կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 17:51
Հասարակություն

Դու երևի շա՞տ ես հավատում, հա՞, որ ՍԴ-ն կարող է արդար որոշում կայացնել. Երվանդ Մանարյան

Դու երևի շա՞տ ես հավատում, հա՞, որ ՍԴ-ն կարող է արդար որոշում կայացնել. Երվանդ Մանարյան

ՍԴ-ի հետ մեծ հույսեր պետք չի կապել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը` անդրադառնալով այն փաստին, որ այսօր ՍԴ-ն քննում է պարտադիր կուտակայինի մասին օրենքի սահմանադրականությունը:

 

Մանարյանի կարծիքով` մենք դեռ շատ պետք է խարդախությունների, կեղտերի, գարշանքի միջով անցնենք` եկող սերունդներին մի կարգին բան թողնելու համար:

 

«Ի՞նչ իմանաս, նրանք, այնտեղ նստած, ի՞նչ են դատում, ի՞նչ են ուզում ստանալ: Դու երևի շա՞տ ես հավատում, հա՞, որ կարող է արդար որոշում լինել: Չի՛ կարող, աղջի'կս, այդպիսի բան չի կարող լինել, մենք նոր զարգացող հասարակություն ենք, և այնպես չէ, որ ինչ-որ մեկի խելքով մի արդար բան անցավ, մեջտեղ դնի, ու բոլորն էլ ասեն` վայ, էս ինչ լավ բան է, ընդունվի-գնա: Շատ բան մի ակնկալեք»,- ասաց Մանարյանը:

 

Նրա կարծիքով` ամբողջ անցուդարձի միակ կարևոր հետևանքն այն է, որ հասարակությունը ձևավորվում է, հասկանում, որ պետք է դուրս գա փողոց` իր իրավունքները պաշտպանելու, քանի որ, դերասանի հավաստմամբ, մենք գալիս ենք մի հասարակությունից, որտեղ մեզ ասում էին` ոչնչի մի խառնվեք, գնացեք ձեր գործն արեք, կուսակցությունը ձեզ կպաշտպանի: Իսկ հիմա, Մանարյանի կարծիքով, փոխվել է ամեն ինչ, և մենք պետք է աստիճանաբար սովորենք այս վիճակին:

 

«Մենք ենք մեր գործն անելու: Այն, որ դուրս են գալիս փողոց և բողոքում, դա է մեր ձեռքբերումը, ոչ թե ՍԴ-ի որոշումը: Ոչ թե պետք է համակերպվել, այլ պետք է չսպասել, որ, մի անգամ փողոց դուրս գալով, արդյունքի կհասնենք: Այդպես չէ, հասարակությունը պիտի դառնա պայքարող, ընտրի այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան իրենց գործն անել, իսկ մենք ընտրեցինք երևի թե վատթարագույններին: Ոչինչ, ջ'անս, ոչինչ, մյուս անգամ ավելի լավ ընտրություն կանենք»,- ասաց Մանարյանը: