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ որոշ ՀՀԿ-ականներ պետք է անհարմար զգան վիրավորական արտահայտություններ անելու ժամանակ, որովհետև քաղաքական դաշտում վիրավորական արտահայտություններ հնչեցնելը դա չկայացած լինելու հետևանք է:
«Քաղաքական հարթակն այն տեղն է, ուր առանց ամբիցիաների պետք է խոսել այն մասին, թե ինչպես երկիրը դուրս բերել նման ճգնաժամից: Պետք է լինել կոռեկտ, և եթե քննադատում են, ապա քննադատեն առանց անձնական վիրավորանքների, որովհետև դրանով չեն դիվիդենդներ շահում»,- ասաց նա: