կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-21 19:19
Առանց Կատեգորիա

Դեռ տուն չես հասել

Դեռ տուն չես հասել

Օրը սկսվել էր սովորականի պես' աղոթքով, դրսում էլ արեւ էր: Հետո մի պահ շունչս կտրվեց' ավտովթար էր եղել, Սյուզին ու մայրը մահացել էին, Սյուզիի եղբայրը վերակենդանացման բաժնում էր: Մի պահ շունչս կտրվեց, հետո' օրը շարունակեց իր սովորական ընթացքը' Սյուզիենց թողնելով վայրկյաններից մեկի մեջ:

 

Պառկած եմ. տանն իրարանցում է: Տատին ստիպում է մամային հերթով զանգել բարեկամներին, ու լուրի մասին տեղյակ պահել: Քրոջս երեք տարեկան աղջիկն անուշադրության է մատնված: Զանգ է գալիս: Տատին է վերցնում հեռախոսը:

 

-Ալո, հա, Զաբել դո՞ւ ես: Ո՞նց պիտի լինեմ; Հենց լուրն իմացա, նենց վատացա, ուշքս գնաց, ընկա գետնին: Անյան /մայրս/ կապլի տվեց, որ ուշքի գամ: Մինչեւ հիմա էլ լավ չեմ: Տներս քանդվեցին: Վայ-վայ-վայ: Գոռը լավ չի, հույս չեն տալիս: Բժիշկներն ասում են' ուղեղի ջուրը կաթում ա ուղեղի մեջ: Ուֆ-ուֆ: Աստված ջան, տան ճրագը մի մարի, մերն ու քուրը գնացին, գոնե էս երեխեն սաղ մնա... Լավ, հետո կխոսանք:

 

***

-Տատ, այ տատ, որ ուղեղի ջուրը կաթում ա, մարդուն ի՞նչ ա լինում: Մահանո՞ւմ ա, թե՞ մենակ ուղեղն ա մահանում:

 

***

3-4 տարի առաջ տատիի գյուղի բարեկամներն եկան մեր տուն: Սյուզիի հետ ծանոթացա, սկսեցի ջանասիրաբար հյուրասիրել, հետո' ընդհանուր թեմա գտնել« եղանակը, ամանորյա զեղչեր, ամանորյա եթերը, պարզվեց, չէին հետաքրքրում իրեն: Չգիտեի' ինչով զբաղեցնել նրան, ստիպված իմ սենյակ տարա' միգուցե տոհմի հին նկարներով բզբզանք: Երբ մտավ իմ սենյակ ու գրասեղանիցս բազմաթիվ գրերի միջից վերցրեց Հովհաննես Գրիգորյանի գիրքը, նայեցի նրան ու թե' «կներես»: Էդ օրը գտա քեզ, էդ օրը էդ տարվա ձեռքբերումս էր:

 

***

Կրկին զանգ է գալիս ու էլի տատին ա պատասխանում:

-Ալո, հա Աղուն ջան: Էհ, ոնց պիտի լինեմ, է: Տենաս ոնց վատացա: Ընկա գետնին: Եսիմ: Ասում են' Գոռը կարմիր լույսի տակ կանգնած ա եղել, Ջիփն եկել ա, խփել ու փախել: Վարորդը լակած ա եղել: Ասում են ինչ-որ գնդապետ կա, պաշտպանության նախարարությունից, դրա վարորդն ա: Է, ըսկի դրան չեն էլ բռնի, պաշտոնական մարդու վարորդ ա: Գոնե Գոռն ապրի, գոնե տան ճրագը չմարի: Լավ, բալես, հետո կխոսանք:

 

***

-Տատ, տատիկ, մարդը որ մահանում ա, մահի հետ ինչ ա լինում:

 

***

Սյուզին մի օր զանգեց, թե Կար, վաղը ծնունդս ա: Գործից հետո կզանգեմ, կհանդիպենք, բայց դրսում: Գնացինք Jazzve: Չգիտեի, որ ծնունդդ երկուսով ենք նշելու: Մի տեսակ անհարմար էի զգում: Ասացիր, որ հոգնել ես բոլորից. տխուր էիր: Մատուցողին խնդրեցի խմորեղենի վրա մոմ դնել: Խմորեղենը բերեցին, սկսեցի երգել. կողքի սեղաններից միացան: Աչքերդ փայլում էին: Ծնունդդ ստացվեց:

 

***

Տատին մամային համոզում էր զանգեր մորքուրին:

-Նոր եմ հետը խոսացել:

-Տուր ես զանգեմ: Ալո: Հայաստան: Ինչ կա: Է, ոնց պիտի լինեմ, հոգիս տալիս եմ: Նենց վատացա: Ընկա գետնին: Էսօր բերանս մի բան էլ չեմ դրել: Լսի, ի՞նչ խաբար կա: Գոռի գիտակցությունը տե՞ղն ա եկել: /Անյա, լսում ես, Հայաստանն ասում ա' Գոռի գիտակցությունը տեղն ա եկել/: Վայ, էդ երեխու սիրտը չի դիմանա, որ իմանա մերն ու քուրը չկան: Վայ, սեւ եկավ վրաներս:

 

***

-Տատ, տատ, հլը լսիր: Հիմա Գոռը էլ մամա ու քուրիկ չունի: Բա ո՞ւմ հետ ա խաղալու կամ կռվելու:

 

***

Ջոյսի «Ուլիսեսը» նոր էի վերջացրել: Մի տեսակ կոկորդիս էր մնացել, մեկի հետ պետք է խոսայի: Սյուզիին տեսա: Միակ մարդն էր, ով առանց ընդհատելու երկու ժամից ավել լսում էր ցնդաբանություններս, թե որ հատվածը ոնց եմ հասկացել: Միակ մարդն էր, ով էդ ընթացքում չհիշեց իր նախկին սիրուն, մեջբերումներ չարեց իրենց խոսակցություններից: «Կար, ինձ թվում ա լավ վերլուծական կարաս գրես: Լուրջ: Արի գնա տուն ու գրիր էն, ինչ ինձ ասացիր, հա՞: Մեկ էլ էդ գիրքը տուր ես էլ կարդամ»: Երկուսիս աչքերն էլ փայլում էին. օրներս ստացվել էր:

 

***

Զանգ եկավ. տատին անջատեց հեռախոսը. լուրերն էին սկսվում: «Ոնց էլ չլինի, Շամշյանը կհայտնի»,-վստահ էր տատին: Արմենիայով ոչ մի բան էլ չասացին, Հ1-ով, Հ2-ով էլ: «Շանթը կասի, հաստատ: Աչքիս Շամշյանը չի հասցրել տելեվիզրով նկարի»,-տատին դեռ հույս ուներ: Մերոնք հիասթափված էին. իրենց համար էդքան կարեւորը իրադարձության մասին այդպես էլ լուրերով ոչ մի բան չցուցադրին: Տատին իմ գոյության մասին հիշեց.

-Կարինե, գիտեմ, որ քնած չես: Ձեն հանի: Կարո՞ղ ա լուրջ քնած ես: Դե, որ զարթնես, մտի ինտերնետ, ըտեղ գրած կլինի, տես' ի՞նչ են ասում:

 

***

-Տատ: Տատի, այ տատի: Տատ, չե՞ս լսում: Քունս տանում ա: Բայց չեմ ուզում քնեմ: Բա որ Սուզին ու իրա մաման մահացան, բա հիմա ո՞վ ա լինելու Սուզիի ու իրա մամայի տեղը: Տատ, զանգի մամային, ասա, թող գա ինձ տանի: Հոգնեցի ձեզնից, անընդհատ լացում եք: Կարինն էլ եկել, մտել է ներս, հետս չի խաղում. վերջ, նեղացա բոլորիցդ:

 

***

Սյուզին զանգեց: Տխուր էր: Սիրահարվել էր: Մարդն ամուսնացած էր, երեխա էլ ուներ:

-Ուֆֆ, Սյուզ, դու տենց էլ սիրահարվելու ձեւը չգտար:

 -Թե չէ դու գտար, հա՞: Տաս տարի ա' մեկին ես սիրում: Ինքն էլ ա, չէ՞, ամուսնացել...

Գործից հետո հանդիպեցինք: Մենակ իր հետ էր լինում ժամերով լուռ քայլել: Աբովյան փողոցն անցնելիս' մեկը շլանգով ջրեց: Փողոցն անցա ու գրկեցի քեզ. ջուր, ջուր էինք: Աչքերդ փայլում էին. լռություններս ստացվեց:

 

***

Տատին հեռախոսը մոռացել է միացնի, ու կռվում է բոլոր նրանց հետ, ովքեր չեն զանգում: Մամային ասում ա, որ զանգի ինչ-որ մեկին: Մաման ի վիճակի չի: Քրոջս աղջիկը լացում ա' մամային ա ուզում:

Հագնվում, տնից դուրս եմ գալիս: Կատուն փաթաթվում ա ոտքերիս: Ուզում եմ ոտքով խփել, բայց փոխարենը գրկում եմ ու փախչում տնից: Եկեղեցում մարդ չկա. միայն կատվիս մլավոցն է լսվում: Ասացին, որ արդեն փակվում է եկեղեցին, պիտի դուրս գամ: Ուզում էի քայլել, բայց երազում ոնց ա լինում, ոտքերդ չեն շարժվում: Լույսերն անջատեցին, դուռը փակեցին: Կատուն կծկվեց ոտքերիս մոտ:

Այ, հիմա մենակ ենք մնացել, Սյուզ: Հիմա զգում եմ ներկայությունդ, տեսնում աչքերիդ փայլը: Հետո բացում եմ աչքերս. միգուցե երա՞զ էր: Զանգում եմ բջջայինիդ: Անհասանելի ես: Զանգում եմ տուն. պատասխանող չկա: Ուրեմն դեռ տուն չես հասել...

 

Կարինե Հարությունյան