կարևոր
694 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 19:02
Հասարակություն

Ի՞նչ եք ուզում մեզանից, մարդ ունեք՝ տարեք ուրիշ տեղ խոթեք, ինչի՞ եք քանդում թատրոնը․ Արմեն Սանթրոսյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատման պատրաստվում են  վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնեցին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։

«Ես այս թատրոնում աշխատում եմ արդեն 60 տարի, շատ հանցագործություններ եմ տեսել կյանքում, բայց նման հանցագործություն չեմ տեսել։ Ես նման պատիժ չեմ տեսել, մարդուն աշխատանքից հանեն նրա համար, որ հրավիրատոմս է տվել հաշմանդամ երեխաներին, զինվորներին, թոշակառուներին»,-ասաց դերասան Արմեն Սանթրոսյանը։
 

 «Սա ի՞նչ բան է։ Նման սահմանափակում չի եղել, ես մարդ եմ ուզում հրավիրել, պետք է դիմեմ տնօրենին, տնօրենը քաղաքապետարանին, որ թույլ տան՝ երկու տոմս տրամադրել, որ ես հյուր բերեմ։ Ի՞նչ եք ուզում մեզանից։ Իրենց մարդը ունե՞ն, արա, թող տանեն, ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում 95 տարվա այս թատրոնը»,-բարկացավ Արմեն Սանթրոսյանը։

Նա համարում է, որ նոր տնօրենը չի գալու թատրոնի շենացնելու նպատակով։

«Էմինի նման մարդուն ուզում եք աշխատանքից հանել աբսուրդ բանի համար։ Ուրիշ տեղ նման բան կա՞, որ հրավիրատոմս տրամադրելու համար մարդուն աշխատանքից հանեն։ Քանի օր է՝ ասում ենք, եկեք։ Էդ քաղաքապետարանից երբևէ եկե՞լ են, մեր ներկայացումներից որևէ մեկը նայե՞լ են»,-բարկացած արտահատվեց  դերասանը։