կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-21 11:52
Աշխարհ

Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ. Պեսկով

Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ բանակցություններին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմի խոսնակ Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին տված հարցազրույցում։

«Նա (Մակրոնը – խմբ.) ասել է Պուտինի հետ զրուցելու պատրաստակամության մասին։ Այստեղ շատ կարևոր է հիշել այն, ինչ նախագահը ասաց ուղիղ կապի ժամանակ։ Նա նույնպես Մակրոնի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել։ Ուստի, եթե կա փոխադարձ քաղաքական ցանկություն, դա միայն դրական կարելի է գնահատել»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երկու պետությունների ղեկավարների հնարավոր շփումները պետք է լինեն «միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ», այլ ոչ թե «դասախոսություն կարդալու»։

Հուլիսին Մակրոնն ու Պուտինը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց ունեցան։ Նրանք քննարկեցին Ուկրաինայի պատերազմը, Թեհրան-Թել Ավիվ հակամարտության սրացումը, ինչպես նաև ԱՄՆ հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Կողմերը պայմանավորվեցին պահպանել կապը՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ դիրքորոշումների համակարգման համար։

Դեկտեմբերի 19-ին Մակրոնը հանդես եկավ Պուտինի հետ շփումները վերականգնելու օգտին՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը համապատասխանում է ինչպես եվրոպացիների, այնպես էլ ուկրաինացիների շահերին։

Նույն օրը ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվեցին տրամադրել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով անհատույց (զրո տոկոսով) վարկ։ Միևնույն ժամանակ, նրանք չկարողացան համաձայնության գալ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ։