Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը, որը կրում էր «Կանչ Հայոց Տան» խորագիրը։
Համերգը մեկնարկել է կարճ տեսաֆիլմով, որը ներկայացնում էր Մավր Մկրտչյանի անցած ստեղծագործական ճանապարհը, ինչպես նաև այս մենահամերգի ձևավորման պատմությունը։ Ֆիլմը նաև բացահայտել է համերգի գաղափարական բովանդակությունը՝ հանդիսատեսին տրամադրելով զգացմունքային նախերգանք։
Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Աշուղ Ջիվանի, Ռոբերտ Ամիրխանյան և ոչ միայն. այս համերգային ծրագիրը հայ հոգևոր, ժողովրդական, աշուղական և ժամանակակից երգերի համադրմամբ մի հրաշալի երաժշտական ճամփորդություն էր՝ նվիրված ազգային ինքնության, պատմության ու մշակույթի խորքային արտացոլմանը։
Համերգի ողջ ընթացքում էկրանին ցուցադրվել է յուրաքանչյուր երգին համահունչ բովանդակային ձևավորում, որը լրացնում և ամբողջացնում էր թե՛ համերգի ընդհանուր գաղափարական ուղղությունը, թե՛ Մավր Մկրտչյանի կատարումները։
Երգչի հետ կատարումներով հանդես են եկել նաև նրա կինն ու որդին, «Մատուռ» երգչախումբը, զուգերգ է հնչել Գարեգին Առաքելյանի հետ։
Երեկոյի ավարտին հնչել են կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի երկու ստեղծագործությունները՝ «Հայի աչքեր» և «Երազի երկիր»։ «Երազի երկիր» երգի կատարման համար հանդիսատեսի շարքից բեմ է բարձրացել Ռոբերտ Ամիրխանյանը և նվագակցել Մավր Մկրտչյանին՝ հաղորդելով մենահամերգին առանձնահատուկ ջերմություն։
Համերգը եզրափակվել է Մավր Մկրտչյանի հեղինակային երգով՝ «Կանչ Հայոց Տան», որը հանդիսացել է ոչ միայն ծրագրի վերջին ակորդը, այլև նրա խորագրի ներշնչման աղբյուրը՝ ամփոփելով ողջ երեկոյի գաղափարական ուղերձը։
Մենահամերգն անցել է ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի անսպառ ծափերի ուղեկցությամբ։
Համերգի երաժշտական մասի ղեկավարն էր սիրված երգիչ և երաժիշտ Գարեգին Առաքելյանը (Gata Band), ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը: