կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-29 11:50
Առանց Կատեգորիա

Սոս Սարգսյան. "Ոտնամաններս"

Սոս Սարգսյան. "Ոտնամաններս"

Ներկայացնում ենք մի հատված Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» գրքից:

***

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա. ուտելիքի, հագնելիքի... տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ է թափվում, թե իմ անձնական թշնամին է' դաժան ու անխիղճ: Ուզում է ինձ աշխարքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ...

Կռիվս մորս հետ, որ մի անգամ եմ արել, բայց եւ այնպես, իմ կողմից ստորություն էր նրան երեսով տալը, թե.«Պապան չասա՞ց, որ էրեխեքի ոտները չոր կպահես»:

Մայրս մեղավորի պես գլուխսը կախեց, լուռ մնաց: Ասենք, ինքը ոչ էդքան փող ուներ /ո՞ր մեկի համար/, ոչ էլ խանութներում կոշիկ կար: Չգիտեմ, գուցե եւ կար, բայց մե՞զ ինչ...

Դեհ, գնա դպրոց: Մայրիկիս գործած գուլպաները' տաք ու փափուկ, հագնում էի, վրայից թերթ-մերթով փաթաթում: Միամիտ տղա, մինչ դուրս գնալս երանություն էր, հետո՜...

Հետո հագնում էի ներբանները ճեղք տված ոտնամաններս: «Վազիր, այ տղա»,-ասում էի ինքս ինձ ու խելագարի պես վազում, համա թե ո՞նց կփախչես, ո՞ւր, էս ցեխից, անձրեւից, ջրափոսերից... Է-է-էհ-հ...

Դպրոց չհասած, արդեն ոտներս ջրի մեջ ճպճպում էին: Դասարանում մարմնովս մեկ կպչում եմ բարձրաբոյ, սեւ ներկած թիթեղյա վառարանին' մեջքս չորացնում: Իսկ ոտնե՞րս... Հո չե՞մ կարող դասարանի առաջ բոբկանալ, թե ինչ է, ոտներս տաքացնում եմ: Մինչեւ դասերի վերջը մի քիչ ցամաքում էին, էն էլ իմ մարմնի, այսինքն' խեղճ ոտներիս հաշվին:

Ում ոտքերը երբեւէ էդպես թաց են եղել, կարող է պատկերացնել, թե դա ինչ նողկալի տանջանք է: Բայց դեհ, չէ, էդ տեսակ մարդ դժվար գտնվի հիմա եւ. Փառք Աստծո:

Ու մի օր, մի անձրեւոտ ու անպետք մի օր, կայծակի պես միտքս փայլատակում է, փայլատակելն ո՞րն է' ճայթում է:

Վարժուհուց թույլտվություն չվերցնելով, թռա տեղիցս ու պուկ' դեպի տուն:

Մի շնչով հասա, «շիֆոնյերկայի» դռները տեղահան անելով բացեցի եւ... շորերը կան, կոշիկները' ոչ:

-Մա-մա-ա՜,-լեղապատառ ճչում եմ,-ո՞ւր են հորս կոշիկները:

-Ինչի՞դ են պետք,-հարեւան սենյակից հարցնում է մայրս:

-Պետք են, էն էլ ո՜նց են պետք:

-Էդտեղ են, վերին թարեքին դրած:

Մերս կողքիս է արդեն, նայում է, թե ինչպես եմ փոխում թաց գուլպաներս, ինչպես եմ հագնում հորս, դեռ շատ չմաշված կոշիկները:

-Այ տղա, բա հերս որ գա, ի՞նչ է հագնելու, համ էլ մեծ են ոտներիդ:

-Տո մեծ ու փոքր ո՞վ է հարցնում, այ մեր:

Իհարկե, մուշտարու աչքով զննեցի մորս ուղարկած էդ գանձը: Ներբանները մի քիչ բարակել էին, կրունկները մի կողմի վրա մաշված... «Էս ո՞նց ես քայլում, հայրիկ, էսպես կրունկ կմաշե՞ն»,-նախատինքով մտածեցի ես:

Ինչեւէ, կարեւորը ծակ ու ծուկ չկար:

Հրա՜շք, հրա՜շք, հրաշքություն...

Մի քանի ամիս հորս կոշիկներն ինձ հարազատի պես ծառայեցին.«Պապա ջան, պապա ջան: Ոտքերս չոր եմ պահում, իմաց կաց: Քու ոտնամանները...»:

Էդպես...

Հետո սկսվեց... սկզբից պոկ ընկավ աջ ոտքիս կոշկատակը, հետո ձախն ու աշնանը, երբ դարձյալ սկսվեցին անձրեւները...

Գնացի Աղաբեկ պապի մոտ: Մեր, էսպես ասած, կոշիկ նորոգողը, այսինքն' «փինաչին»: Փորը անճոռնի դուրս ցցած, կարծես ձմերուկ էր կուլ տվել, ցածրիկ-մածրիկ ծերուկ, զարմանալի հաստ բեղերով ու երբ ծամում էր անատամ, մաշված լնդերով, բեղերը վեր ու վար պարում էին: Թարսի պես ճաշի ժամին էի հասել: Ալյումինի փոքրիկ պնձից տրորած կարտոփ էր ուտում, հացի փափուկը մեջը բրդած: Նայում եմ նրա բեղերին ու փռթկում: Պապին զարմացած հայացք է նետում: Ձեւացնում եմ, թե հազացի, բայց ծիծաղից խեղդվում եմ: Անլուրջ տղա, թիթիզ:

-Ի՞նչ կա,-հարցնում է քթախոս պապը' ծամելու արանքում:

-Ոտ-նն-աա-մմ-աա-նն-երս,-այծի պես մկկում եմ:

-Տուր տենամ:

Տվեցի, նայեց, զննեց չորս կողմից:

-Սրանք իրենց դարն ապրել են: Ոչ կմեխվի, որ մեխես, ոչ էլ կկարվի, որ կարես:

-Աղաբեկ պապի,-մլավեցի ես անտեր կատվի պես:

-Դեն գցի, ասացի, վե՛րջ:

Գլխիկոր հեռացա նեղ ու կիսամութ նրա խցիկից ու հանկարծ, երեւի սրտնեղությունից, արցունքներ եկան աչքերիս ու մի քիչ լաց եղա, անձայն, իհարկե...

Չէ, չէ, ոտներիս դարդից չէ, հենց էնպես, իմ հավեսի համար:

Գիտե՞ք, մեկ-մեկ լաց լինելը, մանավանդ, երբ վկա չկա, քաղցր բան է, փորձեք...

Հավեսի համար:

-Աչքերդ ինչո՞ւ են կարմրել,-հարցրեց անհանգստացած մայրս:

-Հեչ,-ասացի,-անձրեւ է:

Հիմա գալիս է իմ եւ դասարանցիներիս համար մեծ տոնի պես մի ուրախություն, հրճվանք, զվարճանք... Անսպասելի, հաճելի, անծանոթ, չտեսած ու չիմացած, չլսած... ու աներեւակայելի... Մի ստվար խումբ նոր աշակերտներ Մոսկվայից, Խարկովից, Լենինգրադից: Էվակուացված:

Երկնային հրեշտակներ, մեկը մյուսից սիրուն, ախորժելի, գրավիչ, հմայիչ, համարյա արդեն օրիորդներ /ասել ասողի' ռսի կանանցից ավելի սիրունը կա՞ աշխարհում/ ու էնքան արդեն ձեւավորված, եւ էնքան առաջամիտ, խելացու ու կրթված:

Շշմեցինք, մի տեսակ խեղճացանք, բայց սրանք էնքան բարեհամբույր էին, պարզ, հաղորդասեր, մարդամոտ, որ մի շաբաթ չանցած' արդեն ջերմ ընկերներ էինք:

Դասարանի մթնոլորտը փոխվեց, նոր երանգներ ստացավ: Սոված, որձ շների նման, տեղացի տղաներն սկսեցին հոտոտել դրանց: Մեջները տղաները քիչ էին, եղածներն էլ մի առանձնապես տեսք չունեին: Մերոնք բարձրահասակ, հմայիչ, պինդ, լոռեցի ջահելներ էին: Սիրո հրեշտակը նստարանից նստարան թեւածում էր մեր դասարանում:

Ու դրանց մեջ ամենավատ հագնվածը ես եմ, ու էդ' դեռ ոչինչ, էդ դեռ քիչ է ինձ, թարսի պես էլի բոբիկ եմ մնացել: Քոսոտ շան տղա, անհաջողակ ծնունդ:

Տղաները ի՜նչ հնարքի ասես դիմում էին' դրանց գրավելու համար, ի՜նչ սիրախաղեր էին: Ես կուչ ու հուփ եկած, իմ տեղում համեստորեն լռում եմ:

Հերն անիծած էս տեսակ կյանքի, բա լաց չլինես, ի՞նչ անես: Հը՞: Էս տեսքով ո՞նց մտնեմ, ո՞նց երեւամ Լենինգրադից եկած, ամենա-ամենա, ի՞նչը, հրաշքը... Աչքս չեմ կարողանում կտրել դրանից, իսկ խեղճ սիրտս, էրված ու խորովված, կրակ տված, անհանգիստ դմփդմփում է կրծքիս տակ... վիրավորված... Էն տեսել եք, չէ՞, նետը սրտի մեջ խրված...

Սեր: Էս ի՞նչ բան է, այ տղա, էս որտեղի՞ց պոռթկաց ու մտավ մեջդ... Մինչեւ Ռիտայի գալտ ո՞վ էր տեսել... Ով հիշում է իր առաջին սերը, ինձ կհասկանա:

Բարակ երկաբալար ճարեցի, կոշիկիս /ասենք կոշիկ/ ներբանները կապեցի ոտնաթաթերիս: Չափազանց տգեղ, այլանդակ բան ստացվեց ու կարեւորը' անօգուտ, որովհետեւ...

Որովհետեւ առավոտյան էլի անձրեւ է մաղում ու էլի ոտներս թացացան:

Երկաթալարերի' իրար փաթաթված ծայրերը շատ անճոռնի ցցված են վերեւ, բայց դե, ի՞նչ անեմ, ճար չունեմ, դեղ ու դարման անող չունեմ, հայրս բանակում, մերս էլ' խեղճ ու կրակ մերս, հերոսաբար քաշում է իր ծանր բեռը:


Պատրաստեց` yerkir.am-ը: