կարևոր
403 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-13 18:54
Հասարակություն

Հասանելիք 20-ից 9․6% հրավիրատոմս ենք տվել, պարզվում է` դա էլ է շռայլություն․ ինչո՞ւ են աշխատանքից ազատել թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատման պատրաստվում են  վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնեցին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։

«Մեզ համար շատ անակնկալ էր, որ Էմին Թորոսյանին հանում են թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել, նոր մի լրագրողի ասացի՝ երևի լավ աշխատանքի համար, ինչի՞ ես լավ աշխատում, այ տղա, լավ չես անում։ Ասում են, հրավիրատոմսերը շատ ես բաժանել։ Մեզ համար դա անհեթեթ որոշում է»,-ասաց դերասան Հրաչյա Գասպարյանը։

Նա ընդգծեց՝ չկա սահմանափակում, թե ինչքան պետք է բաժանի տնօրենը, բացի այդ էլ տնօրենն իրավունք ունի, մոտ 20 տոկոս հրավիրատոմս բաժանի, բայց երբ հաշվում ենք, 9.6 տոկոս էլ չի անում։

«Եվ ո՞ւմ է  տրվել այդ հրավիրատոմսերը, այն ուսուցիչներին, որոնք 10-15-ից ավելի աշակերտ են բերում։ Հաշմանդամություն ունեցող երեաներին, մեր առաջին տիկինը մի անգամ ահագին մարդ էր բերել, պարզ է, որ հրավիրատոմս է եղել։ Հրավիրատոմսեր տրվում են թոշակառուներին։ Միակ թերությունը, որ նա հրավիրատոմսերէ  տվել, դրա համար հեռացնում են»,-ասաց դերասանն ու ավելացրեց, որ երկու ամիս շարունակ ստուգել են թատրոնի ֆինանսական հաշվետվությունները, որևէ բան չեն գտել։

Հրաչյա Գասպարյանն ասաց՝ լուրջ մարդիկ են, լուրջ էլ վերաբերվելու են այս պրոցեսին։

«Կոլեկտիվը հասկացավ, որ դա անհեթեթ որոշում է։ Ինձ համար նույնիսկ ամաչելու դեպք է։ Ամոթ է։ Չի կարելի այդպես վարվել։ Չի կարելի մարդկանց, որ նվիրել են իրենց կյանքը մշակույթին... հանկարծ գալիս է այդպիսի որոշում, թերի, բարոյական առումով թերի։ Ու ոչ թե մենք ենք խեղճանում, խեղճանում է նա, ով նման որոշում է ընդունում։ Գոնե մտածեք, ոնց անեք, որ լավ լինի, նման լինի ճշմարտությանը, էս դեպքում դա չեղավ, չստացվեց»,-ասաց բանախոսը։

Այսօր Էմին Թորոսյանը հայտնել է, որ մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է իր գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մամուլը գրել էր, որ Թորոսյանի փոխարեն թատրոնի տնօրեն են ուզում նշանակել Տաթևիկ Հովակիմյանին։