կարևոր
847 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 19:25
Հասարակություն

Եթե դահլիճում տեղերը դատարկ լինեին, էլի հանելո՞ւ էին թատրոնի տնօրենին, սա հետապնդում է, էսպես չի կարելի․ Հակոբ Ղազանչյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատման պատրաստվում են  վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնեցին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։

«Երանի ինձնից կախված լիներ թույլ տալու, թույլ չտալու հարցը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ անդրադառնալով Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի Էմին Թորոսյանի պաշտոնից ազատման որոշմանը։
 

«Մեր վարչությունը նամակ ուղղեց քաղաքապետին, նկարագրեց իրողությունը, որ այսպես չի կարելի,  սա հետապնդում է։ Մենք առաջարկեցինք միջնորդի դեր կատարել, առաջարկեցինք մի քննարկում կազմակերպել և քննարկման ընթացքում ընդհանրապես պարզել՝ ի՞նչ է տեղի ունենում։ Այստեղ հարցը մոտեցումն է։ Դեպքեր են լինում, որ ես չեմ խոսում, որովհետև ինչ-որ տեղ ներքուստ ընդունում եմ այդ փոփոխությունը, և ինքս էլ գտնում եմ, որ փոփոխության ժամանակը եկել է, բայց  այս պարագայում, երբ որ գործ ունենք պրոֆեսիոնալ մարդու հետ, մարդ, որն իր կրթությամբ լիովին համապատասխանում է  տնօրենի պաշտոնին, ավարտել է Թատերական ինստիտուտը, ավարտել է մենեջմենթի կուրսեր, աշխատել է քաղաքապետարանում, գիտի այդ համակարգը նաև վերևից, կիրթ անձնավորություն, գրագետ անձնավորություն, պարկեշտ անձնավորություն։ Այսինքն՝ ազատել նրա համար, որ մի քանի հրավիրատոմս ավելի է տվել, լավ, ես ուզում եմ հարց տամ, ենթադրենք, այդ հրավիրատոմսերը չէր տվել, և դահլիճում էդ տեղերը դատարկ էին մնալու, ի՞նչ, էլի՞ պիտի հանեին դրա համար, իհարկե՝ ոչ»,- ասաց Ղազանչյանը։
 

Ղազանչյանի խոսքով՝ հրավիրատոմս տալը խախտում չէ,   կան թատրոններ, որոնք ներկայացումը լրիվ հրավիրատոմսով են խաղում։
 

«Ուրեմն, նստեք ու բոլորին հանե՞ք, էդ ի՞նչ եղավ։ Ընդ որում՝ ընդհանուր հանդիսատեսի քանակի 9 %-ի մասին է, աբսուրդ է այս պատճառը»,- ասաց Ղազանչյանն ու հավելեց․ « Կոչ եք անում, որ այդպիսի միամտություն չանեն։ Վերջին հաշվով հաղթում է նա, ում ձեռքին է ուժը, իրավունքը, վերջին հաշվով էդպես է, բայց այս պարագայում գտնում եմ,որ հիմա վերջին հաշվով որոշումը կայացվել է քաղաքապետի կողմից և   կարելի է այդ որոշումը չեղարկել, սառեցնել»,- ասաց նա։