Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի Մնջախաղի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
-2013-ին, փաստորեն, Մնջախաղի թատրոնն այդպես էլ չունեցավ իր շենքը:
-Թատրոնի շենքի հարցը մնում է չլուծված: Հյուսիսային պողոտայում մի տարբերակ էր քննարկվում, պատրաստ էր անգամ նախագիծը, բոլոր պայմանները կային: Հարցն այն էր, որ արդյունքում մի շարք բնակիչների կամ խանութների ցուցափեղկեր պետք է փակվեին, եւ բնական է` այդ մարդիկ չհամաձայնեցին, իսկ թատրոնի շենքի տարածքը սեղմելով` «տակը բան չէր մնա»: Դրա համար հիմա այլ տարբերակներ ենք փնտրում:
-Որքանո՞վ է իրատեսական, որ 2014-ին կսկսեն կառուցել շենքը:
-Բոլորովին իրատեսական չէ, ուղղակի ցանկություն ունենք: Ամբողջ Հյուսիսային պողոտան տեր ունի, այնտեղ պիտի պետությունը գնի ինչ-որ տարածք եւ մեզ տրամադրի: Այլընտրանքային տարածք չենք գտնում: Մեզնից բացի, միակ մարդը, որ շահագրգռված է շենքի հարցը լուծելու համար, Նարեկ Սարգսյանն է:
-Մշակույթի նախարարությունը փորձո՞ւմ է այդ առումով Ձեզ ինչ-որ կերպ աջակցել:
-Նախարարությունն աջակցում է, որ թատրոնը գործի, բայց շենքի առումով կոնկրետ առաջարկներ չկան: Այնպիսի տպավորություն է, որ ինձ, մեր դերասաններին ու անձնակազմին է պետք թատրոնը, այլապես ինձ համար ուղղակի անհասկանալի է այս վիճակը: 10 տարի շարունակ մեզ տրամադրվել էր գեղարվեստի ակադեմիայի նախկին թատերականի բեմը, որը հիմա պահեստի է վերածվել: Երբ մենք առաջարկեցինք, որ տարածքը մեզ տրվի, մերժեցին. չեմ հասկանում` այդքան մեծ պահե՞ստ է անհրաժեշտ ակադեմիային: Ինչո՞ւ պետք է Արամ Իսաբեկյանը /գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է/ իր համար հանգիստ աշխատի ու ասի` տեսաք, մենք «կրեցինք»: Հա՛, եղբա'յր, դուք հաղթեցինք, մենք էլ պարտվեցինք, հա՛, հա՛, պարտվել ենք, հետո՞: Տարիներ շարունակ չարքաշ կյանքով ենք ապրել, ընկել ենք դռնեդուռ, դե, հերիք է, էլի:
-Մնջախաղի թատրոնի շենքի կառուցման հետ կապված անտարբերությունն ինչի՞ց է գալիս:
-Գալիս է նրանից, որովհետեւ ես լկտի չեմ եւ չեմ կարող լրբանալ եւ ձայնս գլուխս գցել, զանգել, իրար խառնել տարբեր կուսակցությունների ղեկավարներին: Ես երբեք նման բան չեմ արել իմ կյանքում, իսկ ոմանք անում են դա եւ շահած են դուրս գալիս: Մնջախաղի թատրոնի հարցը լուծվելու է մի դեպքում` եթե ինչ-որ մեկը շահագրգիռ լինի: Նարեկ Սարգսյանն, այո, շահագրգռված է, եւ եթե գտնվի եւս մեկը, որ ուղղակի տարածքը գնի եւ մեզ նվիրի, ամեն ինչ հրաշալի կլինի: Այդ ժամանակ մեզ կմնա միայն աշխատել: Աշխարհի ամենահեշտ բանը բեմադրություն անելն է, ամենաբարդը` այդ բեմադրությունն անելու համար պայման ստեղծելը: Եթե մենք գործիք չունենք, ո՞նց կարող ենք աշխատել: Թատրոնն ատամներով է պահվում, սա ինքնազոհողություն է, ներքին կորուստների արդյունքում եմ կարողանում թատրոնը պահել:
-Ստացվում է այնպես, որ ստեղծագործական ուժերն էլ են մարում, չէ՞:
-Այո, ես երեսի զոռով եմ պահում թատրոնը: Չնայած դրան` մենք նաեւ աշխատում ենք` Պատանի հանդիսատեսի թատրոնում /նախկին Պիոներ պալատում/ ստուդիա եմ բացել, իսկ Արաբկիրի Հայորդաց տանը դասընթացներ ենք մտցրել. այնտեղ կրկեսային եւ պարի բաժիններում մնջախաղ են անցնում: Ես շատ կուզեի` ուրիշ թատրոնների նման մեր շենքն ունենայինք, սիրուն, տաք նստեինք, արենդայով էլ կտայինք տարածքը, լավ էլ գումար կաշխատեինք: Տարեվերջին հաշվետվության ժամանակ դեռ մի բան էլ զարմանում են, թե` ձեր եկամուտն ինչո՞ւ է այսքան քիչ: Անգամ այս պայմաններում մեր ցուցանիշներն ընտիր են, էլ չասեմ, որ տարեկան ամենաշատ հյուրախաղեր ունեցող թատրոնն ենք:
-Կհիշեք` վերջին 4-5 տարիներին, բացի Մատենադարանից, մշակութային ի՞նչ շենք է կառուցվել:
-Մատենադարանն ամեն ինչ արժեր. եթե ինձ հարցնեին` ի՞նչ ես ուզում, որ կառուցվի` Մատենադարա՞ն, թե՞ Մնջախաղի թատրոն, ես կասեի` Մատենադարան: Մի քանի գրախանութներ են բացվել. փառք Աստծո, որ գրատպության 500-ամյակն ունեցանք: Ուրիշ կառույց չեմ հիշի: Բայց ինձ մի բան է հետաքրքրում` ո՞նց անենք, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը չարվի: Արի ձեւը գտնենք եւ արգելենք: Ո՞նց կարելի է սեփական ժողովրդի ծաղրուծանակն ի ցույց դնել ամեն տարի: Կուզեի, որ 2014-ն ավելի պայծառ լիներ, մանավանդ` մեր թատրոնի 40-ամյակն է լրանում, չնայած` չգիտենք` որտեղ ենք նշելու: Մեր թատրոնի հիմնադրման 30-րդ տարեդարձին Ղազանչյանը մեզ մի մեծ բաժակ նվիրեց ու ասաց, թե` «խնդրեմ, սա ձեր համբերության բաժակն է, որը զարմանալիորեն չի լցվում: Թատրոնի 40-ամյակին հույս ունեմ, որ այն թատրոնի շենքում կցուցադրվի»: Այո, հիմա մենք նշում ենք 40-ամյակը, իսկ բաժակը Տիկնիկային թատրոնում է դրված:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ