Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում շոշափելի արդյունքներ ունենալու համար դեռ տարիներ են հարկավոր:
«Ազգովին այդպես ենք` մի բան անում ենք, ուզում ենք անպայման դրա շոշափելի արդյունքը տեսնել, բայց պատմության ընթացք է, ոչինչ հեշտ չի տրվում: Մեկ դար առաջ ի՞նչ պետություն էինք, ոչ մի բան էլ չէինք, ոչ ոք մեզ բանի տեղ չէր դնում, հետո մի կերպ ընդհանուր անցուդարձի մեջ ընկանք ու արդեն ՄԱԿ-ի անդամ ենք: Էդպես է, էդպես իջնում ու բարձրանում ենք: Հիմա ամենակարևորը մեր հայրենիքին նվիրված սերունդ դաստիարակելն է: Չեմ ասի` մեզ մոտ վատ է դա արվում, բայց, ցավոք, մի հատված կա, որ կարծես թե բոլորովին իրեն չի վերաբերում այդ խնդիրը»,- ասաց Մանարյանը` հավելելով, որ նախորդ հասարակարգից, «երես պնդացնելով», զոհողություններով ստեղծել և մեր օրեր էինք հասցրել ինչ-ինչ բաներ, որոնք այժմ չկան:
Ըստ նրա` պետք չէ թուրքերին ընդառաջ գնալ, թող իրենք մտածեն` ինչ քայլ անեն, քանի որ մենք ունենք մեր դիրքը, մեր պատմությունը, կերտում ենք մեր երկիրը, կարողացել ենք Արցախին տեր կանգնել. «Եկեք` մենք մեզնով զբաղվենք: Թուրքից որևէ ակնկալիք չպետք է ունենանք, թող նա իր գլուխն առնի` իր վիճակի մասին մտածի: Լավ օրից չի, որ այդ տեսակ անշնորհքություն է անում, հիմա էլ ձեռքերը հասել է Քեսաբին: Ուժեղ մարդն այդ տեսակ բան չի անում, թույլ մարդու կեցվածք է դա: Մի մարդ, որ անընդհատ վախ կա սրտում, անպայման մի անշնորհքություն անում է: Քեսաբը դրա հետևանքն է»:
Մանարյանի կարծիքով` մեր պատմության ընթացքում, դժբախտաբար, այնքան դառնություն ենք տեսել, որ մեզ թվում է, թե, դառնությունից բացի, ոչինչ այլևս մեզ չի կարող պատմությունը մատուցել: Նա վստահ է` այսպես չի մնա: «Մենք երկիր ունենք, մյուսներին հավասար ենք, մի բան հաջողեցնում ենք, 2-3-ը` չէ, բայց սա պատմության ընթացք է, որն անցնել է պետք: Պետք է չհուսահատվել, եթե պատմությունը սև գիծ է գծում»,- ասում է Մանարյանը: