կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 23:31
Քաղաքական

Մտքիս ծայրով էլ չի անցնում. Հովիկ Աբրահամյանը՝ նախագահ դառնալու մասին

Մտքիս ծայրով էլ չի անցնում. Հովիկ Աբրահամյանը՝ նախագահ դառնալու մասին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀԿ-ում թեւեր, կլաններ չկան: «Չկան եւ չեն կարող լինել նման թեւեր, ՀՀ նախագահը թույլ չի տա, որ նման թեւեր ձեւավորվեն»,- հայտարարեց նա:

 

Մեր թղթակցի դիտարկմանը, որ արդեն իսկ մամուլը գրում է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, եւ որ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել իր ժառանգորդի խնդիրը, որ հենց այս համատեքստում էլ ակտիվացել են ԱԺ նախագահի ու վարչապետի միջեւ առկա հակասությունների մասին խոսակցությունները, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Ես նման ցանկություն չունեմ (նախագահ դառնալու ցանկություն-խմբ.):  Ուրիշի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել: Նման ցանկություն նույնիսկ իմ մտքի ծայրով չի էլ անցնում»:

 

Հարցին` եթե Սերժ Սարգսյանն իրեն նախագահ դառնալու մասին խնդրի մտածել, կմտածի՞, ԱԺ նախագահը կատակեց. «Նախ պետք է ճշտեմ՝ Սերժ Սարգսյանը կմտածի՞ նման բան, որ ես էլ մտածեմ»:

 

Yerkir.am-ի այն հարցին էլ՝ իսկ վարչապետը նախագահ դառնալու ցանկություն ունի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինձ չի ասել»:

 

Լրագրողները Հովիկ Աբրահամյանից փորձեցին պարզել նաեւ, թե հնարավո՞ր է կրկին պաշտոնանկ լինի, ի պատասխան նա նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, բայցեւ ընդգծեց, որ նման հարց չի քննարկվել:

 

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ իր դեմ մամուլում տպագրվող նյութերին՝ դրանք համարելով պատվեր, նաեւ նշեց, որ դրանք այնքան պարզ եւ պրիմիտիվ են, որ պատվիրատուները պետք է ամաչեն դրա համար, ավելի լավ է նորմալ գործերով զբաղվեն, իրենց ընտանիքներով: 

 

«Ձեր միջոցով պատվիրատուներին ուզում եմ ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, գիտեմ, թե ում միջոցով են պատվիրվում այդ նյութերը, բայց չեմ կարող ասել»,- հայտարարեց նա: