կարևոր
3769 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 19:13
Քաղաքական

Ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիևը պատրաստ է գնալ զիջման․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց կառավարությանը․ «Չնայած նախընտրական խոստումներին, «անջատում՝ հանուն փրկության» թեզի կիրառմանը, բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր հետևյալ ռազմավարությունը՝ հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29 800-ը։ Զոհաբերեցիք Արցախը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կանգնած մնալ Ջերմուկում, Ներքին Հանդում և մնացած օկուպացված հատվածներում։ Բայց դրանից հետո էլ հայտարարում էիք, որ խաղաղությունը շատ մոտ է, հիմա մենք կգնանք, կկնքենք պայմանագիր, ամեն ինչ պատրաստ է։ Եվ դրա հիմքում ասում էիք, որ երեք սկզբունքների շուրջ ձեռք եք բերել պայմանավորվածություն՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման մասին սկզբունքներ եւ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Բայց մենք հիմա ի՞նչ ենք լսում, որ Ալիևն ասում է՝ սահմանազատման հանձնաժողովն ստեղծված է, այնտեղ կորոշեն՝ ընդհանրապես Հայաստանի տարածքները որտեղ է սկսում, որտեղ է ավարտվում։ Եվ 1974 թվականի քարտեզը, որը դուք առաջարկում եք, որեւէ կերպ հիմք չի ընդունում։ Ու ասում է՝ որտեղ եկել, կանգնել եմ, այնտեղից ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ»։

Աննա Գրիգորյանը հավելեց, որ ենթակառուցվածքների մասով Ալիևը նորից իր թեզն է առաջ տանում։ «Անունը դնեք միջանցք, չդնեք միջանցք, լրիվ այլ ռեժիմի մասին է խոսում։ Եվ դուք էլ այսօր այստեղից խոսում եք Մեղրիի 40 քանի կմ տարածքի մասին, մինչդեռ կոմունիկացիաների ապաշրջափակումը, «խաղաղության խաչմերուկի» ձեր հայտնի թեզը լրիվ այլ բան էր նշանակում։ Ավելին, դուք ձեր կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ ղեկավարին հանձնարարական էիք տալիս, որ երեք կետով ապահովեն ադրբեջանցների խաղաղ ելքն ու մուտքը, մինչդեռ տեսնում ենք, որ միայն Մեղրիի մասին է խոսքը։ Արդյունքում՝ ամբողջ բանակցային պրոցեսն ինչի՞ մասին է՝ Ալիեւը պահանջներ է ներկայացնում, որևէ կետում զիջման չի գնում։ Դուք բոլոր այն հարցերը, որոնք ձեզ համար համարում էիք սկզբունքային և կարմիր գծեր, բոլորը զիջել եք։ Արցախի ժողովրդի իրավունքների մասին որևէ հիշատակում այս փաստաթղթում գոյություն չունի։ Ես՝ լինելով այն պատգամավորներից մեկը, որն ԱԳՆ-ում ծանոթացել է ադրբեջանական առաջարկներին, տեսել եմ դա։ Սահմանազատման հետ կապված որեւէ սկզբունքի շուրջ համաձայնություն չկա, ապաշրջափակման մասին խոսք չկա։ Եվ այսօր դուք ասում եք՝ մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Չէ, դուք տարբեր լեզուներով չեք խոսում, դուք տարբեր քաղաքականություն եք իրականացնում, դուք զիջում եք ամեն ինչ, Ալիևը չի զիջում ոչինչ։ Ցույց տվեք մի կետ, որտեղ դուք պատրաստ եք կանգնել ու չզիջել եւ ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիևը պատրաստ է գնալ զիջման»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։