կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 11:41
Արցախ

Պետք չէ շատ ոգևորվել Լոս Անջելեսի քայլից. Независимая газета-ի անդրադարձը

Պետք չէ շատ ոգևորվել Լոս Անջելեսի քայլից. Независимая газета-ի անդրադարձը

«Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Փաստաթղթում միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել ԼՂՀ-ն՝ որպես ազատ և ինքնիշխան պետություն։ Փորձագետների կարծիքով՝ այդ փաստը չի ունենալու ո'չ իրավական, ո'չ քաղաքական հետևանքներ»,- գրում է Независимая газета-ն:

 

Հոդվածագիրը նշում է,  որ Լոս Անջելեսն ԱՄՆ-ի առաջին վարչական միավորը չէ, որ ճանաչում է ԼՂՀ ինքնիշխանությունը։ «Հրեշտակների» քաղաքից առաջ Արցախը ճանաչել են Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգներն ու Ֆրեզնո քաղաքը։

 

Լոս Անջելեսի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հենց Լեռնային Ղարաբաղում ավելացրել է դրական հույզերը,  քանի որ, ինչպես թերթի հետ զրույցում նշել է  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն Ղարաբաղի, այլև միջազգային իրավունքի պատմության համար, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման համար։

 

Բաբայանը բացատրել է, որ նման հաջողությունը միջազգային հարթակում ԼՂՀ-ի յուրահատուկ արտաքին քաղաքականության հետևանքն է: Նրա խոսքերով՝ ԼՂՀ-ն փող չի վատնում հակաադրբեջանական քարոզչության վրա, նրա նպատակը  նորմալ դեմոկրատական պետություն կառուցելն է: 

 

Սակայն, ըստ թերթի, Բեռլինում բնակվող հայ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ պետք չէ շատ ոգեւորվել Լոս Անջելեսի այդ քայլից: «Լոս Անջելեսի քաղխորհրդի որոշումը խորհրդանշական, քարոզչական քայլ է, որն, ընդհանուր առմամբ, ձեռնտու է Արցախին, սակայն այն չի դառնա ԼՂՀ միջազգային ճանաչման սկիզբը»,- ասել է նա:

 

Այդ գնահատականի հետ համաձայն է նաև քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Ժիլցովը: Ըստ նրա՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը ոչ մի իրավական հետևանքներ չի ունենա և Լեռնային Ղարաբաղի ներկա կարգավիճակի վրա չի ազդի։