կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 12:48
Քաղաքական

Գալուստ անթարգմանելի

Գալուստ անթարգմանելի

Երբ Գալուստ Սահակյանը փառավորապես ԱԺ նախագահ կարգվեց, ինչ մեղքս թաքցնեմ, առաջին միտքն այն էր, թե, նրան այդ աթոռին բազմեցնելով, իշխանություններն արդյո՞ք չեն մտածել երկրի վարկի ու հեղինակության մասին: Քանի որ Գ. Սահակյանն այսուհետ ի պաշտոնե ոչ միայն արտերկրում, այլև հենց մեր երկրում օտարերկրյա պատվիրակություններ ընդունելիս ու նրանց հետ հարաբերվելիս, կամա, թե ակամա, ներկայացնելու է մեր երկիրը, մեր ազգի ինտելեկտը, մեր մշակույթը, հատկապես` լեզվի առումով, վերևի հարցադրումը դառնում է կարևոր: Եվ Գալուստի առնչությամբ իմ մտահոգությունն առավելապես հենց դրան էր վերաբերում` Գալուստին լսողն ի՞նչ կարծիք ու պատկերացում կարող է կազմել մեր երկրի ու մեր լեզվի մասին:

 

Ահա այստեղ է, որ սկսեցի ակամա մտածել նաև այն մասին, որ այսուհետ՝ Գալուստի նշանակումից հետո, Ազգային ժողովում կարևոր պաշտոնյաներից մեկը, եթե ոչ կարևորագույնը (նույնիսկ փոխնախագահներից, աշխատակազմի ղեկավարից ու մյուսներից առավել) դառնալու է… թարգմանիչը: Մասնավորապես՝ Գալուստ Սահակյանի թարգմանիչը, որն ուղղակի պարտավոր է լինել գերկրթված՝ նախ, որ կարողանա ըմբռնել Գրիգորիչի ասածները, ապա նաև՝ պատվով ու արժանապատվորեն ներկայացնել որևէ օտար լեզվով:

 

Խոստովանենք, դա չափազանց ծանր աշխատանք է, իսկ երբ Գրիգորիչը համակվում է թախծոտ տրամադրությամբ ու հակվում փիլիսոփայելու՝ դա նույնիսկ անհնար աշխատանք է, համարյա պատիժ, բայց դե ինչ չես անի հանուն սեփական երկրի ու շեֆի: (Ի դեպ, առանձին թեմա է, թե ինչ են քաշում մեր թարգմանիչները մեր մեծավորների գիտունության ու գրագիտության ձեռից, որին արժե անդրադառնալ):

 

Վերադառնամ Գալուստի թարգմանչին: Մտորումներս այս թեմայով իսկապես ոչ մի լավ բան չեն հուշում նրաս աշխատանքի թեթևության մասին: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է ծագում: Գալուստի «հարուստ» հայերենը կարելի է թերևս «համարժեք» թարգմանել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն և այլն: Բա ռուսերե՞նը: Որպես Մաքսային միությանն անդամակցել պատրաստվող երկրի բարձրաստիճան պաշտոնյա՝ Գալուստը պարտավոր է խոսել այդ միության աշխատանքային լեզվով, և թարգմանչի կրթվածությամբ ու հմտությամբ սքողել բնօրինակի «անզուգական» մայրենին ուղղակի հնարավոր չէ:

 

Ավելին` տարակույս չկա, որ Գալուստի ռուսերենից հետո ռուսները դարձյալ թարգմանչի կարիք կունենան, հետևաբար, մի փրկություն կա` «հավատարիմ» մնալով ՀՀ Սահմանադրությանը և «Լեզվի մասին» ՀՀ օրենքին՝ Գալուստը թող ռուսների հետ խոսի… հայերեն: Ճիշտ է, այդ դեպքում նրա ռուսերեն թարգմանիչը կարող է նույնիսկ լեզվական տրավմաներ ստանալ, բայց դա հազար անգամ գերադասելի է, քան սեփական աթոռն ու պաշտոնը խայտառակելը:

 

Բ. Գասպարյան