կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 21:55
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը՝ երիտասարդության մասին

Հովիկ Աբրահամյանը՝ երիտասարդության մասին

Ազգային ժողովի նիստում, երբ ներկայացվում էր կառավարության ծրագիրը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց վարչապետին երիտասարդության հետ կապված ծրագրերի մասին: Մասնավորապես` նա մեջբերեց կառավարության ծրագրի այն հատվածը, որում գրված է. «ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար՝ սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքացիական, հոգևոր-մշակութային երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ: Երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ շարունակաբար կբերալավվեն երիտասարդ ընտանիքի մատչելի բնակարան ծրագրի պայմանները՝ նպաստելով երիտասարդ ընտանիքների ներգրավվածությունը ծրագրին»:


Պատգամավորը հարցրեց. «Որո՞նք են այդ երաշխիքները, և որո՞նք են բնակարանային ծրագրի մատչելի պայմանները, եթե ներկայումս երիտասարդների ստացած աշխատավարձերը անհամաչափ են այդ ծրագրի պայմաններին»: Նաև հարց հնչեց, թե ինչպե՞ս է կառավարությունը նպաստելու երիտասարդների շրջանում գործազրկության նվազմանը:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երաշխիքն իր և կառավարության քաղաքական կամքն է, որ երիտասարդությանն աջակցեն և փորձեն անել ամեն ինչ, որ երիտասարդությունը կարողանա իրեն դրսևորել:


«Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք որևէ այլ ռեսուրս չունենք՝ նավթ, գազ կամ ելք դեպի ծով, բայց ունենք ապագա սերունդ, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանան դրսևորվել և իրենց գիտելիքները չօգտագործել այլ երկրներում: Բոլոր հարցերի հիմքում դրված է իմ քաղաքական կամքը, որ ես գնալու եմ այդ քայլերին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


Ինչ վերաբերում է մատչելի բնակարաններին, նա նշեց, որ առաջիկա երկու տարում հազար քաղծառայողի համար կառուցվելու է հազար բնակարան, և այդ քաղծառայողները 100 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդներ են: Բնակարանների շինարարությունը լինելու է շարունակական: