կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 16:36
Առանց Կատեգորիա

Հարուստներ շատ ունենք, բայց նրանք Մանթաշով չեն. Երվանդ Մանարյան

Հարուստներ շատ ունենք, բայց նրանք Մանթաշով չեն. Երվանդ Մանարյան

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի մուտքի մոտ եմ, զանգում եմ Երվանդ Մանարյանին:

-Վա՜յ, արդեն եկել ես, ես հիմա արագ-արագ կգամ, մետրոյում եմ:

-Ո՞նց թե արագ-արագ կգամ, վարպե'տ, հանգիստ եկեք, ես չեմ շտապում:

-Ուրեմն` բարձրացիր Դեմիրճյանի թանգարան, մտիր ներս, տաք կլինի, սպասիր, հիմա կհասնեմ: Իրենք կընդունեն քեզ, բարձրացիր, չամաչես:

 

Այս տարի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը կդառնա 90 տարեկան: Մինչ հարցազրույցը սկսելը զրուցում ենք, ու նա էլ, թե` ի՞նչ, չլսեցի: Սկսում եմ բարձր խոսել: Պարզվում է` նախորդ հարցս ընդամենը չէր լսել. «Ինչո՞ւ ես գոռում, աղջի'կս, լսում եմ, լսում»: Հետո նկարում եմ ու ուզում նկարը ցույց տալ:

-Առանց ակնոցի կտեսնե՞ք:

Ծիծաղում է ու, նկարի հետ կապված, մի քանի դիտողություն անում:

 

-«Ագուլիսի» տարածքը փոքր չէ՞:

-Փոքր է, բայց սրտներս է մեծ: Էս արդեն սկսեցիր, հա՞:

 

-Ըհը: Հին ֆիլմերն ինչո՞ւ չեն հնանում, ասենք` Ձեր խաղացած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը:

-Սա լուրջ հարց է: Գիտես` էն ժամանակ էդ գործին իմիջիայլոց չէինք նայում, քանի որ գիտեինք` կինոն, ինչպես յուրաքանչյուր հասարակության մեջ, հասարակության հոգեւոր կյանքի արտահայտչաձեւերից մեկն է, սերունդ, քաղաքացի է դաստիարակում, ճանապարհ է ցույց տալիս, զգուշացնում ինչ-որ բաներից: Ցավոք, այսօր քաղաքական կյանքում եղած փոփոխություններից հետո կինոյին վերագրվող դերը փոխվեց, շատերի կողմից համարվեց ոչ շատ պիտանի: Էն ժամանակ պարտադիր կերպով խմբագիր ունեինք, ես ինքս եղել եմ խմբագիր եւ շատ սիրել այդ աշխատանքը: Խմբագիրը շատ լուրջ օղակ է հասարակության եւ ստեղծագործողի միջեւ. երբ հնարավորություն ես տալիս, որ ռեժիսորը զրուցի խմբագրի հետ, ռեժիսորը սկսում է լսել ինքն իրեն: Հիմա, ըստ երեւույթին, պարզապես ստեղծագործում են, այո, նաեւ շնորհքով գործեր են ստեղծվում, բայց ինքն իրեն լսելու ունակության բացակայությունը պատճառ է դառնում, որ ռեժիսորը ունկնդրի, սպառողի հանգամանքը մոռանա ու պարզապես ստեղծագործի:

 

-Այո, ինքն իրեն լսելը լավ բան է: Վերջին շրջանում Ձեր ներքին ձայնն ի՞նչ է ասում:

-Վերջին շրջանում, ցավոք, ստեղծագործական աշխատանքով այնքան էլ չեմ զբաղվում: Իսկ կյանքում… կյանքում դժվարությունները շատ են, քանի որ հեշտ չէ հասարակարգ փոխել: Նախորդ շրջանում մենք թեեւ շատ ծանր ու դժվար ժառանգություն ունեցանք, բայց մենակ չէինք: Հիմա ինչքան էլ մենք ռուսական գերիշխանությունից դժգոհենք, բայց էդ տարիներին մենք թիկունք էինք զգում: Այն ժամանակ կային մարդիկ, որոնք իրենց երկրի տերն էին, ցանկանում էին իրենց երկրում կարգ ու կանոն սահմանել: Ոնց որ ընդունված է ասել` էն թվերին, ունենալով մեր անձնական շահերը, մտածում էինք նաեւ հարեւանի մասին: Այս ամենը մթնոլորտ էր ստեղծում, ինչը թույլ չէր տալիս, որ քո խելքից դուրս տվածն ասես եւ սրան-նրան վիրավորես: Իսկ հիմա արդարանում են, թե` ինձ տրված է այդ իրավունքը, նա ինձ էսպես ասաց, ես էլ իրեն էսպես պատասխանեցի, իսկ այս իրավիճակն արվեստում պետք է բացառվի, արվեստը դրա համար չէ:

 

-Արածի համար չեն ափսոսում: Ձեր ո՞ր չարածի համար եք ափսոսում:

-Աղջի'կս, շատ են դրանք: Կյանքն ինչքան երկար է տեւում, այնքան չարածներդ, որ պետք է արած լինեիր, ավելանում են: Իհարկե, կան բաներ, որոնց համար ափսոսում ես: Պետք չէ այդ մասին խոսել, մեկ է` այլեւս հետ չենք բերի: Արի իմ ունեցած ժամանակը տրամադրենք ինձնից հետո եկողներին, մանավանդ` իմ տարիքի մարդը ոչ թե իրենից անմիջապես եկողներին է նկատի ունենում, այլ նրանից հետո եկողին, թոռների, ծոռների հաշիվ կա, չէ՞, դու պետք է նրանց համար կարգին ճանապարհ հարթես: Իսկ կարգին ճանապարհ ասվածը շատ բարդ բան է, կարգին ճանապարհը ոչ միայն հայրենասիրությունն է, քանի որ հայրենասիրության մեջ պետք է պարտադիր ներառել նաեւ հարեւանասիրությունը. հո մենակ չե՞ս ապրում: Հարեւանին սիրելը բարդ բան է, բավարար չէ նրան ուղղակի հարգել, պետք է, նրա թերությունները տեսնելով, դիմակայել:

 

-Ձեր մի խոսքը հիշեցի` պարտություն ապրած ժողովուրդը դատապարտված է հաղթանակ տեսնել: Սա մեզ համար չէ՞ ասված, թե՞ ներքին պարտությունը պարտություն չէ:

-Ներքին խնդիրները… Մենք, բախտի բերմամբ կամ պատմության հրամայականով մի փառավոր սերունդ ունեցանք, որ մեզ հաղթանակ բերեց, դա չպետք է մոռանանք: Մենք հաղթանակ տեսած ժողովուրդ ենք, իսկ նման ժողովուրդը պետք է նաեւ մեծահոգի լինի, չպետք է մանրանա: Դա շատ կարեւոր եւ դժվար բան է, այն, ինչ երբեմն մեզ այսօր չի հաջողվում: Մենք մեր դիմացինի խոտորումները, փոքրոգումները տեսնում ենք եւ ինքներս ակամա դառնում այդպիսին: Աստված մեզ էս հարեւաններին է տվել, եւ սա փոփոխման ենթակա չէ, մենք չենք կարող չուլ ու փալաս հավաքել ու գնալ ուրիշ տեղ: Այսօրվա դժվարությունը հենց դիմացինին հասկանալու մեջ են, դիմացինի վիճակն ըմբռնելը կարեւոր է: Պատահում է, չէ՞, որ հարեւաններից մեկի մոտ ինչ-որ դժբախտ դեպք է լինում, ի՞նչ ենք անում մենք այդ ժամանակ` տանեցիներին զգուշացնում ենք, թե` բարձրաձայն նվագ չհնչի, բարձր չծիծաղեք… Նման հարաբերություններ պետք է լինեն նաեւ հարեւան երկրների միջեւ:

 

-Ինչո՞ւ ենք միայն տանը հիշում, որ սկզբունքներ ունենք:

-Մենք ծայրահեղությունների մարդիկ ենք, եւ դա Աստծո տվածն է: Միջինը դժվարանում ենք գտնել, սակայն դա է ճշմարիտը: Պետք է հարգել դիմացինին եւ թույլ չտալ, որ նա քո իրավունքները ոտնահարի: Պետք է գիտակցենք, որ քաղաքացիական պարտականություն ունենք եւ առանց դրա հնարավոր չէ: Պետք է մեզ նեղություն պատճառենք եւ մի քիչ շատ մտածենք այդ մասին, մի քիչ շատ ժամանակ ունենանք խորհելու` ի՞նչ եմ անում ես, ի՞նչ է անում հարեւանս եւ ինչպե՞ս պետք է ես նրա հետ շփվեմ: Երբ մեկը չափն անցնում է, պետք չէ աչքը հանել, մարդուն հասկացնել է պետք, զրուցել հետը:

 

-Քաղաքացիների հետ շատ եք շփվում, ի՞նչ օրի են մարդիկ:

-Դժվար է, բարդ հարց է: Նոր բան ստեղծելը, մանավանդ, երբ դրա հնարավորությունները շատ չեն, հեշտ չէ: Դու անընդհատ դժվարությունների ես հանդիպում, իսկ դժվարությունը մարդուն դառնացնում է, մարդը սկսում է վատ բաներ մտածել: Էդ պահերին վրա հասած դառը մտքերը պետք է հետ մղել, դրանք չպետք է քեզ իշխեն: Դառնություն է, կգա-կանցնի, ոչինչ: Իմ մորական պապիկի երգը /երաժշտության հեղինակն է/ հիշեցի` ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Վհատությունն ամենակործանարար բանն է, որ բնությունը տվել է մարդուն, միանգամից ջլատում է քո բոլոր ուժերը, եւ մնում ես մենակ, ասես` մերկ գայլերի բերանն ընկնես: Դժվարությունները հաղթահարելու համար, այո, քեզ շատ բաներից ես զրկում, շատ բաներ կորցնում, որպեսզի հետո ստացածիդ արժեքը կարողանաս գնահատել:


-Այն, ինչ կորցնում ենք այսօր ու արդյունքում ինչ-որ բան ձեռք բերում, համարժե՞ք են իրար:

-Համարժեք չեն, բայց ոչ թե կորցրածի, այլ ձեռք բերածի իմաստով: Հավատա, ձեռք ենք բերում ավելին, բայց քանի որ կորցրածը դառնություն է պահանջում, ձեռք բերածի քաղցրությունը հիմա չենք զգում, հետո կհասկանանք: Համբերել կարողանալը շատ դժվար է, սովորաբար այն արտահայտվում է արվեստի բնագավառում, քանի որ արվեստը հնարավորություն է ընձեռում ոչ միայն որոշակի ձեւով քո անելիքը տեսնել, այլեւ ամբողջականությունն ընկալել: Ցավոք, մեր որեւէ թատրոնում այսօրվա դժվարությունները հաղթահարելու գործնական ճանապարհը ցույց չի տրվում, իսկ գործնական ճանապարհն այս վիճակը ստեղծողի կերպարը ցույց տալն է, նրան խարանել ու հասարակությունից դուրս մղելու ճանապարհը մատնանշելը:

 

-Տարիքի հետ կա՛մ փորձում են Երկնայինին «մոտենալ», կա՛մ ավելի են հեռանում: Երկնայինից խռովա՞ծ եք, թե՞` ընդհակառակը:

-Երբ երիտասարդ տարիքում ժամանակը քեզ երես է տալիս ու դու քեզ լավ ես զգում, հետո, դժվարությունների վրա հասնելուն պես, չես կարողանում այդքան հեշտ մարսել եւ դրանք վերագրում ես վերեւում նստած մորուքավոր հայրիկին: Հավատը պետք է քո մեջ լինի, Աստված պետք է քո մեջ լինի: Այսքան երկար ապրելուց հետո հավատալ, որ վերեւում կա մեկը, ով տնօրինում է կյանքդ, իրատեսական չէ: Քո միջի Աստծուն մոտենալու համար դու պետք է շատ դառնություններ կրես, քանի որ դարպասը չեն բացում ու ասում` խնդրեմ, համեցեք, ահա եւ ձեր Աստվածը, գնա եւ հետը զրուցիր: Կյանքը մեզ այնպիսի գայթակղություններ է առաջարկում, որ չգիտես` որ մեկի հետեւից գնաս, եւ քիչ են նրանք, որոնք ոչ մի գայթակղության չեն տրվում, իրենք իրենց խղճի հետ են մնում: Դրա համար, նորից եմ ասում, պետք է արվեստը մարդուն օգնության հասնի: Գրականությունն իր գործն անում է, թեեւ թեւերի այն բացվածքը չունի, բայց մյուս արվեստներն ավելի շատ ընդօրինակում են լավ վիճակում գտնվողներին, եւ կորուստը մեծ է լինում: Կուզեի, որ մեր հասարակության մեջ մեծատուններն ավելի քիչ մտածեին իրենց բարեկեցության եւ ավելի շատ մտածեն շրջապատի բարեկեցության մասին, դրանից իրենք էլ կշահեն, հասարակությունն էլ: Մանթաշովներն են մեզ պակասում: Հարուստներ, մեծատուններ ունենք, Աստված նրանց մեկը տասը անի, բայց Մանթաշով չեն նրանք:

 

Կարինե Հարությունյան