Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր շարունակվում է Լատվիայի արտգործնախարարության պետական քարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսի այցը Մինսկ: ԵՄ-ում նախագահության ընթացքում այս երկիրը մտադիր է լուրջ քայլ անել Մինսկի և Բրյուսելի մերձեցման ուղղությամբ: Փորձագետները ենթադրում են, որ խոսքը կարող է լինել մայիսին Ռիգայում կայանալիք` «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության մասին. գրում է Независимая газета-ն:
Հոդվածը կրճատումներով՝ ստորև:
Լատվիայի ԱԳՆ-ի պետական քարտուղարի այցը Մինսկ հետաքրքիր է մի քանի պատճառներով: Առաջին հերթին` այն հաստատում է Բելառուսի և ԵՄ-ի հարաբերությունների ջերմացման փաստը, որը քննարկվում է փորձագետների մակարդակով և դիվանագիտական շրջանակներում, սակայն պաշտոնական մակարդակում ոչ մեկի կողմից չի բարձրաձայնվում:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Լուկաշենկոն հույս ունի, եվրոպական այդ ֆորումին մասնակցելով, իր իշխանությունն օրինականացնելու ուղղությամբ քայլ անել: Միևնույն ժամանակ, տնտեսությունում իրավիճակը բարդ է մնում, երկիրն արտաքին ֆինանսավորման կարիք ունի:
Որքան սերտ լինեն կապերը ԵՄ-ի հետ, այնքան ավելի մեծ է Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու հավանականությունը: Իսկ Մոսկվան, չցանկանալով կորցնել գլխավոր դաշնակցին, կարող է ավելի մեծ և ավելի լավ պայմաններով վարկ տալ:
Ամեն դեպքում Մինսկի և Բրյուսելի միջև հարաբերությունների ջերմացումը բելառուսական իշխանություններին այս պահին հարկավոր է և ձեռնտու: Մերձբալթյան երկրները պաշտոնական Մինսկի լավագույն փաստաբաններն են Եվրոպայում, քանի որ նրանց Բելառուսի հետ կապում են ուժեղ բիզնես շահերը: Լատվիայի նախագահությունից օգտվելու ձգտումը լավ դիվանագիտական քայլ է: