կարևոր
505 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-20 09:15
Հասարակություն

Կարգելվի սեւ մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Կարգելվի սեւ մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում է, որ մինչեւ հունվարի 3-ը Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ՝«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»։

Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել սեւ մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ եւ ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձեւավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչեւ բարդ ապրանքների արտադրություն)։

Ըստ հիմնավորման՝ «Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) արտադրության եւ ներքին առեւտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Ակնկալվում է, որ սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա բացառել Հայաստանի մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկությունների գործունեության դադարի հնարավոր վտանգները, զարգացնել տեղական տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող մետաղական ապրանքների արտադրությունը (ապահովելով տեղում բարդ ապրանքի արտադրության ամբողջական շղթան)՝ իրականացնելով ներմուծման փոխարինում:

Նպատակն է տեղական արտադրության մետալուրգիական եւ մետաղագործական ոլորտի ձեռնարկությունների գործունեության կայունացում, ներմուծման փոխարինում:

Նախկինում նման օրինագծերը Նիկոլ Փաշինյանը համարում էր «պալատական գործարարների շահերը քեշով սպասարկելու գործելաոճ». կարճ ասած՝ ոչինչ չի փոխվել»։