Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարտված լինելը ծանր բան է` պետք է Ադրբեջանը կարողանա դա մարսել, իսկ մենք չպետք է բավարարվենք միայն հաղթել ու հպարտ-հպարտ քայլելով. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում սահմանում տիրող իրավիճակին, նման կարծիք հայտնեց դերասան, սցենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանը:
Նրա կարծիքով` մենք կարծես թե հարցի մյուս կողմին ուշադրություն չենք դարձնում և մոռացել ենք, որ հավասար վիճակում գտնվող մրցակիցներ չենք` մենք հաղթողն ենք:
«Դիմացինը պարտվել է, իսկ պարտվածին պետք է հասկանալ` նա գլուխը կախ ընտանիք մտնելու ցանկություն չունի: Նրան մի ամբողջ դար հավատացրել են, որ դա իրենց հողն է, հիմա իրենց հարևանը եկել ու իրենց հողը վերցնում է` ի՞նչ պետք է անի, չի՞ կարող, չէ՞, գլխիկոր համակերպվել պարտվողի իր ճակատագրի հետ: Պետք է մի քիչ մեծահոգի լինել, այսինքն` նկատի ունեմ, որ եթե նրանք գոռոզամտություն կամ անշնորհքություն են անում` չպետք է հավասար պատասխան տալ, այլ ուրիշ ճանապարհով փորձենք նրանց հասկացնել, որ սա պատմության ընթացք է, մենք չարություն չենք ուզում անել իրենց նկատմամբ, պարզապես մենք մեր ունեցածն ենք հետ վերցրել` կարգն էդպես է»,-ասաց Մանարյանը:
Վարպետի հավաստմամբ` մենք պետք է հոգեբանորեն հասկացնենք դիմացինին, որ այդ տարածքը մերն է եղել, որ նրանք այդքան վեր-վեր չթռնեն, իրեն պատեպատ չխփեն: Մանարյանը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է համբերատար լինել, քանի որ մեկ օրում նման հարցերը չեն լուծվում` մեկ օրում հնարավոր է թշնամություն սերմանել, իսկ բարեկամությունն ու խաղաղությունը մեկ օրում ձեռք չեն բերում:
«Սա բարդ ընթացք է, բայց` պարտադիր: Սա հոգեբանական շատ բարդ անցում է, կարծում եմ` ավելի բարդ, քան` պատերազմը: Աստված մեզ տվել է այդ հարևանին և դա փոխել հնարավոր չէ: Եթե մենք պետք է հարևանություն անենք` կողմերից մեկը պետք է մեծահոգի լինի` մանավանդ, որ հաղթող կողմը մենք ենք: Սակայն սա չի նշանակում, որ իրենք պետք է կրակեն, իսկ մենք մեծահոգաբար ոչինչ չանենք. եթե կրակում ենք` մենք էլ պիտի անպայմանորեն պատասխանենք»,-ասաց Մանարյանը: