կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 14:47
Քաղաքական

Վեցուկես կետ` 12 պահանջի մասին. Հրանտ Տեր-Աբրահամյան

Վեցուկես կետ` 12 պահանջի մասին. Հրանտ Տեր-Աբրահամյան

Ներկայացնում ենք Ilur.am կայքում հրապարակված` Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքը քառյակի 12 պահանջների մասին:

 

Այն, որ քառյակի ներկայացրած 12 պահանջները պետք է հարցեր ու քննադատություններ հարուցեին, ի սկզբանե պարզ էր:

 

Պետք է կարողանանք առանձնացնել «միայն թե զոքանչին վատ լինի» տրամաբանությունից բխած «խրախճանքը», որի քննադատական արժեքը զրոյական է, եւ իրենք` գրողներն էլ, երկու օրից մոռանալու են գրածի մասին, իրական մտահոգություններից, որոնք առկա են ազնիվ, մտածող քաղաքացիների մոտ:

 

Ինչ վերաբերում է առաջիններին, ապա միայն մեկ նախադասությամբ անդրադառնանք դրանց. մարդիկ, որոնք բառացիորեն դեռ երեկ ամենատարբեր ձեւերով փորձում էին հիմնավորել, որ իշխանափոխությունը «քխ» պահանջ է՝ հետամնաց է, անբովանդակ է, թիրախային չէ, անիրատեսական է եւ այլն, ու դրա փոխարեն պետք է ընտրել ըստ ճաշակի`

 

ա. գաղափարական պայքարը,

 

բ. համակարգափոխությունը,

 

գ. Պուտինի մերը,

 

դ. «հաղթանակի երաշխիքը»,

 

ե. «իրատեսական» պահանջներ եւ այլն, այսօր մեկ վայրկյանում դարձան իշխանափոխության այնպիսի կատաղի, մոլեռանդ, ջերմաջերմ կողմնակիցներ, քարոզիչներ, երդվյալներ ու նվիրյալներ, որ մի պահ մարդ սկսեց նույնիսկ հավատալ` կարո՞ղ է հանկարծ հավաքվեն ու անեն: Իհարկե, կասկած կա, որ այս ամենն ասվում է «զոքանչի ինադու», ու վաղը, երբ զոքանչն իշխանափոխություն պահանջի, նույն մարդիկ նույն կազմով նորից կբացահայտեն իշխանափոխության «քխ» լինելը: Ասացի` կարճ գրեմ, չստացվեց, բայց մեկ բան էլ ավելացնեմ ու «պրծ». հենց այս հիստերիկ, փրփրակալ, տեղ-տեղ՝ փսլնքոտ ռեակցիան է, որ խանգարում է իրական բանավեճի ծավալմանը, շեղում է խոսակցությունը դեպի «հիմարը դո՛ւ ես» ոճը: Արդյունքում տուժում են մարդիկ, որոնք իրական հարցեր ունեն` բխած իրական մտահոգություններից, այլ ոչ` «եթե Լեւոնն ասեց` արեւը դեղին է, մենք կասենք` կապույտ է ու հակառակը» սկզբունքից: Այնպես որ, ես խորհուրդ եմ տալիս այսուհետ կենտրոնանալ ոչ թե «գազանանոցին», այլ հենց իմ նշած նորմալ, ազնիվ քաղաքացիների մտահոգություններին պատասխանելու վրա: Հենց դա էլ փորձեմ անել:

 

Քառյակի առաջ քաշած 12 կետերն առանձին-առանձին քննարկելուց, դրանց ճիշտ ու սխալը տարբերակելուց առաջ պետք է տալ դրա քաղաքական գնահատականը, հասկանալ դրանց տեղը քաղաքական գործընթացում:

 

Մանավանդ որ` բոլորին էլ պարզ է, որ սա, նախ, քաղաքական փաստաթուղթ է, քաղաքական իրադարձություն եւ հետո միայն` տնտեսական կամ իրավական: Կարծում եմ, պետք է արձանագրենք հետեւյալ փաստերը:

 

Փոխզիջման մասին

 

1. Նախ՝ պարզ է, որ ընդունված փաստաթուղթը փոխզիջման արդյունք է, ինչը բնական է՝ հաշվի առնելով, որ ներկայացնում է չորս բավական տարբեր մոտեցումներով քաղաքական ուժերի համատեղ տեսակետը: Եթե խոսում ենք համագործակցությունից, ապա փոխզիջումներն անխուսափելի են: Համագործակցությունն, իհարկե, ինքնանպատակ չէ, բայց պետք է հասկանանք` արդյո՞ք այս պահին դա ավելի շատ օգուտ, թե վնաս է բերում հասարակությյանը: Արդյո՞ք վատ է, որ ի տարբերություն նախկինի, երբ ԱԺ-ում ներկայացված ուժերի մեծամասնությունը հանդես էր գալիս բացարձակ իշխանամետ դիրքերից, այսօր նախկինում իշխանամետ ուժերից երկուսը քննադատում են կառավարության քաղաքականությունը, պահանջներ են ներկայացնում: Լա՞վ է սա, թե վատ: Եթե վատ է, արդյո՞ք ավելի լավ էր նախկին վիճակը: Մի քիչ դժվար եմ պատկերացնում դրական պատասխանը վերջին հարցին: Ավելին. ուղիղ հարց տամ` արդյո՞ք հասարակության տեսակետից բացասական, թե դրական պետք է գնահատել այն, որ նախկինում կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն վերջնագրային պահանջներ է ներկայացնում մի կառավարության, որի գլուխն է այդ կուսակցության առաջնորդի խնամին: Երկրին սա ավելի շատ վնասու՞մ, թե՞ օգուտ է տալիս:

 

Հրաժարականի մասին

 

2. Իհարկե, հասարակության զգալի, եթե ոչ մեծ մասը` կողմնակից է ավելի արմատական պահանջների՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարական: Քառյակի անդամ ՀԱԿ-ը, թերեւս, միակ քաղաքական ուժն է, որը տարիներ շարունակ բարձրաձայնել է այդ պահանջը, ինչի համար հաճախ խիստ քննադատության է ենթարկվել ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիզմի որոշ ներկայացուցիչների կողմից: ՀԱԿ-ն այսօր էլ` որպես առանձին ուժ այդ պահանջի կրողն է: Կարելի է այսօր էլ «հպարտ միայնության» մեջ այդ պահանջն առաջ քաշել, բայց կարելի է նաեւ, համագործակցելով այլ ուժերի հետ, շարունակել ճնշումը Սերժ Սարգսյանի իշխանության վրա՝ մինչեւ որ կհասունանա այն պահը, երբ հրաժարականի պահանջը կդառնա միասնական: Իսկ կգա՞ այդպիսի ժամանակ: Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ են գործընթացի շարունակություն եւ պահանջի հասունացում`գործընթացի ներքին տրամաբանությունից:

 

Գործընթացի շարունակելիության մասին

 

3. Այստեղից էլ անցնում ենք երրորդ կետին: Քառյակի պահանջների ընդունումն ազդարարում է քաղաքական գործընթացի շարունակելիությունը: Շատերը կուզենային գործընթացն ավարտված տեսնել, եւ այդ շատերի թվում` առաջինը Սերժ Սարգսյանն է, որն այս պահին իր իշխանությանը սպառնացող որեւէ այլ լուրջ մարտահրավեր ներսում չունի: Իսկ գործընթացի շարունակությունը կարեւոր է հենց թեկուզ նրանով, որ անխուսափելի է դրա զարգացման ներքին տրամաբանությունից բխող նոր պահանջների եւ իրավիճակների ձեւավորումը: Գործընթացը դինամիկա է, պատկերավոր ասած՝ ճանապարհ, իսկ դա նշանակում է, որ չի կարելի գործընթացի մաս կազմող մեկ հատվածը միայն վերլուծելով` եզրակացություններ անել: Գործընթացի վերլուծությունը հետաքրքիր է միայն այն դեպքում, երբ նայելով ճանապարհի սկիզբն ու զարգացումը, հնարավոր է կանխատեսել ճանապարհի ավարտը, այսինքն` ո՞րն է լինելու այն «բ» կետը, որին, անկախ իրենց կամքից, պետք է հասնեն «ա» կետից ճամփա դուրս եկածները: Չէ՞ որ ճանապարհի ուղղությունը կախված է ոչ այնքան ուղեւորների կամքից, որքան ճանապարհի բնական ընթացքից. եթե հասնես, օրինակ, Դիլիջանի լեռնանցք, ապա ուզած-չուզած` հայտնվելու ես Դիլիջանում: Բայց Դիլիջան հասնելուց առաջ, ուզած-չուզած, պիտի Սեւան էլ հասնես, եթե Երեւանից ես գնում:

 

Դիլիջանի լեռնանցքի մասին

 

4. Շարունակելով գործընթացի եւ ճանապարհի ուր հասնելու թեման, հարց տանք` որեւէ մեկը կարծո՞ւմ է արդյոք, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է կամ գոնե ի զորու է իրականացնել ներկայացված պահանջներն ամբողջությամբ կամ մասամբ: եթե իրադարձությունները զարգանան ֆանտաստիկ տարբերակով, եւ պահանջներն իրականացվեն, ապա` շատ լավ, հասարակությունը մեծամասամբ կշահի (թե՞ ոչ): Իսկ եթե տեղի ունենա առավել սպասելին, եւ կառավարությունը հրաժարվի կատարել ընդդիմության պահանջները, ի՞նչ եք կարծում, ո՞ր ուղղությամբ պետք է տանի քառյակին «Դիլիջանի» ճամփեն: Մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար այդ ուղղությունը (իհարկե, երբեք չենք բացառում նաեւ վատատեսական տարբերակները. ասենք, քառյակը կարող է մի օր նաեւ կազմաքանդվել, մանավանդ որ` իշխանությունը ջանքեր գործադրում է այդ առումով):

 

Վերջնագրի մասին

 

5. Հովիկ Աբրահամյանի կառավարությանը փաստացի վերջնագիր է ներկայացվել: Իսկ դա, թերեւս, ավելի կարեւոր է քաղաքական առումով, քան 12 կետերի բոլոր մանրամասները միասին վերցրած: Բացի ամենից, դա կարեւոր է նաեւ հենց վերոհիշյալ գործընթացի ուր գնալու հարցի պատասխանի առումով: Վերջնագրերի չկատարման դեպքում գործընթացները կամ ավարտվում են, կամ էլ` զարգանում են դեպի արմատականացում:

 

Հանրահավաքի մասին

 

6. Վերջապես` քաղաքական առումով շատ կարեւոր է համատեղ հանրահավաքի հայտը, որը ներկայացված է 12 կետերի վերջում: Սա կարեւոր է երկու իմաստով.

 

ա. Վերջապես Հրապարակը, լայն զանգվածները իրենց նորից մասնակիցն ու տերը կզգան երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների: Զանգվածների ներգրավումից վախենում են թե՛ իշխանությունը, թե՛ համաշխարհային դեմոկրատիայի անունից խոսող փոքրիկ վերնախավային խմբակները, որոնց համար զանգվածները խորթ են, անհասկանալի են, վայրենի են եւ երբեք իրենց շուրջը չեն հավաքվել ու չեն հավաքվելու: Զանգվածների վերադարձը քաղաքականություն, հասկանալի պատճառներով, գործընթացին կհաղորդի համապատասխան երանգ ու տրամադրություն:

 

բ. Վերջին անգամ համատեղ հանրահավաքի հայտը հանգեցրեց կառավարության հրաժարականին, ինչն աննախադեպ իրադարձություն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն նոր հայտի հետեւանքները: Ի դեպ, միգուցե հետեւանքներից մեկը լինի այն, որ Սերժ Սարգսյանն առժամանակ հրաժարվի սահամանադրական բարեփոխումների, այսինքն՝ սեփական վերարտադրության ծրագրի իրականացումից:


Խնդրանք

 

Հ.Գ. Վերջում մի խնդրանք բոլոր այն ընկերներիս, ծանոթներիս, ընթերցողներիս, որոնց ազնիվ մղումներին չեմ կասկածում` անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից: Քնադատեք` որքան ուզում եք եւ ում ուզում եք, միայն թե մի վարակվեք, տարածող մի դարձեք հասարակական գործընթացների ընկալման այն անլուրջ ոճը, որը տիրող է դարձել այսօրվա «պատվելի հանրության» շրջանում, եւ որի բնորոշ գծերն են՝ լռվելը ինչ-որ իդեա-ֆիքսերի վրա, «մենակ թե զոքանչին վատ լինի», սեփական նպատակի բացակայությունը, խոսքի ու գործի անհամապատասխանությունը, որեւէ բանում մինչեւ վերջ հետեւողական չլինելը, այսօր ա՛յս, իսկ վաղն ա՛յն դուրս տալը, ոչ մի բան իրապես պատկերացնել չփորձելը, օրումեջ մի սիրած խաղալիք գտնելն ու զբաղվելը, իսկ հետո արագ մոռանալը երեկվանը. մի խոսքով՝ մսուր-մանկապարտեզը: