Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մյուս ժողովուրդները շատ ավելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների ետևում՝ ենթադրելով, որ իրենց հարևաններն ապրում են ներդաշնակության մեջ։ Սա՝ «խոտն ավելի կանաչ է ցանկապատի մյուս կողմում» արտահայտության դասական օրինակ է։
Սակայն, ներքին պառակտումներ կան ամենուրեք, այդ թվում՝ Ադրբեջանում և Թուրքիայում: Ադրբեջանի բանտերը լի են Ալիևի վարչակազմի դեմ բողոքող ցուցարարներով և այլախոհներով: Միևնույն ժամանակ, Թուրքիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել Ստամբուլի և այլ քաղաքների փողոցները՝ զայրացած մեծ ժողովրդականություն վայելող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել էր բանտարկել Իմամօղլուին՝ վախենալով, որ նա կարող է լուրջ մրցակից լինել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում:
Հայերի մոտ հաստատված սխալ պատկերացումներից մեկն այն է, որ հրեաները լիովին միասնական են: Իրականում, իսրայելական կուսակցությունները խորապես բևեռացված են, իսկ մրցակից հրեա-ամերիկյան կազմակերպությունները հաճախ հակադրվում են միմյանց: Տարիներ առաջ ես արտահայտեցի իմ համոզմունքը հրեական միասնության վերաբերյալ մի խմբագրականում՝ գանգատվելով հայերի անմիաբանությունից, բայց ինձ ուղղեց «Հրեական ժառանգություն» թերթի հրատարակիչ Հերբ Բրինը։ Նա վիճարկեց, որ հրեական համայնքը լուրջ ներքին հակասություններ ունի, այդ թվում՝ ղեկավարների միջև դատական հայցեր և բռնության դրվագներ: Վառ օրինակ է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը Թել Ավիվում 1995 թվականին, ոչ թե պաղեստինցու, այլ իսրայելցի հրեայի կողմից:
Հրեական անմիաբանության ամենածայրահեղ դեպքը, թերևս, տեղի ունեցավ 2008 թվականին, երբ Նյու Յորքում տասնյակ ծայրահեղ ուղղափառ ռաբբիներ հանդիպեցինԻրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նա ՄԱԿ-ում դատապարտել էր «սիոնիստ մարդասպաններին»։ Այս ռաբբիները կարծում են, որ Իսրայել պետությունը պետք է կործանվի՝ համաձայն Թորայի, որն արգելում է հրեական պետության ստեղծումը մինչև Մեսիայի գալուստը։ Նրանք նույնիսկ աջակցում են Պաղեստինի ինքնիշխանությանը Սուրբ Երկրի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը սիոնիզմը բնութագրեց որպես քաղաքական շարժում, որը «ձգտում է հարստության և իշխանության» և իր ցանկությունն արտահայտեց, որ «Աստծո կամքով այն շուտով կոչնչացվի»։ Խմբի ավագ ռաբբի Մոշե Բեր Բեքն ասաց Ահմադինեժադին. «Այն, որ մենք պատիվ և արտոնություն ունենք հանդիպելու նման նշանավոր մարդու հետ, որը հասկանում է սիոնիզմի և հուդայականության միջև եղած տարբերությունը, մեզ համար չափազանց ուրախալի առիթ է»։ Մանհեթենի հյուրանոցում կայացած հանդիպումից հետո Ահմադինեժադը լուսանկարվեց ռաբբիների հետ։
Թուրք ամերիկացիները ևս բախվում են լուրջ տարաձայնությունների։ Վերջերս մեծ վեճ է բռնկվել Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի (ATAA) և Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալի միջև: Ամենամեծ թուրք-ամերիկյան կազմակերպությունը՝ ATAA-ն, որն ունի ավելի քան 50 մասնաճյուղեր ամբողջ Միացյալ Նահանգներում, անցկացնում է ամենամյա համաժողով և տոնախմբություն, որը «միավորում է ATAA անդամներին, թուրք ամերիկացիներին, համայնքային ղեկավարներին և մտավորականներին ամբողջ երկրից, Կանադայից և Թուրքիայից», ըստ ATAA-ի կայքի:
Այս տարվա համաժողովին և տոնախմբությանը, որը տեղի ունեցավ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքի Westin Crystal հյուրանոցում 2025 թվականի մայիսի 2-3-ը, հաջորդեց մայիսի 4-ի ATAA-ի Գլխավոր համագումարը: Մայիսի 2-ի երեկոյան ընդունելություն տեղի ունեցավ Կապիտոլիումի գրասենյակի շենքում, կրթության ենթահանձնաժողովի լսումների սենյակում: Հանդիպումներից մեկի խորագիրն էր «Հայկական սփյուռքի հետ առնչվելը. թուրք-ամերիկացիների առջև ծառացած մարտահրավերները»․․․ Գլխավոր խոսնակը ATAA-ի նախկին նախագահ (2011-13թթ.) և ներկայիս հոգաբարձու Էրգուն Կիրլիկովալին էր: Կիրլիկովալին հայտնի է որպես ցեղասպանության ժխտող: Տարիներ առաջ, Կալիֆորնիայի նահանգային ժողովի Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովի կողմից անցկացված լսումների ժամանակ, նա սարսափելի մի ակնարկություն արեց, ասելով, որ «Եփրատ գետի ձկները թքում էին հայկական աչքեր»:
Այս տարի ծագած լուրջ խնդիրը պառակտում առաջացրեց Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալի և ATAA-ի միջև, երբ այն 2025 թվականի մարտի 19-ին հրապարակային հայտարարեց, որ «խստորեն դատապարտում և բողոքում է Ստամբուլի քաղաքապետարանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անարդար կալանքի դեմ: Այս քաղաքական դրդապատճառներով գործողությունը ուղղակի հարձակում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և թուրք ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա»:
Թուրք դեսպանները սովորաբար մասնակցում են ATAA-ի տարեկան համաժողովին և հանդես գալիս հիմնական ելույթով։ Սակայն, դեսպան Օնալը, ATAA-ի կողմից քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալության վերաբերյալ թուրքական կառավարության քննադատությունից հետո, չեղյալ հայտարարեց իր մասնակցությունը համաժողովին։
2025 թվականի ապրիլի 19-ին Իբրահիմ Քուրթուլուսը, որն իրեն համարում է թուրք «համայնքային ակտիվիստ», դեսպան Օնալին ուղղված նամակում ողջունեց նրա հեռանալը ATAA-ի համաժողովից։ Քուրթուլուսը նաև քննադատեց ATAA-ին «հակաթուրքական տրամադրություն» ձևավորելու և խթանելու համար, որը նպաստում է «Թուրքիայի դիրքի ապալեգիտիմացմանը միջազգային ասպարեզում»։
Քուրթուլուսի նամակը «Թուրքական ֆորումի» կայքում տեղադրվելուց մի քանի օր անց, Մուրատ անունով մեկ այլ թուրք ամերիկացի, արտահայտելով իր անհամաձայնությունը Քուրթուլուսի հետ, պատասխանեց «Թուրքական ֆորումում». «Ի՜նչ անհեթեթ նամակ։ Դուք շփոթում եք պետության և երկրի շահերը միանձնյա կառավարման շահերի հետ, մի վարչակարգի, որն այլևս լիարժեք ժողովրդավարական չէ և ավելի ու ավելի է ճնշում իր ժողովրդին։ Դեսպանը պարզապես դարձել է այս միանձնյա կառավարման գործիքը՝ բնականաբար պառակտիչ քաղաքականությունը տարածելով օվկիանոսից այն կողմ»։
Ամփոփելով, պետք է ասել, որ հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները, միասնությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Ինչպես 17-րդ դարում դիպուկ ասել է Մարկո Անտոնիո դե Դոմինիսը. «Էականի մեջ՝ միասնություն, անկարևորի մեջ՝ ազատություն»։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի