Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Մաքսային միությանը անդամակցելը չի հակասում Ասոցացման համաձայնագրին: Իր այս կարծիքը նա պնդեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցելիս: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները կողմնակից են նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը զուգահեռ կա մյուս կողմի կարծիքը, ըստ որի` Ասոցացման համաձայնագիրը անհամատեղելի է Մաքսային միության հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, կա երկրորդ կողմ, որը վաղը լինելու է ՀՀ-ում. քննարկումներ են լինելու երկրի իշխանությունների հետ, եւ այդ քննարկումների արդյունքում էլ որոշում կկայացվի»:
Աբրահամյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ ՀՀ-ում ընթացքող բարեփոխումների ուղղությամբ, շարունակելու են հանդիպել, բանակցել, օգտագործել այն համագործակցությունը, որը բխում է Հայաստանի շահերից:
Դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու` այդ հապշտապ ընդունված որոշումը, ԱԺ նախագահը պատասխանեց, որ որեւէ հապշտապ որոշում չի կայացվել. ՀՀ նախագահը հայտնել է իր համաձայնությունը, իր մտադրությունը:
Հարցին, թե` արդյո՞ք ճնշումներ են եղել Հայաստանի վրա, Աբրահամյանը պատասխանեց. «Ես որեւէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որեւէ ճնշում կա մեր իշխանությունների վրա, եւ որեւէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը»:
ԱԺ նախագահը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի` Մոսկվա մեկնելուց առաջ կոալիցիոն քննարկում է եղել եւ համաձայնություն ձեռք բերվել: «Ճիշտ չեն ասում այն մարդիկ, ովքեր տեղյակ են եղել այդ ամենից եւ այսօր ասում են տեղյակ չենք, դա ազնիվ չէ»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` կրկին «եւ, եւ» քաղաքականությո՞ւնն եք ուզում վարել, Աբրահամյանը հստակ պատասխանեց` ոչ:
Մաքսային միությանն անդամակցելու գործընթացները, ըստ Աբրահամյանի, կարող են ձգվել մինչեւ 2014 թվականը: «Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մենք գերի ենք. եթե լավ փաստաթուղթ չեղավ, չբխեց մեր երկրի շահերից, մենք չենք համաձայնելու: Նորից եմ ասում, սա նախնական համաձայնություն է: Միգուցե լինի փաստաթուղթ, ԱԺ-ն չքվեարկի, դա իր լիազորությունն է: Ամեն ինչ առջեւում է, մի' շտապեք»,-լրագրողներին կոչ արեց ԱԺ նախագահը: