կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-21 10:31
Հասարակություն

Գյումրիում տեղադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը

Գյումրիում տեղադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը

Այսօր Գյումրու համայնքապետարանի, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և թանգարանի մասնաճյուղ՝ Քանդակագործության ազգային պարկ֊թանգարանի ջանքերով, Պռոշյան և Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղադրվեց Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը։ Այս մասին հաղորդում է Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանը։

Արձանի քանդակագործն է Միսակ Մելքոնյանը։

Թանգարանը շնորհակալություն է հայտնում բարերարներին և աջակիցներին։

Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։

Հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան, ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ Կարո Սասունին ծնվել է 1889 թ. հուլիսի 15-ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։ Նա Ղազարի ութը զավակներից վեցերորդն էր։

1901 թվականին ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը, իսկ նույն տարվա աշնանից նա սովորում է Մշո Մուրադ - Մխիթարյան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր։

Կ. Սասունին Մխիթարյան վարժարանում սովորել է հինգ տարի` մինչև 1906 թվականը՝ աչքի ընկնելով ուսումնատենչությամբ և բացառիկ ընդունակությամբ։ 

1912 թվականին նա ավարտել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այնուհետև գործել է Տարոնում։ 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Կարո Սասունին Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան։ 

1920 թվականի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան խռովության ճնշմանը։ Ընտրվել է Հայաստանի խորհրդարանի անդամ։ 

1921 թվականի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից էր։ Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։ Բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումից հետո անցել է արտասահման, նախ՝ Փարիզ, ապա՝ Բեյրութ, որտեղ զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով։ 

Բեյրութում 1962-1974 թթ. եղել է «Բագին» գրական-գեղարվեստական ամսագրի վարիչ խմբագիրը։

Ուսումնասիրել է հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի Առաջին հանրապետության պատմության հիմնախնդիրները, որոնց հիման վրա գրել է մի շարք արժեքավոր պատմագիտական ուսումնասիրություններ և գեղարվեստական երկեր։

Մահացել է 1977 թ. Բեյրութում։