Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը դարձավ 91 տարեկան: Ներկայացնում ենք yerkir.am-ի հետ Մանարյանի հարցազրույցներից մի փոքր հատված:
***
Կյանքն ինչքան երկար է տեւում, այնքան չարածներդ, որ պետք է արած լինեիր, ավելանում են: Իհարկե, կան բաներ, որոնց համար ափսոսում ես: Պետք չէ այդ մասին խոսել, մեկ է` այլեւս հետ չենք բերի: Արի իմ ունեցած ժամանակը տրամադրենք ինձնից հետո եկողներին, մանավանդ` իմ տարիքի մարդը ոչ թե իրենից անմիջապես եկողներին է նկատի ունենում, այլ նրանից հետո եկողին, թոռների, ծոռների հաշիվ կա, չէ՞, դու պետք է նրանց համար կարգին ճանապարհ հարթես: Իսկ կարգին ճանապարհ ասվածը շատ բարդ բան է, կարգին ճանապարհը ոչ միայն հայրենասիրությունն է, քանի որ հայրենասիրության մեջ պետք է պարտադիր ներառել նաեւ հարեւանասիրությունը. հո մենակ չե՞ս ապրում: Հարեւանին սիրելը բարդ բան է, բավարար չէ նրան ուղղակի հարգել, պետք է, նրա թերությունները տեսնելով, դիմակայել:
***
Մենք հաղթանակ տեսած ժողովուրդ ենք, իսկ նման ժողովուրդը պետք է նաեւ մեծահոգի լինի, չպետք է մանրանա: Դա շատ կարեւոր եւ դժվար բան է, այն, ինչ երբեմն մեզ այսօր չի հաջողվում: Մենք մեր դիմացինի խոտորումները, փոքրոգումները տեսնում ենք եւ ինքներս ակամա դառնում այդպիսին: Աստված մեզ էս հարեւաններին է տվել, եւ սա փոփոխման ենթակա չէ, մենք չենք կարող չուլ ու փալաս հավաքել ու գնալ ուրիշ տեղ:
***
Ձեռք ենք բերում ավելին, բայց քանի որ կորցրածը դառնություն է պահանջում, ձեռք բերածի քաղցրությունը հիմա չենք զգում, հետո կհասկանանք: Համբերել կարողանալը շատ դժվար է, սովորաբար այն արտահայտվում է արվեստի բնագավառում, քանի որ արվեստը հնարավորություն է ընձեռում ոչ միայն որոշակի ձեւով քո անելիքը տեսնել, այլեւ ամբողջականությունն ընկալել:
***
Հիմա հայրենասերը նախ իր խնդիրներն է կարգավորում, հետո նոր հայրենասիրություն առաջարկում մյուսներին: Այստեղ տուն-տեղ վաճառում է, գնում, հասնում արտասահման ու այնտեղից ինձ խրատ տալիս, թե` սա այսպես պետք է անել, այն` այնպես, հայրենասիրության ճառեր է կարդում մեր գլխին: Ինձ պետք չի դա, արի այստեղ, աշխատիր ինձ հետ: Մեր գրականությունն ու արվեստն այս հարցերով քիչ է զբաղվում: Հիմա քանի՞ Հրանտ Մաթևոսյան ունենք: Չունենք: Բայց պիտի լիներ, չէ՞, հասարակություն է, ապրում ենք, երկիր կառուցում, ո՞ւր է այդ երկիր կառուցողի կերպարը, անկեղծ ու ճիշտ կերպարը: Թող մեկն ասի` չարախոսում ես, ա’յ մարդ, այ, այսինչ կերպարն այսպես է, չկա այդ կերպարը, այդ հեղուկն իրար չի գալիս, չի ամրանում: