կարևոր
1801 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-13 10:43
Հասարակություն

Ոգելից խմիչքների արտահանումը վտանգված է, ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում և ինչո՞ւ

Ոգելից խմիչքների արտահանումը վտանգված է, ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում և ինչո՞ւ

Արդեն տևական ժամանակահատված է, ինչ  հայկական արտադրության ոգելից խմիչքով բարձված բեռնատարները հայ-վրացական սահմանը հատելիս Սադախլոյի անցակետում խոչընդոտների են բախվում և չեն կարողանում արագ սահմանը հատել և ուղևորվել դեպի Ռուսաստան։ 

Yerkir.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես, վրացի սահմանապահները Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակն ու գինին ուղարկում են լաբորատոր փորձաքննության, որ պարզեն՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, հայկական արտադրանքը սանիտարական նորմերին, թե՞ ոչ, նոր բաց են թողնում դեպի Ռուսաստան։

Այսօր հայկական ոգելից խմիչք արտադրողները պատրաստվում են ակցիա անցկացնել Վրաստանի դեսպանատան մոտ: Այդ մասին երեկ տեղեկացրել է Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատեր Արմեն Գասպարյանը:

Իսկ թե խնդրի լուծման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկում պատկան մարմինները, հայտնի չէ: 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ոլորտը համակարգող տեղակալ Արման Խոջոյանը, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը լուռ են, ինչից կարող ենք եզրակացնել, որ կա'մ ի վիճակի չեն հարցը լուծելու, կա'մ այդպիսի «մանր» հարցերով իրենք չեն զբաղվում։

Ավելի տխուր վիճակ է ոլորտի մեկ ալ մարմնում`Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն օրեր առաջ նախ ազատվեց պաշտոնից, այնուհետև անմիջապես ձերբակալվեց:

Արտադրողների՝ Վրաստանի դեսպանատան առջև նախաձեռնած բողոքի ակցիան կարող եք դիտել՝ այստեղ։